Մալիում ռուս վարձկանների հարձակումից ութ քաղաքացիական անձ է սպանվել․ Human Rights Watch
Նախորդ ամիս Մալիում ռուսական «Աֆրիկյան կորպուս» ռազմական կազմակերպության ավիահարվածների հետևանքով ութ քաղաքացիական անձ է սպանվել, նրանց թվում նաև երեխաներ կան, հայտնել է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը։
Ըստ HRW-ի՝ ռուսական կազմակերպությունը տարբերություն չի սահմանել ռազմական և քաղաքացիական օբյեկտների միջև։
Մալիում 2021 թվականից ռուս վարձկաններ են գործում։ Սկզբում այնտեղ տեղակայվել էին «Վագներ» խմբավորման անդամները, իսկ Եվգենի Պրիգոժինի մահից հետո նրանց Ռուսաստանի պաշտպանության նախարարության հիմնած «Աֆրիկյան կորպուսը»-ն է փոխարինել։
HRW-ի հետաքննությունը պարզել է, որ, ըստ Մալիի ռազմական աղբյուրների, «Սու-24» ինքնաթիռը հունիսի 15-ին առնվազն երկու ռումբ է արձակել Կիրնիա գյուղի վրա:
«Կիրնիայում իրականացված հարվածները, ըստ ամենայնի, կոնկրետ ռազմական թիրախների դեմ ուղղված չեն եղել, ինչն այդ հարվածներն ապօրինի է դարձնում», – հայտնել են իրավապաշտպան կազմակերպությունից։
«Աֆրիկյան կորպուսը» հունիսի 15-ին մի գյուղի վրա իրականացված հարվածի կադրեր էր հրապարակել՝ նշելով, որ «ահաբեկչական խմբավորումների հավաքատեղի» են թիրախավորել, սակայն HRW-ին և Reuters-ին չի հաջողվել տեղորոշել տեսանյութի հստակ վայրը։ Պարզ չէ՝ արդյո՞ք դա Կիրնիա գյուղն էր։
Մալին Արևմտյան Աֆրիկայի Սահել տարածաշրջանի երկրներից է, որտեղ տարիներ շարունակ գործում են իսլամիստական զինված խմբավորումներ։ Երկրում հակամարտությունը սկսվել է դեռ 2012 թվականին և մինչ օրս չի ավարտվել։
Մալին, Բուրկինա Ֆասոն և Նիգերը վերջին տարիներին հայտնվել են զինվորականների իշխանության տակ։ Նրանք հեռացել են նախկին արևմտյան գործընկերներից, հատկապես՝ Ֆրանսիայից, և անվտանգության հարցերում սկսել են ավելի սերտ համագործակցել Ռուսաստանի հետ։
Նախորդ ամիս The Washington Post-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մալիում «Ալ-Քաիդայի» հետ կապվող «Իսլամի և մուսուլմանների աջակցության խմբավորման» դեմ ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը։

