Բրյուսելը նոր հարթակ է ձևավորում տարածաշրջանային լոգիստիկ ճարտարապետությունում ամրապնդվելու համար

Եվրամիությունը Հարավային Կովկասում գործարկում է ազդեցության նոր հարթակներ՝ «Կապակցվածության օրակարգի» միջոցով խորացնելով իր մասնակցությունը տարածաշրջանային լոգիստիկ նախագծերին։ Մինչ հայկական մեդիատիրույթն ու սոցիալական ցանցերը քննարկում էին Եվրահանձնակատար Մարթա Կոսի՝ հայկական ծիրաններով լուսանկարը, Բրյուսելում շատ ավելի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։

Եվրամիությունը պաշտոնապես գործարկեց «Կապակցվածության օրակարգի հարթակը» (Connectivity Agenda Platform)՝ նախաձեռնություն, որը, ըստ Եվրոպական միության, կոչված է կամրջելու Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի միջոցով։ ԵՄ-ն, որը վերջին տարիներին էականորեն մեծացրել է ազդեցությունը Հայաստանում, Հարավային Կովկասում, ի տարբերություն ԱՄՆ-ի, դուրս է մնացել լոգիստիկ պրոյեկտների զարգացման աշխարհաքաղաքական քննարկումներից, ուստի այս հարթակի միջոցով ԵՄ-ն փորձում է մասնակցել տարածաշրջանային ենթակառուցվածքների կառավարման գործընթացին։

ԵՄ հաղորդագրության համաձայն, Եվրոպական հանձնաժողովը գործարկեց Կապակցվածության օրակարգի հարթակը (Connectivity Agenda Platform) և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ կնքեց համաձայնություններ, որոնց միջոցով ակնկալվում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո արժողությամբ ռազմավարական ներդրումներ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար։ Հարթակը ներկայացվեց բարձր մակարդակի նախարարական հանդիպման ընթացքում, որը հյուրընկալել էին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ԵՄ միջազգային գործընկերությունների հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելան և ԵՄ կայուն տրանսպորտի հարցերով հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը։

Բրյուսելի տարածած հաղորդագրության համաձայն, կապակցվածության օրակարգի հարթակը կծառայի որպես շրջանակ մասնակից երկրների, միջազգային ֆինանսական հաստատությունների և շահագրգիռ այլ կողմերի համար՝ տրանսպորտի, էներգետիկայի, թվային կապակցվածության և առևտրի ոլորտներում ներդրումների ու քաղաքական քայլերի համակարգման նպատակով։

Կարդացեք նաև

«Տարածաշրջանի հետ համագործակցությունն առավել ամրապնդելու նպատակով մասնակիցները նաև համաձայնեցին ամրապնդել Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի գործառնական արդյունավետությունը։ Նրանք Եվրոպական հանձնաժողովին հրավիրեցին գնահատել միջանցքի գործունեությունը և դրա մրցունակությունը բարձրացնելու նպատակով առաջարկել առաջնահերթ գործողություններ։

Կապակցվածության օրակարգի իրականացմանն աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է մտադրությունների մասին հայտարարություններ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, որոնց միջոցով ակնկալվում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումներ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների, սահմանային անցակետերի, ինչպես նաև առևտրի դյուրացմանն ուղղված նախագծերի համար»,- ասված է հայտարարությունում։ ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսն ասել է, որ աճող հակամարտության պայմաններում ոգևորիչ է տեսնել, որ այսքան երկրներ միավորվում են մեկ ընդհանուր ծրագրի շուրջ։ «Մեզ անհրաժեշտ են հուսալի առևտրային ուղիներ, և Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը դարձել է հենց այդպիսի ուղի։ Առաջիկա 15 տարիների ընթացքում այս երթուղով առևտրաշրջանառությունը կարող է աճել հնգապատիկ»,- նկատել է նա։

Մարթա Կոսը խոսել է նաև Միջին միջանցքում Թուրքիայի դերի մասին, ասելով, թե չի կարող պատկերացնել ուժեղ Միջին միջանցք և այս բոլոր թվային, էներգետիկ և առևտրային հարաբերություններն՝ առանց Թուրքիայի ուժեղ մասնակցության։ Կոսը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է շփումները Թուրքիայի հետ, և առաջիկայում նախատեսված են հանդիպումներ թուրք պաշտոնյաների հետ։ Նրա խոսքով՝ այս ամսվա վերջին նա Անկարա կայցելի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ։

Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Եվրամիության այս նախաձեռնությունը պետք չէ դիտարկել ոչ թե որպես զուտ տնտեսական աջակցություն, սա տարածաշրջանում ԵՄ-ի ամրապնդվելուն ուղղված հերթական քայլն է։ Գլխավոր նպատակը, նրա խոսքով, ազդեցություն ունենալ լոգիստիկ նոր ուղիների ձևավորման գործընթացում ներդրումներ ներգրավելու, խորհրդատվության և աջակցության այլ ծրագրերի միջոցով։

«Տասնամյակներ շարունակ «Միջին միջանցքի» պրոյեկտի նկատմամբ ազդեցություն են ունեցել տարածաշրջանային դերակատարները՝ Թուրքիան և Կենտրոնական Ասիայի պետությունները։ Այս դինամիկայում Պեկինը ևս  կարողացել է կապիտալիզացնել իր դիրքերը՝ հաստատելով տնտեսական «փափուկ ուժի» ազդեցություն, իսկ Ռուսաստանը շարունակում է օգտագործել իր աշխարհաքաղաքական լծակները՝ փորձելով կանխել տարածաշրջանում արևմտյան ազդեցության ամրապնդումը։ Այս ֆոնին Բրյուսելը փորձում է նոր հարթակների միջոցով իրականացնել «ներթափանցում»։ Սա Բրյուսելի համար ոչ թե զուտ ենթակառուցվածքային ծրագիր է, այլ հեգեմոնիայի խորացման փորձ, որպեսզի Եվրոպան լինի ոչ թե պարզապես սպառող, այլ այդ լոգիստիկ կառավարման կենտրոններից մեկը։

ԵՄ-ի այս քաղաքականությունը պայմանավորված է նաև անվտանգային ռազմավարությամբ. Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին, Եվրոպայի համար կրիտիկական է այնպիսի երթուղիների առկայությունը, որոնք շրջանցում են ռուսական պրոյեկտները։ ԵՄ-ն հնարավորություններ է փորձում ստեղծել ապահովելու իր էներգետիկ և ապրանքային մատակարարումների դիվերսիֆիկացիան։ Միջին միջանցքը կարևոր է Եվրոպայի համար, ուստի ԵՄ-ն պատրաստ է 2 միլիարդ եվրոյի ներդրումներով «գնել» իր մասնակցությունը»,- ասաց Խրամչիխինը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի դերի վերաբերյալ ԵՄ-ից հնչող հայտարարություններին՝ նա նշեց, որ ԵՄ-ում հասկանում են, որ առանց Անկարայի համաձայնության՝ հնարավոր չէ մասնակցել այդ ամենին, ուստի Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը դառնում է ԵՄ տարածաշրջանային քաղաքականության առանցքը, ինչը նորություն չէ։

«ԵՄ-ն իր ակտիվությամբ փորձում է ներթափանցել տարածաշրջանային պայմանավորվածությունների դաշտ։ ԵՄ-ն փորձում է այնպես անել, որ Միջին միջանցքի ապագան որոշվի ոչ միայն Անկարայում կամ այլ մայրաքաղաքներում, այլև ԵՄ-ում, սակայն, թե ինչպես դա կհաջողվի, կախված է իրենցից՝ ռեգիոնալ երկրներից»,- ասաց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930