Կադրային նոր փոփոխությունների երևացող և չերևացող կողմերը. Ով հաղթեց, ով պարտվեց

Հուլիսի 1-ին կադրային փոփոխություններ և նոր նշանակումներ են եղել Պաշտպանության նախարարությունում և ՀՀ զինված ուժերում, որի համատեքստում մի քանի դրվագի կանդրադառնանք:

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ Արծրուն Հովհաննիսյանին նշանակելու ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնին:

Գեներալ Ալբերտ Բաղդադյանը, ով մինչ այս այդ պաշտոնին էր, այդտեղ նշանակվել էր 2024 թվականի նոյեմբերին, իսկ նույն տարվա մայիսին դարձել էր գեներալ: Իսկ այսօր իմացանք, որ գեներալին Սուրեն Պապիկյանը նշանակել է իրեն խորհրդական:

Իսկ Արծրուն Հովհաննիսյանի կադրային առաջխաղացումը, բնավ, զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ նման դեպքերում քաղաքական ղեկավարության «դաբրոն» որոշիչ գործոն է, այստեղ մենք նրա մասնագիտական կարողությունները չենք էլ քննարկում կամ գնահատում, թերագնահատում: Բայց ինչպես միշտ, այնպես էլ, առավելևս, այսօր դրանք առնվազն մեծ դեր չեն խաղում մասնագիտական նպատակներին հասնելու համար:

Կարդացեք նաև

Արծրուն Հովհաննիսյանի դեպքում, վստահ ենք, ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնի զբաղեցումը կարևոր նպատակների շարքում է եղել, այնպես, ինչպես ՀՀ ՊՆ ռազմագիտակրթական քաղաքականության վարչության պետ դառնալը, բայց այս վարչության ղեկավարումը որոշ ժամանակ առաջ վստահվեց մեկ ուրիշի, հատկապես, երբ 2020-2021թթ. կարճ ժամանակով եղել է կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետը: Ավելին, օրինակ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ֆակուլտետ երկրորդ անգամ վերադարձ եղել է:

Մյուս կողմից, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի հովանավորությունը վայելող Հովհաննիսյանը որ կարող էր ավելի վաղ նշանակվել ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնում, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ «խանգարող» հանգամանքներ են եղել:

Եվ հիմա գուցե դրանք այլևս չկան, Արծրուն Հովհաննիսյանը՝ քաղաքական ղեկավարության հովանավորությամբ, «հաղթել» է: Իսկ թե որքանով այս դեպքում պարտվողներ կան կամ չկան, չենք կարող ասել, բայց մի բան հստակ է՝ գործող սպա Արծրուն Հովհաննիսյանի քաղաքական չեզոքության փաստացի խախտումները, օրինակ, մեզ ստիպել են անընդհատ հարցումներ ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, այսինքն, կամա թե ակամա, Պաշտպանության նախարարը թիրախավորվել է:

Ավելին, Սուրեն Պապիկյանից հրապարակավ «սպռոս» էր արել անգամ ՀՀ-ում ՌԴ դեսպանը, բայց պաշտպանության նախարարը երկու երկրների հարաբերություններին առնչվողը չէր քննարկել հրապարակային:

Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում որոշել էր Հայրենական Մեծ պատերազմի մասին միֆեր կոտրել:

Մենք գրել ենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի և նրան ենթարկվող ՊՈԱԿ-ի որոշմամբ է Արծրուն Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցչի պարտականություններ կատարել, չնայած, որ Պաշտպանության նախարարն ուներ մամուլի քարտուղար:

Իսկ հետո էլ փորձագետ է աշխատել Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում, այսինքն, նաև՝ 44-օրյայի քննիչ հանձնաժողովում՝ լինելով շահագրգիռ կողմ, քանի որ պատասխանատու է եղել փոխանցված պատերազմական տեղեկությունների համար, որտեղ հակասություններ են եղել իրականության հետ: Իհարկե, դրա պատասխանը նա ունի՝ ինքը հայտնել է այն, ինչ իրեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն է հայտնել, և ոչինչ, որ անձամվ եղել է մի քանի անգամ Արցախում պատերազմի թեժ պահերին:

Պատերազմից հետո ոչ մեկ անգամ Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի համատեքստում փորձել է փրկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական դեմքը, հաստատելով անգամ «5-րդ շարասյան» լինել-չլինելու նրա թեզը:

Ինչևէ, շարունակենք վերևում հիշատակված կադրային փոփոխությունների թեման և նշենք, որ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Հոդվածը գրելու պահին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում նոր նշանակում չկար:

Իսկ  ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանն էլ նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար: Այս պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր գեներալ Արմեն Գյոզալյանը, նրան այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշանակել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ:

Իսկ պետի պաշտոնում, ըստ ՊՆ կայքի, գեներալ Կարեն Շաքարյանն է, ով երկար ժամանակ պաշտոնակատար էր, և որը մասնակցել էր Փաշինյանի «հրավիրած» պատարագներից մեկին:

Խնդիրն այն է, որ Ջալալ Հարությունյանի լիազորությունները՝ որպես ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, կասեցված էին, և ազատման հրաման կամ դրա մասին հրապարակավ հայտարարություն չի եղել:

Ի դեպ, ըստ «Հրապարակ» օրաթերթի ՔԿՀ աղբյուրի, պրոբացիոն ծառայությունը վերանայել է Ջալալ Հարությունյանի պահման պայմանները՝ բաց ռեժիմ է, ինչը նշանակում է բանտից դուրս գալ, աշխատել, և այլն։

Իսկ հուլիսի 2-ի ՀՀ նախագահի հրամանով Հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնից ազատվել է Լևոն Դավիդյանը, նշանակվել էր 2024 թվականի նոյեմբերին:

Ի դեպ, որքան էլ աբսուրդային հնչի, նրա անունը շրջանառվում էր գնդերեցների դեմ պայքարի համատեքստում: Եթե այդպես է և եթե այլ պաշտոն չվստահվի, կնշանակի՝ կան դեպքեր, որ նման ջանքերն իշխանություններն ինչ-որ պահի մի կողմ են դնում:

Եվ վերջապես՝ երեկ իր պաշտոնին հրաժեշտ է տվել Պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ Համլետ Լևոնյանը:

Ու որքան էլ սոցցանցային մակարդակում կամ նույնիսկ մամուլում նրա ազատումը պայմանավորվի հայտնի տեսանյութի հետ, որն այնքան էլ նոր չէ, և դեռ պիտի հասկանալ՝ ինչու, ինչպես դա համացանց «մտավ», մենք չենք բացառում հենց բուն վարչության լիազորությունների շրջանակում որևէ խնդրի առկայությունը

Մայիսի 28-ի զորահանդեսից հետո կոնկրետ այս ազատումն արդյո՞ք տարբեր կասկածների տեղիք չի կարող տալ, առնվազն այնքան էլ լավ բանի մասին չի խոսում, հատկապես, երբ մոտ երկու տարի առաջ  Սպառազինության վարչությունն ացնավ ԳՇ-ից ՊՆ-ին:

Մի առիթով այս և այլ կառուցվածքային փոփոխությունների համատեքստում գրել ենք, որ Փաշինյանը ռիսկի տակ է դրել Պաշտպանության նախարարին: Հնարավոր է՝ Սուրեն Պապիկյանն այս պահին այդպես չի կարծում: Ժամանակը ցույց կտա՝ ով է ճիշտ: Իսկ հոդվածը գրելու պահին պաշտպանական երկու կարևոր պաշտոն դեռ թափուր էր՝ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի և Հատուկ նշանակության ուժերի հրամանատարի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031