Թրամփի վերջնագրերը, Իրանի պատասխանները և TRIPP-ի շուրջ նոր անորոշությունները

Մերձավոր Արևելքում իրավիճակը թևակոխել է սրացման վտանգավոր փուլ, որտեղ անցած օրերի իրադարձությունները սպառնում են վերջնականապես տապալել հունիսի 17-ին ձեռք բերված դիվանագիտական պայմանավորվածությունները։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ծավալվող ռազմական բախումները՝ արտահայտված սահմանափակ, բայց ցավոտ հարվածների շղթայով, վկայում են, որ կողմերի միջև ձևավորված «փխրուն ստատուս-քվոն» չի դիմակայում տարածաշրջանային մարտահրավերներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է հարվածել իրանական ենթակառուցվածքներին, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ չբանակցի։

«Էներգետիկ թիրախները կթողնեմ վերջում, բայց ի վերջո կհարվածենք էներգետիկ ենթակառուցվածքներին»,- Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ մյուս շաբաթ շատ վատ կլինի նրանց համար, որովհետև մյուս շաբաթ էլեկտրակայանների հերթն է, իսկ հաջորդ շաբաթ կամուրջների հերթն է։ ԱՄՆ նախագահը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, «եթե սեղանի շուրջ չնստեն և չբանակցեն»։

Թրամփի ցուցումով Միացյալ Նահանգները վերականգնել է իրանական նավահանգիստների շրջափակումը և հինգերորդ գիշերն անընդմեջ ավիահարվածներ է հասցրել երկրի տարածքին։

Կարդացեք նաև

Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ հարվածներ են հասցվել նավահանգստային Բանդար Աբբաս քաղաքին, ինչպես նաև հարավ-արևմտյան Հովեյզե և հարավային Սիրիկ քաղաքներին։ «Մերձավոր Արևելքում այժմ ԱՄՆ ռազմածովային ուժերի ավելի քան 20 ռազմանավ և հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ են գործում»,- տեղեկացրել են ամերիկյան բանակի կենտրոնական հրամանատարությունից։

Կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ Իրանին յոթ ժամ տևած հարվածներն ամփոփվել են՝ իրանական ռազմական տասնյակ թիրախների և առափնյա օբյեկտների դեմ կործանիչներ, անօդաչուներ և ռազմանավեր են կիրառվել։

Զուգահեռաբար՝ Իրանի թիրախում կրկին տարածաշրջանի ԱՄՆ դաշնակիցներն են եղել, իսկ ԻՀՊԿ-ն հայտարարում է՝ նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարագործությունների ավարտը»։

Իրանի պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ իրանական զինուժը հայտարարել է, որ երկրորդ անգամ թիրախավորել է հորդանանյան «Ազրաք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան օբյեկտները։

Հորդանանից հաղորդել են երկրի տարածք ներխուժած իրանական երեք բալիստիկ հրթիռ խոցելու մասին։ Քուվեյթի բանակն, իր հերթին, հայտարարել է, որ փորձում է հետ մղել իրանական անօդաչուները։ Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտները ևս թիրախավորվել են, օդային տագնապ է հայտարարվել։ Թեհրանից հայտարարում են, թե կլիազորեն նեղուցով երթևեկությունը, «երբ վերականգնվեն կայունությունն ու հանդարտությունը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 10-ին հայտարարել էր, թե ԱՄՆ-ը համաձայնել է բանակցություններ վարել Իրանի հետ, այն բանից հետո, երբ Թեհրանը խնդրել է շարունակել բանակցությունները: Թրամփը հավելել էր, որ երկու երկրների միջև հրադադարն «ավարտվել է»։ «Իրանը մեզ խնդրել է շարունակել «բանակցությունները»։ Մենք համաձայնել ենք դա անել, բայց Միացյալ Նահանգները հստակորեն հայտարարել է, որ հրադադարն ավարտվել է»,- իր Truth Social հարթակում գրել է նախագահ Թրամփը:

Իսկ դրանից էլ ավելի վաղ հայտարարել էր, որ այլևս Թեհրանի հետ բանակցությունները շարունակելու իմաստ չի տեսնում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև սկիզբ առած փոխհրաձգություններից հետո։ Իրանական իշխանություններին որակելով «նենգ» ու «խելագար»՝ ԱՄՆ նախագահը պնդել էր, թե Թեհրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս ավարտվել է։

Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում հասել է աշխարհաքաղաքական այնպիսի հանգրվանի, որտեղ դիվանագիտական և ռազմական գործիքակազմի սահմանները դարձել են վտանգավոր անորոշ, իսկ հակամարտության դինամիկան դուրս է եկել կառավարելիության շրջանակներից։

Ըստ նրա, կողմերն, ունենալով միմյանց հանդեպ վստահության ցածր մակարդակ, հասկանալով միմյանց մտադրությունները, փորձում են նվազագույն կորուստներով պահպանել դիրքային առավելությունը։

Եվսեևի գնահատմամբ, այս փակուղում, որտեղ յուրաքանչյուր նոր հարված հավասարազոր է հաջորդ ավելի մասշտաբային էսկալացիայի, որևէ տեսանելի ելք, կայուն կարգավորում չի նշմարվում, քանի որ վստահության ճգնաժամը և սեփական օրակարգերի բնույթը հնարավորություն չեն տալիս դուրս գալ փոխադարձ սպառնալիքների ուժգնացող շրջապտույտից։

Նա գտնում է, որ էսկալացիոն այս շղթան, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր իներցիան այնքան ժամանակ, մինչև կողմերից մեկը չբախվի ներքին սոցիալ-տնտեսական կամ ռազմավարական այնպիսի իրավիճակի, որը կպարտադրի ռազմական գործողությունների դադարեցում։

«Ներկայումս ոչ Վաշինգտոնը, ոչ էլ Թեհրանը պատրաստ չեն սեփական հեղինակության հաշվին նահանջի, ինչը նշանակում է, որ առաջիկա շաբաթներին մենք ականատես կլինենք նույնանման վիճակի, որտեղ հարվածների ինտենսիվությունը տատանվելու է՝ կախված տեղային մարտավարական հաջողություններից, իսկ հակամարտության իրական դադարը կախված կլինի ոչ թե միջնորդների ջանքերից, այլ կողմերի որոշումներից։ Գուցե ԱՄՆ-ում նախընտրական իրավիճակը ևս անդրադառնա իրավիճակի դինամիկայի վրա, անդրադառնալով թե Թեհրանի, թե Վաշինգտոնի կայացրած որոշումների վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եվսեևը։

Ուշագրավն այն է, որ այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի կառավարությունը հավանություն է տալու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքին։

Կառավարության հավանությունից հետո այն քննարկվելու է Սահմանադրական դատարանում՝ համաձայնագրի սահմանադրականությունը որոշելու նպատակով, ապա՝ ներկայացվելու է խորհրդարանի վավերացմանը։

Հիշեցնենք, որ TRIPP-ի այս համաձայնագիրը նախաստորագրվել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում, իսկ վերջնական ստորագրումը կայացել էր հունիսի 4-ին։

Հայկական կողմը շահագրգիռ քայլեր է ձեռնարկում նախագիծը հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ, սակայն ՀՀ անմիջապես հարևանությամբ աշխարհաքաղաքական, ռազմական իրավիճակն ԱՄՆ-ի մասնակցությամբ չի հանդարտվում, ուղիղ կերպով անդրադառնալով նաև ԹՐԻՓՓ-ի իրագործման տեմպերի, ինչպես նաև ԱՄՆ-ի որոշումների վրա։ Ուստի հարևանությամբ շարունակվող ռազմաքաղաքական էսկալացիան խորացնում է անորոշությունները ԹՐԻՓՓ ծրագրի իրագործման հարցի շուրջ։

Ի դեպ, բրիտանական The Guardian-ը գրել է, որ Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլովը։ «Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները»,- գրել է հեղինակավոր պարբերականը՝ հավելելով՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։

Պարբերականը հիշեցրել է՝ Սոկոլովը մեկն է այն 36 նվիրատուներից, որ ֆինանսական միջոցներ են հատկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային շքեղ դահլիճի նորոգման համար։ Այս նախագիծը գնահատվում է 350 մլն դոլար։ Կոնստանտին Սոկոլովի նվիրատվության չափը հայտնի չէ, վերջինս մերժել է The Guardian-ի հարցազրույցի խնդրանքը։

Նշենք նաև՝ Սոկոլովը Հայաստանում հայտնի է որպես հայաստանյան կապի խոշոր օպերատորներից «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր։ «Վիվա Արմենիա»-ն վերջերս ձեռք էր բերել նաև մեկ այլ օպերատորի՝ «ՌոսՏելեկոմ»-ի բաժնետոմսերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031