«Շահերի և ազդեցության գոտիների նոր սահմանաբաժանումը ցույց կտա, թե  հարավակովկասյան երկրները որ ազդեցության գոտում են մնում». Գարիկ Քեռյան

Հայաստանում հունիսի 7-ի ընտրություններից առաջ և հետո ՔՊ-ական ողջ վերնախավը խոսում էր «Հյուսիսից Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի» մասին՝ մեծ մասամբ մեղադրելով Հայաստանի ընդդիմությանը, որ համագործակցում են Ռուսաստանի հետ՝ ընդդեմ Հայաստանի։

Այս խոսույթը շարունակվում է նաև հունիսի 7-ի ընտրություններից հետո, թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ՌԴ նախագահի հետ ունի ընկերական հարաբերություններ, նրա հետ բազմիցս հանդիպել ու հեռախոսազրույցներ է ունեցել։ Իսկ վերջերս էլ հայտարարեց, որ օգոստոսի 15-ին մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Սակայն այդպես էլ նա չի ասում, թե ինչո՞ւ, օրինակ, ՌԴ նախագահին չի հարցնում, թե ինչո՞ւ է «հիբրիդային պատերազմ մղում Հայաստանի դեմ»։

Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո ինչպիսի՞ն է լինելու ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը, հնարավո՞ր է՝ Ռուսաստանն առհասարակ դուրս մղվի տարածաշրջանից։

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը խոսելով այս հարցի շուրջ, ասաց՝  նման միտում տեսնում է, բայց չի կարող ասել, որ այդ միտումն այնպիսի գերակայություն է ձեռք բերել, որ այդպես է լինելու։

Կարդացեք նաև

«Այն, ինչը կապված է Հայաստանի ու Հարավային Կովկասի հետ, կախված է իրանական և ուկրաինական պատերազմների ավարտից:

Երկրորդը՝ այս երկու պատերազմների ավարտը կբերի նոր աշխարհակարգի ձևավորմանը, որտեղ հանգուցային դերակատարներ կլինեն Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, իհարկե, տարբեր դիրքերով՝ Ռուսաստանն՝ ավելի թույլ դերակատարմամբ, Միացյալ Նահանգները և Չինաստանն՝ ավելի մեծ։ Ես չեմ կասկածում, որ նմանատիպ եռակենտրոն աշխարհակարգը կբերի նոր համաձայնությունների՝ ազդեցության և շահերի գոտիների բաժանման առումով։

Շահերի և ազդեցության գոտիների նոր սահմանաբաժանումը կբերի նաև այն հարցի պատասխանը, թե Հարավակովկասյան երկրները որ ազդեցության գոտում են մնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Քեռյանը։

Ըստ քաղաքագետի, եթե Հայաստանը դուրս մնաց ռուսական ազդեցության գոտուց, ուրեմն՝ այստեղ ռուսական ներկայությունը հասցվելու է նվազագույնի։ Եթե աշխարհաբաժանումը ստացվեց այնպես, որ միայն Հայաստանը մնաց ռուսական ազդեցության գոտում, ուրեմն՝ կվերականգնվի Հայաստանի հստակ մասնակցությունը եվրասիական ռուսակենտրոն կառույցներին, հատկապես՝ ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին։

«Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ունենա այնքան ժամանակ, ինչպես արդեն ասացի՝ մինչև այդ երկու պատերազմները չավարտվեն, նոր աշխարհակարգի ձևավորումը հենց այդ պատերազմի արդյունքներից է կախված։ Մենք գիտե՞նք, թե ինչով է ավարտվելու ուկրաինական ճգնաժամը, չգիտենք։ Օրինակ՝ չգիտենք նաև Իրանի դերակատարումը տարածաշրջանում, հիմա շատ մասնագետներ կան, որոնք ասում են, թե Իրանը դառնում է Մերձավոր Արևելքի թիվ մեկ գերտերությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ նա գերիշխանություն է ձեռք բերում բոլոր հարևանների նկատմամբ, եթե Միացյալ Նահանգները կատարում է իր պարտավորությունը և հեռանում է։ Արդյո՞ք սրանից հետո Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի հարավային թևի ամենաուժեղ պետությունն է, կարող է հանդուժել Իրանի նման դերակատարումը։ Գուցե 1 տարի դեռ անհրաժեշտ է, որպեսզի մենք տեսնենք իրանական և ուկրաինական ճգնաժամերի ավարտը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Գարիկ Քեռյանը նաև չի բացառում տարածաշրջանում ԵՄ ազդեցությունը՝ Միացյալ Նահանգների հետ համագործակցելով, նաև բացառված չէ, որ որոշակի գեոպոլիտիկ իրավիճակում Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, կարողանա Հարավային Կովկասում ձեռք բերել գերակայություն։

«Իհարկե, կարող է հարց առաջանալ, բա ԵՄ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, մյուսներն ի՞նչ են լինելու, սրանք ևս պահպանելու են իրենց դերակատարումը, բայց ոչ թե առաջնային գծի վրա, ինչպես, օրինակ, Միացյալ Նահանգներն ու Չինաստանն են, այլ եռակենտրոն համակարգում կլինեն ենթահամակարգեր, դաշնակիցներ կամ տարածաշրջանային ինքնուրույն կամ անկախ միավորներ»,- ընդգծեց Գարիկ Քեռյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930