Փաստաբանական թիմը բողոքարկելու է. Վարդևանյանը` Նարեկ Կարապետյանի տան խուզարկության մասին

Փաստաբանական թիմը բողոքարկելու է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունը։

Իրավապահները Նարեկ Կարապետյանի տանը վաղ առավոտից խուզարկություն էին իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, Սամվել Կարապետյանի մտերիմներից Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ նախաձեռնված վարույթի շրջանակում։ Դրանից առաջ հայտնի դարձավ, որ դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը։

«Փաստաբանական թիմը բողոքարկելու է։ Որևէ անհրաժեշտություն, համաչափություն կամ ողջամտություն չկա նման ինտենսիվ վարութային գործողության։ Այս ամենը քաղաքական գործունեությանը միջամտություն է։ Նարեկ Կարապետյան արդեն ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունի, այժմ ԱԺ 9-րդ գումարման աշխատանքների նախապատրաստական ամենակարևոր փուլն է, հետևաբար նման գործողությունների համար բարձր աստիճանի հիմնավորվածություն ու պատճառաբանվածություն պետք է լիներ։ Որևէ մեկը չկար»,– Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունից հետո Armat media-ին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց` ոչ մի բան չեն հայտնաբերել, ոչինչ չեն առգրավել։ Նա ընդգծեց` սա իշխանությունների իրականացրած հերթական շոուն է, և վստահեցրեց` իրենց ուժում որևէ մեկը չի վախենում ո՛չ գաղտնալսումներից, ո՛չ ճնշումներից, ո՛չ էլ խուզարկությունից։
Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։

Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում): ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031