Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի. Ադրբեջանի ԶՈւ օրը Բաքվում կարևոր ճշմարտություններ են հիշել, և, որ հուլիսյան մարտերում 12 զինծառայող են կորցրել
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի կազմավորման կամ հայկական բանակի օրվան հատուկ կարևորություն, ըստ էության, չի հաղորդվում, որպեսզի այդ օրը հատուկ «հերոսական» մթնոլորտ չլինի երկրում:
Խոսքը դատարկ կենացների մասին չէ, ոչ էլ այն միջոցառումների, որից երբեմն կամ հաճախ անմասն են մնացել և մնում բանակի և երկրի սահմանների պաշտպանության համար իրական կռիվ տվածները, այլ՝ հայկական բանակի, առանձին սպաների հերոսությունների մասին խոսելն է, իրական կյանքի պատմությունների և ոչ միայն:
Իսկ 2018 թվականի իշխանափոխությունից հետո էլ առաջին անգամ այս տարվա մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված զորահանդեսին հիմնականում հաղորդվեց նախընտրա-քաղաքա-քարոզչական ֆոն:
Ցանկացած նման միջոցառում իր մեջ քաղաքական հաշվետվություն է պարունակում, բայց, ինչպես ռուսը կասեր՝ «перебор» էր:
Ամեն դեպքում, զորահանդեսից հետո փորձեցինք բանակը «պոկել» կամ «դուրս բերել» նախընտրական միջավայրից և դրսևորել բացառապես նեղ մասնագիտական մոտեցում, բայց ՀՀ պաշտպանության նախարարությունը, նրա ղեկավարությունը, որ հաճախ «նեղվում» են փաստից, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը զորահանդեսին մոտեցան բացառապես քաղաքական տեսանկյունից, որ արված ինչ-ինչ դրական բաներ չեն նկատում, շահագրգիռ չեղան, որ զորահանդեսը դիտարկենք ռազմական մասնագիտական տեսանկյունից, քանի որ մի քանի ճշտող հարցեր կային:
Օրերս ավարտվեցին նաև «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան զորավարժությունները, նման փորձ ունեցանք նաև այս դեպքում, դարձյալ ցանկանում էինք լավ դրվագ առանձնացնել, բայց… Առհասարակ, այս տարիների ընթացքում նման բազմաթիվ դեպքեր են եղել: Հիմա մանրամասն չենք անդրադառնա, քանի որ առանձին անդրադարձ է լինելու, ուստի մի փոքր շեղվենք թեմայից:
Այսօր Ադրբեջանում նշում են երկրի զինված ուժերի օրը: Ադրբեջանի պաշտպանության նախարարը բանակին ուղղված իր ուղերձում շեշտել է.
«Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը ռազմաշինության, պաշտպանական հարցերն առաջնահերթություն է համարում: Եվ անցած տարի Հաղթանակի հնգամյակին նվիրված նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած զորահանդեսը մեր երկրի ռազմական հզորության ամենօրյա մեծացման արդյունքն էր և դրա ցուցադրությունը համայն աշխարհին»:
Այնուհետ Հասանովը շարունակել է, որ բանակը պետք է հավատարիմ մնա Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությանը (այն տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ:- Մ.Պ.), ամրացնի իր մարտական և բարոյահոգեբանական պատրաստությունը:
Իսկ ադրբեջանական քարոզչամեքենան Ադրբեջանի բանակի օրվա առիթով տարբեր քարոզչական նյութեր է «տարածել», որտեղից եթե հանենք կենացային և պաթոսային մասը, կարող ենք նաև գտնել ռացիոնալ որոշ ձևակերպումներ:
Առաջին, ալիևյան ռեժիմը խոստովանում է, որ «Qarabağın fatehi» («Ղարաբաղի նվաճող/ազատագրող») ներքին սպառման համար ռազմաքաղաքական այս խոսույթի ներքո նախքան 2016 թվականը Ալիևը սկսել է նոր սպառազինության գնումները, կադրերի պատրաստումը, հրահանգել է անցկացնել զորավարժություններ՝ «օկուպացված տարածքները» գրավելու դրվագների և օպերացիաների խաղարկմամբ: Եվ, ինչպես նշում է Բաքվի քարոզչամեքենան, 2016 թվականի ապրիլին Ալիևը փորձեց մարտական գործողության մեջ մտցնել նոր բանակը կամ նոր բանակի ուղին բռնած իր երկրի զինված ուժերը:
2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմին հաջողվեց ձախողել Բաքվի գերխնդիրը՝ ունենալով որոշակի տարածքային կորուստներ: Ու Ալիևը 4 տարի նոր թափով պատրաստվեց լայնամասշտաբ պատերազմի, որը տեղի ունեցավ արդեն 2020թ. սեպտեմբերի 27-ին, ինչպես իրենք են ասում՝ պատերազմը սկսվեց ամենահարմար պահին:
Երկրորդ, որպես հաստատում առաջին կետի՝ արդեն 44-օրյա պատերազմի համատեքստում ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկն իր խմբագրականում ընդգծում է՝ կան խնդիրներ, որոնք մարտի դաշտում լուծում է զինվորն ու հրամանատարը, և կան խնդիրներ, որոնք պետք է լուծի պետությունը:
Սա այն է, ինչի մասին պատերազմից հետո բազմիցս գրել ենք՝ պատերազմը վարում է պետությունը, բանակը կռվում է մարտի դաշտում, ուստի չի կարող պատերազմում պարտության ամբողջ պատասխանատվությունը դնել բանակի վրա, ինչն արեց և անում է Նիկոլ Փաշինյանը: Հենց դրա համար ենք գրել նաև, որ տոկոսային հարաբերությամբ պետք է հստակ ասվի՝ 44-օրյայում պարտության մեջ որքա՞ն է քաղաքական ղեկավարության մասնաբաժինը, որքա՞ն՝ ռազմական ղեկավարությանն ու բանակինը, և եթե բանակն ինչ-որ խնդիր չի կատարել, դրանում որքա՞ն է քաղաքական ղեկավարության մեղավորությունը, որքա՞ն՝ ռազմական ղեկավարությանն ու հրամանատարությանը:
Երրորդ, Բաքվի քարոզչամեքենան, չնայած վերը նշվածի, ուշադրություն է հրավիրում նաև մի կարևոր հանգամանքի վրա՝ պետք է կարևորել ժամանակակից տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիական զենքը, բայց հաղթանակը կախված է ոչ միայն տեխնոլոգիաներից, այլև բանակի և զինվորների մարտական և բարոյահոգեբանական ոգուց:
Մի՞թե սա ճշմարտություն չէ, և ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ պատերազմի ժամանակ չվնասվի հայ զինվորի, սպայի և հրամանատարի ոգին, արդյո՞ք պատերազմից հետո և մինչև հիմա չենք վնասում ՀՀ բանակի բարոյահոգեբանական վիճակին, այդ թվում՝ տարբեր խոսույթներով և գործնականում կաշկանդելով, կարևորությունը չշեշտելով և նվազեցնելով:
Չորրորդ, Ադրբեջանի ղեկավարությունը և ալիևյան քարոզչամեքենան հերթական անգամ նշում է, որ այսօր Ադրբեջանի բանակն ավելի ուժեղ է, քան 44-օրյա պատերազմի ժամանակ էր, թեպետ զինված ուժերում բարեփոխումները վաղուց էին սկսվել: Այո, պատերազմից հետո Թուրքիայի օգնությամբ Բաքվի բանակը բռնեց թուրքական մոդելի բանակ ունենալու ճանապարհը, որը, թերևս, չի ավարտվել: Այսօր էլ Ադրբեջանում ստեղծվում են նոր զորատեսակներ, ավելացվում է հատուկ նշանակության կամ «Կոմանդո» ստորաբաժանումների թիվը:
Իսկ սրա պատասխանը տալիս է Բաքվի քարոզչամեքենան՝ նշելով.
«Մենք «ազատագրեցինք մեր տարածքը», լուծեցինք մեր ռազմական խնդիրները։ Եվ չենք պլանավորում օտար հողերի զավթում։ Բայց զուր չէ, որ դեռ Հին Հռոմում ասում էին՝ «ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի», որովհետև մենք ապրում ենք շատ անհանգիստ աշխարհում… Եվ, ինչպես առաջներում, այնպես էլ այսօր, դրախտը սրերի «հովանու» տակ է»»:
Հարկ է նկատել, որ Ադրբեջանի պաշտպանության բանակին մերձակա caliber.az-ի վերլուծության մեջ, օրինակ, կարելի է գտնել նաև հայկական բանակին առնչվող հաղթական դրվագներ: Մասնավորապես, լրատվամիջոցը գրել է 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ ադրբեջանական կողմի մարդկային կորուստները 12-ն են եղել՝ 12 զինծառայող, սպա, այսինքն, 3 անգամ շատ, քան ունեցել է հայկական կողմը:
Մենք գրել ենք, որ Ադրբեջանը հուլիսյան մարտերի ժամանակ, մասնավորապես, կորցրել էր իր երրորդ բանակային կորպուսի շտաբի պետին՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին, ինչպես նաև՝ 3-րդ բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզաևին և այլ սպաների:
Ավելին, հայտնել ենք, որ հուլիսյան մարտերից հետո ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովի մայրը հայտարարել էր, որ իրականում իր տղային «սպանել է» Ադրբեջանի ԳՇ այսօրվա պետ Քերիմ Վելիևը, ով այդ ժամանակ երկրի պաշտպանության փոխնախարարն էր, այսինքն, տարբեր շարժառիթներից ելնելով՝ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը Փոլադ Հաշիմովին ուղարկել է մարտական գործողությունների վայր՝ հաշվարկով, որ նա այնտեղից չի վերադառնա: Իհարկե, Ալիևի ընտանիքն իր հատուկ ուշադրությամբ «փակեց» Հաշիմովի մոր «բերանը»: Եվ իրենց գեներալի համար պատասխանատվություն էր պահանջում Բաքվի «դատավարության» ժամանակ:
Հայկական զինուժի դիմադրության մասին արդեն 44-օրյա պատերազմի համատեքստում խոսել է նաև Ալիևը՝ ոչ մեկ անգամ շեշտելով, որ Քարվաճառը, Լաչինը, Աղդամը հնարավոր չէր ուժով վերցնել, որ եղել է ուժեղ դիմադրություն:
Պատերազմից հետո ադրբեջանցի ռազմական փորձագետներից նույնիսկ հատուկ շեշտել են հայկական հրետանու փայլուն աշխատանքը 44-օրյա պատերազմի ժամանակ, այն դեպքում, երբ Ադրբեջանն արդեն այդ ժամանակ ուներ նատօ-ական չափանիշներով հրետանային միջոցներ:
Իսկ Ալիևն իրենց բանակի օրվա առիթով հետմահու և ոչ հետմահու պարգևատրումների հրամանագրեր է ստորագրել, ինչպես նաև՝ 5 զինվորականի շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ընդ որում, նրանցից 2-ը՝ Գյուլմամեդ Թոֆիկ օղլու Ռզաևը (հրետանու պետ) և Ռուսլան Դունյամեդդին օղլու Աղասիևը (բանակային կորպուսներից մեկի շտաբի պետ) մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին, ավելին, Աղասիևը նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմին և 2023 թվականի սեպտեմբերին Արցախում «հակաահաբեկչական օպերացիային» է մասնակցություն ունեցել:
Ալիևն իր ծառայությունների համար պարգևատրել է երիտասարդ գեներալներից մեկին՝ Ֆարիդ Ալիբաբա օղլու Ալիևին, ով Ադրբեջանի ՊՆ Ռազմատեխնիկական մատակարարման (ապահովման) գլխավոր վարչության պետի պաշտոնակատարն է այս պահին:
Ի դեպ, մի առիթով գրել ենք, որ Ադրբեջանի բանակում բարձր պաշտոններ են վստահում 44-օրյա պատերազմի հերոսներին և թուրքական բանակի նրբություններից տեղյակներին, և, որ Ադրբեջանի զինված ուժերում կադրային փոփոխությունների հետևում կանգնած է Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը:

