«Հանցավոր անգործություն է, այդ ծառը բացթողում էր, և մահը մնալու է պատասխանատուների խղճին». Քրիստինա Վարդանյան

Հունիսի 11-ին Երևանում ողբերգական դեպք էր տեղի ունեցել։ Ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը պոկվել և ընկել էր այդ պահին ընթացող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի և մոպեդի վրա, ինչի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել էր։

Ինչպես ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էր փոխանցել՝ մոպեդավարն օտարերկրացի է եղել։

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ այդ սարսափելի դեպքի պատասխանատուն ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանն է, մասնավորապես՝ «Կանաչապատում շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

«Ինչպես դեպքի վայրից լրագրողը նշեց, այդ ծառի համար մի քանի անգամ դիմել են ՀՈԱԿ-ին, այնտեղից եկել են, բայց քաղաքացիներն իբր խոչընդոտել են, որպեսզի ծառը հեռացնեն։ Ոզում եմ հասկանալ՝ ովքե՞ր կարող էին այդ տարածքում, որտեղ առհասարակ որևէ շինություն չկա, այդ թվում՝ մարդիկ, խոչընդոտել քաղաքապետարանի աշխատանքին։

Կարդացեք նաև

Երբ Թումանյան և այլ փողոցներում տեղի էր ունենում առողջ ծառերի զանգվածային հատումներ, և այդ գործընթացը փորձում էին կանխել բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ ավագանու անդամները, այդ մարդկանց ուղղակի տեղափոխեցին ոստիկանություն՝ որպես գործողություններին «խոչընդոտողներ»։

Այդ ժամանակ ավագանու անդամները մինչև գիշեր մնացին ոստիկանության բաժնում։ Հիմա ինչպե՞ս պատահեց, որ փողոցում այդքան մարդ չկար, ավագանու անդամներ՝ ևս, հանկարծ ծառը հեռացնելու աշխատանքը խոչընդոտվեց»,- 168.am հետ զրույցում ասաց Քրիստինա Վարդանյանը։

Ըստ նրա, հասկանալի էր, որ ծառը, որը վաղուց չորացած բարդու ծառ էր, մի օր մեկի վրա ընկնելու էր և, մեծ հավանականությամբ, այդ հատվածում առաջացնելու էր դժբախտ պատահար։ Բայց դրան պատասխանատուներն ուշադրություն չեն դարձրել, և ծառը մնացել է իր տեղում։

«Եթե հավատանք այս ամենին, ապա ստացվում է հանցավոր անգործություն, այն էլ՝ ոչ մեկ անգամ, այլ բազմանգամ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հասկանալի է նաև, որ այդ ծառը նոր չէր չորացել, քանի որ ընկնելիս փշրվել է հազարավոր կտորների, ավելին՝ ծառն ամբողջությամբ կեղևազրկված էր։ Նա շեշտում է՝ եթե նույնիսկ ծառը լիներ կենդանի վիճակում, բայց լիներ վթարային, ահազանգ ստանալուն պես, այն անմիջապես պետք է հեռացվեր։

«Աշտարակի խճուղու վրա, ՀՈԱԿ-ը ոռոգման ցանց անցկացնելուն զուգահեռ՝ նոր ծառեր է տնկել, դրա համար էլ չէր կարող պատահել, որ այդ ծառը տեսած չլիներ։ Կրկնում եմ՝ վթարային ծառերի պարագայում քայլերն արագ են ձեռնարկվում, որպեսզի այն հեռացվի։ Եթե մեկ օրվա ընթացքում վթարային ծառը հայտնաբերեն, անմիջապես ծառահատման տոմսը պետք է կազմեն և հրատապ ձևով հեռացնեն։ Իսկ առհասարակ, եթե ծառը հեռացման ենթակա է, ապա այն մեթոդաբանությամբ, որը մեր ձեռքի տակ կա, կազմվում է ծառահատման տոմս, նաև իրազեկման փաստաթուղթ է փակցվում հենց ծառին։

Այդ ամենն արվում է 2 շաբաթ շուտ, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան տեղեկանալու այդ մասին։ 2 շաբաթ անց մասնագետները գնում են (եթե խոսքը վթարային ծառի մասին չէ), ապա այն հատում են։ Հատելուց անմիջապես հետո բոլոր թղթերն ուղարկում են բնապահպանական վարչություն, հիմա հասկանալի էլ չէ՝ այդ վարչության ֆունկցիան ո՞րն է, որովհետև ամենամեծ աշխատանքը հենց կանաչապատման ոլորտն է, չեն վերահսկում ծառերի հատումը»,- շեշտեց բնապահպանը։

Հարցին, թե մայրաքաղաքում նման վթարային ծառերը շա՞տ են, Քրիստինա Վարդանյանը պատասխանեց՝ ցավոք, այո։ Նրա կարծիքով՝ քաղաքը չոր ծառերից մաքրելը շատ հրատապ քայլ պետք է լինի։

«Այս առումով չկա առաջնահերթություն, հատկապես բարդու ծառերի հետ կապված մեթոդաբանությունն այլ պետք է լինի, որովհետև թեղին ավելի կարծր փայտանյութ է, բարդին շատ վտանգավոր է, և գործողությունները շատ արագ պետք է արվեն։ Այս ծառը բացթողում էր, և այդ մահը մնալու է պատասխանատուների խղճին»,- ընդգծեց Քրիստինա Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031