Սև ծով-Սևանա լիճ-Կասպից ծով ջրային կապի գաղափարն ԱՄՆ ԿՀՎ-ի 1949 թվականի գաղտնի փաստաթղթում
2003 թվականի ապրիլի 18-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը գաղտնազերծում և հրապարակում է մի փաստաթուղթ, որը կազմվել էր 1949 թվականի հունիսի 10-ին:

Փաստաթղթում ներկայացվում է Սևանա լիճը, լճի տարածքում գտնվող հիդրոէլեկտրակայանները, ինչպես նաև այդ հիդրոէլեկտրակայանների տեղանքը, ինչ նպատակներով են ծառայելու, և շինարարության մանրամասները: Փաստաթղթից նկատում ենք, որ այդ ամենը տեղում տեսել, ուսումնասիրել և արձանագրել է ԱՄՆ ԿՀՎ լրտեսը, որից հետո էլ կազմվել է զեկույցը:

Հետաքրքրական է, որ հենց 1949 թվականին է շահագործման հանձնվել Սևանի հիդրոէլեկտրակայանը, որը Սևան-Հրազդան կասկադի առաջին հիդրոէլեկտրակայանն է: Այն կառուցված է Հրազդան գետի ափին՝ Սևանա լճի մերձափնյա լեռնային զանգվածում, լճի մակերևույթից շուրջ 100 մ խորության վրա։ Սևանի ՀԷԿ-ը հետպատերազմյան շրջանի կարևոր էներգետիկ կառույցներից էր և համարվում էր ԽՍՀՄ-ում կառուցված առաջին ստորգետնյա հիդրոէլեկտրակայաններից մեկը։
Սևանի ՀԷԿ-ը Սևան-Հրազդան կասկադի կազմում գտնվող ՀԷԿ-երից մեկն է: Կասկադի կառուցման գործընթացը սկսվել է 1930 թվականին և ավարտվել 1965 թվականին: Այն մեծ նշանակություն ունի Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգի համար: Փաստաթղթում նշված գործող ՀԷԿ-երից երկուսը վստահաբար Սևանի և Քանաքեռի ՀԷԿ-երն են: Վերջինս սկսել էր շահագործվել 1936 թվականին:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության գաղտնազերծած փաստաթուղթը նախ ամբողջությամբ ներկայացնենք ստորև.

«ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ, ԳԱՂՏՆԻ
ԵՐԿԻՐ. ԽՍՀՄ (Հայաստան/Արկտիկա)
ԹԵՄԱ. Հիդրոէլեկտրակայաններ Սևանա լճում, Կոլեժմայում և Արխանգելում
ԶԵԿՈՒՅՑԻ ՀԱՄԱՐԸ (CD NO.)
ՏԱՐԱԾՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ. 10 հունիսի, 1949 թ.
Վերադարձնել ԿՀՎ գրադարան
Սա չհաստատված տեղեկատվություն է
1. Սևանա լճի շրջակայքում կա առնվազն երեք հիդրոէլեկտրակայան։ Դրանցից մեկը փոքր կայան է, որը գտնվում է լճից մոտավորապես վաթսուն կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, իսկ երկու ավելի մեծ կայանները գտնվում են լճից 15-20 կիլոմետր դեպի արևելք։ Ջուրը երկու հիմնական ջրանցքներով հոսում է դեպի հիդրոէլեկտրակայաններ, այնուհետև ուղղվում է ոռոգման նպատակով օգտագործվող առուների մեջ։

2. Աղբյուրը տեղեկություն չունի որևէ թունելի մասին, որը նախատեսված լինի Սևանա լճից ջուրը շեղելու համար։ Աղբյուրը լսել է միայն մի առաջարկի մասին՝ Սև ծովից ջուրը ջրանցքով հասցնել Սևանա լիճ, ապա այնտեղից դեպի Կասպից ծով, որպեսզի բարձրացվի վերջինիս ջրի մակարդակը։
3. Ամենանշանակալի հիդրոէլեկտրական նախագծերը գտնվում են Կոլեժմայի (Օնեգայի ծոցի վրա) և Արխանգելի շրջակայքում։ Դրանցից մեկը արդեն ավարտված է, իսկ ևս երկուսը գտնվում են կառուցման փուլում։ Հիմքերը գտնվում են երկրի մակերևույթից 60 մետր խորության վրա, իսկ շինությունները բարձրանում են գետնից երկու մետր։ Կայանները կառուցված են այնպես, որ դիմակայեն ռմբակոծություններին։

Մեկնաբանություն. Հավանական է, որ 3-րդ պարբերությունում նշված շինությունները կառուցվել են ստորգետնյա՝ ոչ այնքան ռմբակոծություններից, որքան ցրտից պաշտպանվելու նպատակով։ Ամբողջ զեկույցը որոշ չափով կասկածելի է թվում, սակայն ներկայացվում է այնքանով, որքանով կարող է արժեք ունենալ»:
Փաստաթուղթը ներկայացնում է 1949 թվականի ամերիկյան հետախուզության տեղեկությունները խորհրդային հիդրոէներգետիկ ծրագրերի վերաբերյալ։
Թեև դրանում առկա են իրականությանը համապատասխանող որոշ տվյալներ, մի շարք տեղեկություններ չեն հաստատվում այլ աղբյուրներով։ Հատկանշական է, որ զեկույցի հեղինակներն իրենք են կասկածի տակ դնում ներկայացված տեղեկությունների հավաստիությունը։ Ուստի փաստաթուղթն առավել արժեքավոր է որպես Սառը պատերազմի սկզբնական շրջանի հետախուզական աղբյուր, որում ներկայացված է հատկապես Սևանա լճի տարածքում գտնվող հիդրոէլեկտրակայանների մանրամասն վերլուծությունն ու նշանակությունը:

Փաստաթղթում առավել կարևոր է նաև մի տեղեկություն այն մասին, որ Խորհրդային իշխանությունները ցանկանում էին Սև ծովից ջուրը ջրանցքով հասցնել Սևանա լիճ, ապա այնտեղից՝ դեպի Կասպից ծով: Սակայն, ինչպես փաստաթղթում է նշվում՝ այս տեղեկությունը ևս հաստատված չէ:
Զ. Շուշեցի

