Սուպերվարչապետական մոդել չկա. դա բարբաջանք է. ձեր ֆանտազիաները Սահմանադրության վրա մի գցեք. Գրիգոր Մուրադյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական, «Արդարություն՝ իրավունքի միջոցով» իրավախորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Գրիգոր Մուրադյանը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով Սահմանադրության չարչրկված թեմային, ասաց.
«Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ հանրապետության նախագահ՝ կիսանախագահական կամ նախագահական կառավարման համակարգում, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս էր կառավարելու։ Մի՞թե այլ կերպ, քան հիմա է անում։ Ակնհայտ է, չէ՞, որ նա մեծամասնություն էր ունենալու նաև խորհրդարանում։
Ո՞րն է կիսանախագահական կառավարման ձևի առանձնահատկությունը. եթե նախագահը խորհրդարանում ունենում է սեփական մեծամասնությունը (փոքր-ինչ պարզեցված ձևակերպմամբ), նա ստանում է գերհզոր, գերնախագահական լիազորություններ և գործնականում չի վերահսկվում խորհրդարանի կողմից։ Այսինքն՝ ստեղծվելու էր լիակատար ամենաթողության միջավայր։
Բավական է ուղիղ նայել Ֆրանսիայի ներկայիս պրակտիկային, որտեղ գործող նախագահը, նույնիսկ խորհրդարանական մեծամասնություն չունենալով, միևնույն է՝ փորձում է գերիշխել օրենսդիր մարմնի նկատմամբ։ Այդպիսին է կիսանախագահական համակարգը։ Իսկ եթե նախագահն ունի այդ մեծամասնությունը, ապա նրա ճանապարհին որևէ խոչընդոտ չի լինում։ Սա՝ ի տարբերություն լիարժեք նախագահական համակարգի, որտեղ խորհրդարանը հստակ վերահսկողություն ունի կառավարության նկատմամբ, որի ղեկավարն անձամբ հանրապետության նախագահն է»:

Նա նաև հավելեց՝ մենք ունենալու էինք զուտ տեխնիկական մի վարչապետ, որին իբրև թե պետք է վերահսկեր խորհրդարանը, մինչդեռ իրական որոշումներ կայացնող նախագահը դուրս էր մնալու այդ վերահսկողությունից։ Սա էր մեր նախկին պրակտիկան, և հենց դրա համար էլ մենք հրաժարվեցինք այդ համակարգից։ Փոխարենը՝ փորձեցինք ներդնել գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ լիակատար խորհրդարանական վերահսկողության մոդելը։
«Սրանից դժգոհում են ինչ-ինչ, այսպես կոչված, ընդդիմադիրներ, և ես նրանց տալիս եմ հետևյալ հարցերը.
Առաջին՝ եթե Փաշինյանը լիներ հանրապետության նախագահ՝ կիսանախագահական համակարգի շրջանակներում, դուք ի՞նչ էիք անելու։
Եթե մտածում եք, որ դուք էիք լինելու իշխանության ղեկին՝ ստանձնելով վարչապետի պաշտոնն ու ստանալով խորհրդարանական մեծամասնություն, արդյո՞ք չեք կարծում, որ նախագահական ընտրությունները պարզապես կկեղծվեին»,- ասաց Սահմանադրական դատարանի նախագահի նախկին խորհրդականը:
Նա նաև կոչ ուղղեց գործող Սահմանադրությունից դժգոհող ընդդիմադիրներին:
«Հարգելի ընդդիմադիրներ, հերթական կամ արտահերթ ընտրություններում ստացե՛ք սահմանադրական մեծամասնություն, մշակե՛ք Սահմանադրության փոփոխության ձեր հայեցակարգը, փոխե՛ք Սահմանադրությունը, եթե, իհարկե, դրա համար կստանաք համապատասխան քվեներ։
Բայց այսօր դուք երկրորդում եք իշխող ուժին՝ թեկուզև այլ պատճառաբանությամբ։ Ընդ որում, երբեմն բացարձակ մտացածին ու նույնիսկ անհեթեթ հիմնավորումներով եք ձայնակցում նրանց ու դառնում Սահմանադրությունը փոխելու ջատագովը՝ փորձելով ապալեգիտիմացնել մեր Մայր օրենքը, ճիշտ այնպես, ինչպես անում է իշխող ուժը։ Դուք պարզապես կրկնում եք նրանց քայլերը, և այստեղ ձեր շարժառիթները բացարձակապես կապ չունեն։ Եթե կիսանախագահական համակարգի անցնելու խնդիրը ձեզ համար այդքան առանցքային նշանակություն ունի, ուրեմն միացե՛ք իշխանությանն ու միասին փոխեք Սահմանադրությունը։
Այդ «սուպերվարչապետական» մոդելի վերաբերյալ խոսակցություններն իրականում բարբաջանքներ են և չեն համապատասխանում իրականությանը։ Սուպերվարչապետական մոդել գոյություն չունի, կա հակասահմանադրական կառավարում։ Այո՛, նա ինքն է իրեն դարձրել սուպերվարչապետ։ Բայց դա չի նշանակում, որ կառավարման մոդելն է այդպիսին։ Բա ինչո՞ւ եք խոսում այն մասին, որ նա հակաօրինական օրենքներ է ընդունում կամ ոտնահարում է Սահմանադրությունը։ Չէ՞ որ Մայր օրենքում գրված չէ այն ամենը, ինչ նա հիմա անում է։ Խնդիրը հենց սրանում է։
Թույլ տվեք նման բարբաջանքներ ներկայացնողներին մի քանի հարց ուղղել. եթե մենք ունենայինք լեգիտիմ Սահմանադրական դատարան, ինչպիսի՞ն կլիներ իրերի դասավորվածությունը մեր երկրում։
Նկատի ունեմ այնպիսի Սահմանադրական դատարան, որը երաշխավորված է այս Սահմանադրությամբ։ Իհարկե, նախորդ կազմով գործող Սահմանադրական դատարանը լեգիտիմ էր, բայց եթե պահպանվեր հատկապես այս Սահմանադրության ուժով ձևավորված և իրապես լիակատար անկախություն ստացած Սահմանադրական դատարանը, արդյո՞ք այս իշխանությունները կկարողանային ապօրինությունների միջոցով գերիշխանություն հաստատել, կամ, ինչպես դուք եք ասում, բռնապետություն կառուցել։ Իհա՛րկե ոչ։
Այդ դեպքում ինչի՞ց եք դժգոհում։ Չէ՞ որ այս ինստիտուտները ձևավորվել են հենց Սահմանադրության կոպտագույն խախտումների արդյունքում»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Նրա խոսքով՝ եթե մենք ունենայինք ոչ թե բուտաֆորիկ, այլ իրական Հանրապետության նախագահ, որն օգտվում էր Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից ու իրականացնում իր համախմբող գործառույթը, նա շատ բան կարող էր փոխել։
«Ուստի, եթե դեմ եք կառավարման այս մոդելին, խոսե՛ք առարկայական, այլ ոչ թե ձեր երևակայական պատկերացումները վերագրեք Սահմանադրությանը»,- եզրափակեց Գրիգոր Մուրադյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

