«Չեմ թողնելու հանգիստ ապրեն. մարդու կյանք են խլել ու գնան տուն հանգիստ նստե՞ն… Հասարակ գործչին մեկ արտահայտության համար կալանավորում են, տնային կալանք չեն տալիս». Աիդա Գրիգորյան

Նախորդ տարի ապրիլին Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված, այնուհետև օրեր անց հիվանդանոցում մահացած 22-ամյա Պարգև Հակոբյանի գործով դատական հաջորդ նիստը  նախատեսված է օգոստոսին. վկաների հարցաքննության փուլն է։

Պարգև Հակոբյանի մոր՝ Աիդա Գրիգորյանի խոսքով՝ վկաների հարցաքննության ընթացքում հարցաքննվել է նաև ինքը, Պարգևի ընկերը, ով այդ օրը նրա հետ է եղել, նաև տղայի տատիկը։

Աիդա Գրիգորյանը համոզված է՝ տղային, ով այդ օրն իր որդու հետ է եղել՝ վախեցրել են, հստակ ասել են, թե ինչ ասի, քանի որ իր ցուցմունքներում շատ զգուշավոր է, կցկտուր։

«Սկզբում բոլորովին ուրիշ բան էր ասել, հիմա հերքում է, շատ հստակ, կարճ պատասխաններ է տալիս, թե չի տեսել՝ ովքեր են Պարգևին ծեծողները, նրանց չի հիշում, ասում է, որ քիթը նոր էր վիրահատել, ու այդ ժամանակ քիթն է պահել, որ հարվածները քթին չհասնեն։ Նույնն էլ՝ տղայի տատիկը։ Մինչդեռ հրապարակված տեսանյութերից մեկով նույն տատիկն այլ բան էր ասել, իսկ հիմա պնդում է, թե ոչինչ չգիտի ու չի տեսել։

Կարդացեք նաև

Անորոշ վիճակում ենք, գլխի եմ ընկնում՝ ինչի են գնում, ուզում են այնպես անեն, որ ամբողջ մեղքը բարդեն մի եղբոր վրա, մյուս եղբորն ազատ արձակեն։ Սարսափում եմ մտածել, թե ինչ կարող է լինել հետո»,- 168.am հետ զրույցում ասաց Աիդա Գրիգորյանը։

Ըստ մեր զրուցակցի, մեղադրյալների աթոռին հայտնված երկու եղբայրների փաստաբանը գրեթե բոլոր դատական նիստերին միջնորդում է, որպեսզի իր պաշտպանյալների կալանքը փոխարինվի տնային կալանքով, այդ միջնորդությունները դեռևս մերժում է դատավորը։ Միջնորդել են նաև տնային կալանք՝ 59 մլն դրամ գրավի դիմաց, կրկին մերժում են ստացել։

«Ու այդ մարդիկ ասում են՝ ի՞նչ տարբերություն՝ իրենք կալանավայրո՞ւմ են, թե՞ տանը։ Ուզում եմ հասկանալ՝ տարբերություն չկա՞, մարդու կյանք են խլել ու գնան տուն հանգիստ նստե՞ն, տարբերություն չկա՞։

Իհարկե, մտավախություն ունեմ, չգիտեմ՝ վաղն ինչ կլինի, գուցե դատարանը որոշի տնային կալանք տա, ու ով չգիտի պրոբացիայի վիճակը, այդ ի՞նչ պետք է անեն, որ տնային կալանքի ժամանակ տանից դուրս չգան»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև ասաց՝ որևէ կերպ չի լռելու, ինչ էլ լինի, պայքարելու է։

«Որդուս հետ չեմ բերի, բայց իրենց չեմ թողնելու հանգիստ ապրեն։ Հասարակ գործչին մեկ արտահայտության համար կալանավորում են, տնային կալանք չեն տալիս։ Բայց մարդիկ տղայիս կյանքն են խլել, դուք միջնորդում եք, որ տնային կալանք տա՞ն։ Այսօրվա մեր իրականության համար ցավ եմ ապրում»,- շեշտեց Աիդա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 2025 թվականի ապրիլի 23-ին, Էջմիածնում։

Ողբերգական ավարտով այս միջադեպի պատճառը եղել էր այն, որ երիտասարդի մեքենան ջրափոսով անցնելիս ջուրը լցվել էր կողքին կանգնած մեքենայի վրա, որի պատուհանը բաց էր եղել… վեճ էր առաջացել, երիտասարդին խմբակային դաժան ծեծի էին ենթարկել, որի պատճառով վերջինս հիվանդանոցում մայիսին մահացել էր։ Այս գործով մեղադրյալի աթոռին հայտնվել են երկու եղբայրներ՝ Գոռ և Վալերիկ Առաքելյանները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031