Իր ուզածն ի՞նչ է, որ իր նման լինե՞նք. դարպասներից է խոսում. դու գնա, քո «Հայկական ժամանակի» դարպասները նայի. Նարեկ Կարապետյան
Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի տանը՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Թե ինչ են տնից վերցրել, ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Նարեկ Կարապետյանը նշեց, որ առանձնապես բան չեն տարել:
«Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել: Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է, չկա որևէ այլ պատճառ: Ուզում է ասել, որ մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բացի իր կողմից նշանակված սատելիտների: Այդպես չի կարող լինել, մենք մեր երկրում պետք է քաղաքականությամբ զբաղվենք, որովհետև ինքը սխալ ճանապարհով է տանում»,- շեշտեց նա:
Այս համատեքստում Նարեկ Կարապետյանը բերեց ՌԴ-ի հետ հարաբերությունների սրացմանը հանգեցրած Նիկոլ Փաշինյանի քայլերը:
«Երեկվա իր խոսքերը հիշո՞ւմ եք՝ մի քանի միլիարդի պահանջ ունենք: Ինքը սրում է, նույն ձև էն ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ էր խոսում, ինչ եղավ, ինչ ստացանք, ինչ կերանք: Երեկ էլ սրում է հարաբերություններն ուրիշ երկրի հետ՝ Ադրբեջանից 30-40 անգամ, նույնիսկ սրանից ավելի մեծ երկրի հետ: Վերցնենք հայտարարությունը երկաթուղու, այլ բաների հետ կապված: Սրում է հարաբերությունները երկրների հետ, ինչպես սրել էր Ադրբեջանի հետ, որը բերեց պատերազմի:
Սրած էր հարաբերություններն Ադրբեջանի հետ, բայց առիթ է տալիս, մենք դեռ չենք մարսել էն թշնամուն, ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում մեզ համար: Թող պայմանավորվի, չի՞ կարողանում: Թող գնա բանակցի Ռուսաստանի հետ, իրավիճակի ճանապարհ, պրոցես, լուծում գտնի, ոչ թե հանգեցնի փակուղու: Բողոքելով չի, մենք անկախ երկիր ենք և մենք պետք է կարողանանք հեռավորություն սահմանելուց ճիշտ լինենք, բայցև այնպես չանենք, որ ավելի սրենք հարաբերությունները:
Հիմա ովքեր ծափ են տալիս էս սրացմանը, նույն մարդիկ ծափ էին տալիս 2020 թ.-ի պատերազմից առաջ՝ Ադրբեջանի հետ սրացմանը»,- ասաց նա:
Նշենք, որ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված հարցերը քննարկել նաև միջազգային արբիտրաժային դատարանում։
«Մեր դիրքորոշումը մնում է նույնը․ դա մեր սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։
Այլընտրանք չկա սրան, այս հարցը պետք է լուծվի։ Մենք ուզում ենք, որ բարեկամաբար լուծվի, սակայն դե յուրե հարց կարող է ծագել, որ եթե անհամաձայնություն լինի, դա կարող է քննարկվել արբիտրաժային դատարանում»,- շեշտել է Փաշինյանը:
Ճեպազրույցի ժամանակ նա անդրադարձել է նաև «Արարատցեմենտ» գործարանին՝ նշելով․ «Լուրերով նայում եմ, վերևից ցույց են տալիս կադրերը․ դա 21-րդ դարի գործարա՞ն է։ Դա ավար է, թալանի օբյեկտ: Գոնե կարող եք մուտքի հատվածի համար երկու կոպեկ փող դնել, մի քիչ կարգի բերել»:
Այստեղ Նարեկ Կարապետյանը Փաշինյանին խորհուրդ է տվել «Հայկական ժամանակի» խմբագրության դարպասներին ուշադրություն դարձնի:
Իսկ Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ճեպազրույցի ժամանակ չի անտեսել նաև բարեգործության թեման, նշելով, թե «օլիգարխիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում», և պնդել, որ հոսանքի ավել փող է գրվել, օրինակ, զորամասերի վրա:
«Մոտավորապես 6 ամսվա ընթացքում 40-50 մարդ ենք հանել աշխատանքից դրա համար, 30 մարդու հետ կապված եղել է ծառայողական քննություն: Եվ վերադարձվել է ավելի շատ գումար էդ հավելագրումներով պայմանավորված մեր քննության ժամանակ, քան իրենք են արել»,- նշել է Կարապետյանը լրագրողների հետ զրույցում:
Մանրամասները՝ տեսանյութում

