Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել։
«2026 թվականի հուլիսի 30-ին դատարանը մերժեց ԱԺ 8-րդ և 9-րդ գումարումների պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։ Առանց որևէ փաստարկված իրավական հիմնավորման, կոպտորեն հակասելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը, դատարանը Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը երկարաձգեց ևս մեկ ամսով։ Այսպիսով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական պարտավորություններն ազատ իրացնելու հնարավորությունից։ Սա ոչ միայն առանձին պատգամավորի իրավունքների, այլև Ազգային ժողովի լիարժեք գործունեության և հազարավոր քաղաքացիների կամարտահայտության և ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։
Ըստ այդմ․ «Հայաստան» դաշինքը հայտարարում է․
- Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նպատակը նրա պատգամավորական գործունեությունը կաթվածահար անելն է, ընդդիմադիր ձայնը լռեցնելը և քաղաքական հաշվեհարդարը շարունակելը։
- Արթուր Սարգսյանը, 18 Արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալները, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։
- Օրենքի և սահամանադրականության այս աննախադեպ ոտնահարման վերաբերյալ մեր բողոք-ահազանգը փոխանցելու ենք մեր միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը»,- ասված է հայտարարության մեջ։

