«Ընդդիմության առաջնորդները պետք է որոշում ընդունեն՝ ժողովուրդն ակնկալում է արձագանք և գործողություն». Հրանտ Միքայելյան

Ավարտվեցին համապետական ընտրությունները։ Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե այս պահին դեռևս հստակ չգիտեն՝ խորհրդարան անցնելու են 3, թե՞ 4 ուժ։ Առավոտյան սակայն նշվում էր, որ խորհրդարան են անցել՝ ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-Ն։ Բայց ասուլիսի ժամանակ ԲՀԿ-ի անցնելու վերաբերյալ ԿԸՀ նախագահը կասկածներ հայտնեց, ասելով, որ մանդաների բաշխվածության համար պետք է հասկանան, թե քանի՞ ուժ է անցնելու խորհրդարան։

Այս ամենին զուգահեռ, տարբեր հասարակական ու քաղաքական գործիչներ հայտարարում են, որ ընդդիմությունը չպետք է մանդատները վերցնի և պայքարի ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը խոսելով խորհրդարանական ընտրությունների և դրանց արդյունքների մասին, մի քանի մակարդակով դիտարկեց քաղաքական գործընթացները։

Ըստ նրա, զուտ քաղաքական գործընթացի տեսանկյունից, այս ընտրությունները չեն կարող լուծել այն խնդիրները, որոնք կան երկրում, և չեզոքացնել այն մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են Հայաստանի առջև՝ նույնիսկ տեսականորեն։

Կարդացեք նաև

«Երկրորդ՝ որպեսզի ընտրությունները համարենք ազատ ու արդար, այդ ընտրությունը պետք է ունենա բազմաթիվ տարրեր և բազմաթիվ տարրեր էլ չունենա, հետևաբար՝ այս ընտրություններն ինքս չեմ կարող համարել ազատ ու արդար։ Ընտրությունները կեղծվել են, շեղվել են, եթե հաշվի առնենք ընտրությունների արդյունքները, նաև վարչական ռեսուրսի օգտագործմամբ՝ այս արդյունքը պարզ էր առաջին մի քանի ընտրատեղամասերից հետո։ Այն, որ Փաշինյանն ինքն իրեն շուտ հռչակեց հաղթող՝ դեռ հաշվարկը չավարտած, սա շատ հաճախ է տեղի ունենում։ Իր համար նախ շատ կարևոր է լեգիտիմությունը ստանալ, ուզում է նաև ժամանակ շահել, որպեսզի ժողովուրդը համակերպվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Միքայելյանը։

Նրա կարծիքով՝ զարմանալու բան չկա, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հաղթող հռչակեց, սա խնդիր կարող էր դառնալ այն ժամանակ, երբ վերջնական ընտրության արդյունքը, որը կգրանցվեր ԿԸՀ-ի կողմից, ցույց տար հակառակը կամ գոնե հակառակի հնարավորությունը, բայց այս պահին դա չկա։

«Այլ բան, որ այս պահի դրությամբ, բացի վարչական ռեսուրսի կիրառումից ու այլ հանգամանքներից, այն տեղեկատվական ու իրավական տեռորից, որը մեր երկրում տիրում է վերջին մեկ տարում, այս պահին ամենաարտառոց բանն այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը 24 ժամ սպասել էր, որ հրապարակեր արդյունքները, հրապարակեց ու հանկարծ վերջում ԲՀԿ-ին 50 ձայն չբավարարեց, որ անցներ խորհրդարան։ Սա իսկապես ինչ-որ առանձին ուսումնասիրոթյան առարկա է»,- հավելեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելուն և փողոցային հնարավոր պայքարին, Հրանտ Միքայելյանը նկատեց՝ միշտ չէ, որ ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը կարող է ճիշտ լուծում լինել։
«Շատ դեպքերում այս մեթոդը չի կարող խնդիրները լուծել, տվյալ դեպքում ընդդիմության առաջնորդները պետք է որոշում ընդունեն, քանի որ ժողովուրդն իրենցից է ակնկալում արձագանք և գործողություն։

Ինքս քաղաքական հետևանք չեմ տեսնում այն քայլերում, որ եթե, օրինակ, ընդդիմությունը մանդատներից հրաժարվի, խորհրդարանը կարող է պարալիզացվել։ Կանխատեսել առանձին մարդկանց որոշումներն ավելի դժվար է, քան առանձին քաղաքական գործընթաց։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր դրսից Փաշինյանն ունի աջակցություն, կարծում եմ՝ ընդդիմության կողմից փողոցային ցանկացած պայքար կճնշվի ու կկասեցվի։ Փաշինյանն այս պահին վերահսկում է ամբողջ վարչական ռեսուրսը՝ տեղում, օրինակ, կարող է մի քանի հարյուր մարդ ձերբակալել, այնպես չէ, որ ինքն իրեն կարող է սահմանափակել»,- ընդգծեց Հրանտ Միքայելյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930