Ադրբեջանցի ռազմական փորձագետը բարձր է գնահատել պատերազմի ժամանակ հայկական հրետանու «աշխատանքը»
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ռամիլ Մամեդլին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ադրբեջանական բանակի բարեփոխումների համատեքստում խոսել է իրենց հրետանային ստորաբաժանումների և ականանետային մարտկոցների վերափոխման և որակի բարձրացման մասին, այնուհետև նշել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական հրետանին բավականին արդյունավետ և հաջող է կիրառվել: Մամեդլին առանձնացրել է հատկապես 82 մմ-անոց ականանետերի «աշխատանքը»:
Ըստ այդմ՝ ադրբեջանցի ռազմական փորձագետն առաջարկել է, որ Ադրբեջանի բանակի բարեփոխումների արդյունքում արվի այնպես, որ հրետանային ստորաբաժանումներում ծառայեն միայն բարձրագույն կրթություն ստացած զինծառայողները, որոնք գլուխ են հանում հաշվարկից։
Մամեդլին նշել է, որ, առհասարակ, պատերազմից հետո բոլոր ուղղություններով վերանայումներ են կատարվել, երկրի ղեկավարությանը զեկուցվել են պատերազմի ընթացքում ի հայտ եկած բացերն ու թերությունները:
Ի դեպ, 2022թ. հունվարի 12-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը որոշակի փակագծեր էր բացել, թե ինչ բացթողումներ են եղել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում:
«Երկրորդ ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ռազմական ենթակառուցվածքների ինչ էլեմենտներ կա՛մ գործի չեն դրվել, կա՛մ դրվել են շատ սահմանափակ ֆորմատով, կա՛մ էլ եղել են խոցելի: Սա ևս շատ մեծ փորձ է: Բայց ավելին, քան նոր ասացի, հասկանալի պատճառներով, չեմ կարող ասել»,- նշել էր Ալիևը՝ շեշտելով, որ ավելացնելու են զինված ուժերի հզորությունը, քան ցուցադրվել է վերջին պատերազմի ժամանակ:
2021-ի հունիսին CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոսելով վերջին պատերազմում կիրառված սպառազինությունից, ասել էր, որ վերլուծել են պատերազմի ամեն մի օրը՝ դրական և բացասական պահերը, ինչպես նաև սպառազինության կիրառումը՝ որն է դրական կողմից դրսևորել իրեն, որոնց հետ կապված խնդիրներ են եղել՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված: Իսկ այդպիսի հանգամանքներ, ըստ Հասանովի, շատ են եղել, այդ թվում՝ հայկական կողմի ռադիոէլեկտրոնային հզոր պայքարը (ՌԷՊ), որը լուրջ խնդիրներ է ստեղծել ադրբեջանական կողմի համար, երբ գործի են դրվել համապատասխան համակարգերը:
«Խնդիր դրված չէ՝ ինչ-որ տեխնիկայից հրաժարվել, այլ հարց է ծագել, որ տվյալ սպառազինության տեխնիկական ինչ-որ բաղադրիչ չի կարողացել դիմադրել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարին, որովհետև հակառակորդը շատ հզոր ռադիոէլեկտրոնային դաշտ էր ստեղծել, նրանք ունեին ամենաժամանակակից ռուսական արտադրության ՌԷՊ համակարգերը»,- շարունակել էր Ադրբեջանի ՊՆ-ն:
Ի դեպ, 2021-ի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահն «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում, հայկական կողմի թույլ տված բացթողումների համատեքստում, ասել էր, որ իրենց հաջողվել է առաջին օրը ճեղքել մեր պաշտպանական գիծը, Ալիևը միաժամանակ նշել էր՝ «որոշ բնակավայրերում հայերը կանգնել են մինչև վերջ»:
«Ես, իհարկե, կնշեի Սոլթանլի և Ամիրվարլի բնակավայրերի վերցնելը: Ինչո՞ւ: Այնտեղ շատ հզոր պաշտպանություն կար: Մի քանի օր մեզնից պահանջվեց ակտիվ մարտական գործողություններ վարել՝ կոտրելու հակառակորդի դիմադրությունը: Որոշ բնակավայրերում նրանք կանգնել են մինչև վերջ: Ես կարծում եմ, որ ոչ մեկի մոտ չպետք է կասկած լինի այն բանում, որ որոշ օպերացիաներում հայկական կողմը դրսևորել է հաստատակամություն: Ոչ մի դեպքում չպետք է թերագնահատել հակառակորդին»,- ասել էր Ալիևը:
Caliber Az-ի ռեպորտաժում էլ ասվում էր, որ ադրբեջանական կողմի համար ամենադժվար ուղղությունը եղել է Մռավի ուղղությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը տեղեկացրել էր՝ «հակառակորդը փորձ է արել վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն հետ է մղվել»:
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ այդ օրը կեսօրից հետո Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Մռավի ուղղությամբ:
Ավելի ուշ միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արդարացրել էր իրենց ձախողումը:
«Այստեղ ռելիեֆը դժվար հասանելի է, ինչպես դուք գիտեք, հիմնականում լեռնային գոտիներ են: Ներկա դրությամբ Մռավի վրա ձյուն է, պայմանները՝ ձմեռային»,- նշել էր նա:
Նշենք, որ պատերազմի մասնակից գործող և պահեստազորի սպաների պնդմամբ, մենք ոչ մի քայլ չենք նահանջել Աղդամի, Քարվաճառի, Մարտակերտի ուղղությամբ:
168.am-ը գրել էր նաև, որ Ադրբեջանը փոխել է Լաչինի գրավման սկզբնական պլաններն ու ուղղությունը:
Հարցազրույցներից մեկում Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարի պարտականությունները կատարած Թեհրան Մենսիմովը մանրամասնել էր.
«Մենք տեղանքի հետախուզություն ենք իրականացրել, հասել ենք մինչև Լաչինի շրջանի Գյուլաբիրդ գյուղ: Լաչինը դեռ վերցված չէր: Խնդիր էր դրված գնալ հակառակորդի թիկունք՝ 40 կմ խորությամբ, փորձել աննկատ անցնել, աջից և ձախից փակել Լաչինի միջանցքը: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Գյուլաբիրդում արդեն կանգնած էր 6-րդ կորպուսը, որը հայերից «մաքրել» էր գյուղը: Հոկտեմբերի 16-17-ն էր: Մենք խորհրդակցեցինք, և հարցեր առաջացան, որովհետև հատուկ նշանակության խումբը պետք է հաղթահարեր ավելի քան 40 կմ տարածություն՝ Ջաբրայիլից մինչև Լաչինի միջանցք: Ինչպես պետք է ապահովվեր կրակային աջակցությունը, կապի ինչ միջոցներով պետք է մեզ ապահովեին: Շատ հարցեր կային նաև լոգիստիկայի և այլ խնդիրների հետ կապված: Եվ այս մարտական խնդիրը հանվեց օրակարգից՝ առանց պատճառի ամբողջական բացատրության»,- ասել էր Մենսիմովը:
Մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը սկզբնական պլանները փոխել է, որովհետև հետախուզությունը համոզվել է, որ այդտեղ պաշտպանությունը կազմակերպված է:
Հայկական կողմն ունեցել է կառավարման հետ կապված լրջագույն խնդիրներ, իրենց լիազորությունների կատարման մեջ, ըստ էության, թերացել են ՀՀ-ի, Արցախի ղեկավարությունը, նաև՝ ռազմաքաղաքական: Իհարկե, առանձին հրամանատարներ գուցե ևս թերացումներ են թույլ տվել, բայց այն, որ պատերազմի պարտության միակ մեղավորը բանակը չէ, ինչպես փորձում են համոզել իշխանությունները, դա անվիճելի է: