Եկատերինբուրգյան սառնություն․ ինչո՞ւ Մոսկվան հրաժարվեց «եղբայրական» հռետորաբանությունից. Մոսկվան փոխում է Երևանի հետ խոսելու տոնայնությունը
Այսօր կայացավ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն, մասնավորապես՝ Եկատերինբուրգ, որտեղ նա մասնակցեց «Իննոպրոմ» 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին: Այս այցը հատկապես ուշագրավ է նրանով, որ հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի առաջին ուղևորությունը Ռուսաստանի Դաշնություն՝ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո։
Այն ընթանում է երկկողմ հարաբերություններում նկատվող ակնհայտ սառնության և Մոսկվայից հնչող բացահայտ քաղաքական քննադատությունների ֆոնին։ Իրավիճակի բարդության մասին է վկայում նաև այն փաստը, որ Կրեմլը դեռևս պաշտոնապես չի շնորհավորել Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ինչը հստակ քաղաքական դիրքորոշման և դժգոհության ազդակ է։
Միևնույն ժամանակ, այցը տեղի է ունենում Հայաստանի նկատմամբ կիրառվող անուղղակի տնտեսական սահմանափակումների համատեքստում, ինչը լրացուցիչ լարվածություն է հաղորդում երկկողմ օրակարգին։ «Իննոպրոմ» արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցությունը Փաշինյանի կողմից , թերևս, փորձ է՝ տնտեսական հարթակն օգտագործել քաղաքական սուր անկյունները հարթելու և Ռուսաստանի հետ տնտեսական կապերի անխզելիության կամքը ցուցադրելու համար, նույնիսկ այն դեպքում, երբ քաղաքական երկխոսությունը գտնվում է ճգնաժամի մեջ։ Նույնպիսի փորձ էր նաև այս այցին ընդառաջ նրա զանգը Միշուստինին օրերս, որի ընթացքում քննարկվել էին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Սա ևս եզակի հանգամանք է հայ-ռուսական հարաբերություններում, քանի որ Փաշինյանը սովորաբար շփումներ է վարում ՌԴ նախագահի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ Փաշինյանը ստիպված է եղել կապ հաստատել Միշուստինի հետ:
Այնուամենայնիվ, «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կայացավ Միշուստին-Փաշինյան երկկողմ հանդիպում: Միշուստինը հանդիպման մեկնարկին ընդգծեց, որ սա ընտրություններից հետո Փաշինյանի առաջին օտարերկրյա այցն է, և Ռուսաստանն անհամբեր սպասում է ընտրություններից հետո ձևավորվող նոր կառավարության հետ հարաբերությունների զարգացմանը։ «Մոսկվան ակնկալում է ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացում՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով»,- ասաց Միշուստինը: Նա նաև ընդգծեց, որ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի ստեղծել հարմարավետ միջավայր ռուս ներդրողների համար: Ըստ նրա, Մոսկվան ակնկալում է, որ նրանց իրավունքներն ու օրինական շահերը կհարգվեն:
Իր հերթին՝ Փաշինյանն ասաց, որ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո իրենք հանձնառու են Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը։ «Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք ԵԱՏՄ-ին մեր մասնակցությամբ և ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված մեխանիզմների նախատեսվածի համաձայն գործելու ապահովմամբ։ Ես կարծում եմ, որ սա ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից է բխում»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով, վերջերս ի հայտ են եկել որոշ խնդրահարույց կետեր, և ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք դրանք:
Նա ընդգծեց, թե Հայաստանը կառուցողականորեն հանձնառու է քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերն ու նրբությունները։ «Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մենք կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր»,- վստահություն հայտնեց նա։
Հատկանշական է, որ չնայած երկկողմ հավաստիացումներին, Միշուստինի կեցվածքն ու հայտարարությունների տոնայնությունը Փաշինյանի հետ հանդիպմանը բավականին զուսպ էին, եթե չասենք՝ ընդգծված պաշտոնական։ Ռուսական կողմը խուսափեց նմանատիպ բարձր մակարդակի հանդիպումներին սովորաբար բնորոշ ջերմ ձևակերպումներից, դաշնակցային ավանդական սերտության շեշտադրումներից կամ անձնական բարյացակամ նկատառումներից: Փոխարենը՝ Միշուստինի խոսքում գերակշռում էին դիվանագիտական չոր հայտարարություններն ու ռուսական կապիտալի շահերի պաշտպանության վերաբերյալ ուղղակի ակնարկները, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Մոսկվան այժմ նախընտրում է Երևանի հետ խոսել ոչ թե հուզական կամ «եղբայրական», այլ խիստ պրագմատիկ դիրքերից։
Այս ընդգծված սառնությունն ու պաշտոնական չորությունը հատկապես աչքի ընկան նույն օրը Ռուսաստանի վարչապետի մեկ այլ հանդիպման ֆոնին։ Բելառուսի իր գործընկերոջ հետ զրույցում Միշուստինը բոլորովին այլ կեցվածք ուներ. նա չթաքցրեց իր ջերմությունը, շեշտեց, թե որքան ուրախ է Բելառուսի վարչապետին և «ընկերներին» ողջունել Եկատերինբուրգում, և անձամբ իր ու Վլադիմիր Պուտինի անունից մաղթանքներ փոխանցեց Բելառուսի նախագահին, ապա սրտանց շնորհավորեց Բելառուսի Անկախության տոնի առթիվ։ Դաշնակցային մթնոլորտը լիովին բացակայում էր հայ-ռուսական բանակցությունների սեղանից։
Շփման ձևի ու շեշտադրումների այս տարբերությունը չափազանց խոսուն է։ Իհարկե, Մոսկվայի և Մինսկի հարաբերություններն իրենց բնույթով յուրահատուկ են, բայց Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական դաշինքն էլ թղթի վրա դեռ չի չեղարկվել։ Պարզապես այս հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ այդ հարաբերությունների նախկին «ոգին» այլևս չկա։ Մոսկվան Երևանի հետ չի խոսում ավանդական ջերմությամբ: Եվ Փաշինյանի այս այցը, ըստ էության, արձանագրեց հայ-ռուսական հարաբերություններում նոր՝ խիստ պրագմատիկ, սառը և փոխադարձ պահանջների հստակեցման փուլի մեկնարկը։

