Մակրոնի էժանագին սուտը՝ 8 տարի առաջ Հայաստան չէր գա, որովհետև Ռուսաստանի արբանյակ էր. մոռացա՞ր CEPA-ն
Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունն ապահովելու համար անհրաժեշտ է ավելի մեծ կենտրոնացում այն հիմնասյուների վրա, որտեղ Եվրոպան ունի գերկախվածություն։ Այս մասին «168 Ժամ»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի ինտերակտիվ պանելային քննարկման ընթացքում ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով անվտանգային ներկայիս միջավայրում եվրոպական ռազմավարական ինքնավարությանը վերաբերող հարցին։
«Կարծում եմ, որ երբ մենք խոսում ենք ռազմավարական ինքնավարության մասին, այստեղ միայն անվտանգության, պաշտպանության և էներգետիկայի մասին չէ հարցը, այլ այս բաղադրիչներն առանցքային են, այդ թվում՝ պարենային ասպեկտները, բայց մենք պետք է խոսենք տիեզերքի, ինչպես նաև կիսահաղորդիչների մասին, որովհետև նաև անհրաժեշտ է ապահովել կայուն ռազմավարական ինքնավարություն պաշտպանության ոլորտում։ Երբ մենք խոսում ենք, օրինակ՝ կիսահաղորդիչների մասին, եթե դու կախվածություն ունես այլ երկրներից, ապա անհրաժեշտ է դիտարկել գլոբալ տնտեսության ինտեգրումը և մեր ամբողջական նորարարական համակարգը, որովհետև մեր ռազմավարական ինքնավարության ձևավորումը պահանջում է շատ ավելի մեծ կենտրոնացում այն հիմնասյուների վրա, որտեղ մենք ունենք գերկախվածություն։ Անցած տարիների ընթացքում մենք փորձ արեցինք նվազեցնել այս գերկախվածությունը։ ՔՈՎԻԴ-ի համավարակը, ինչպես նաև Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ բացահայտեց մեր գերկախվածությունը Ռուսաստանի գազից։ Մենք փորձառում ենք մեր գերկախվածության ծանրությունը, երբ խոսում ենք մեր պաշտպանության և անվտանգության ամերիկյան հովանոցի մասին։ Սա սենյակում գտնվող փիղն է»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնն ընդգծել է եվրոպական համերաշխության և ավելի միասնական լինելու անհրաժեշտությունը՝ ռիսկերը չեզոքացնելու համար։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են ավելի շատ ներդրումներ և ավելի լավ կազմակերպվածություն։
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Եվրամիության հիմնական ռիսկերից մեկը հատկապես ԱՄՆ-Չինաստան առճակատման խորացումն է, որը կարող է շատ ավելի արագ ընթացքով բացահայտել վերոնշյալ կախվածությունները։ Այս համատեքստում նա անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցի հետ կապված իրավիճակին։
«Երբ ես դիտարկում եմ Ծոցի երկրները, ասիական երկրները, լատինաամերիկյան երկրները և աֆրիկյան երկրները, նրանք ուզում են կանխատեսելի գործընկերներ ունենալ, և երբեմն մեր շահերը գուցե չհամընկնեն, բայց եթե մենք իրականացնում ենք մեր օրակարգը՝ որպես կանխատեսելի գործընկեր, սա իմաստ կունենա։ Կարծում եմ՝ այստեղ մենք շատ կարևոր դերակատարում ունենք՝ նաև կապված Հորմուզի նեղուցի հետ իրավիճակում։ Ջորջիան (Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին,- Ա.Ս.) մեզ հետ էր, երբ մենք կազմակերպեցինք մեր այս վերջին հանդիպումը, մենք շատ ասիական և աֆրիկյան երկրներ ունենք և Ծոցի երկրներ ունենք, և շատ տպավորիչ էր տեսնել նրանց կազմակերպվածությունն ու օրակարգերի համաձայնեցվածությունը, և կարծում եմ, որ մեզ վստահում է Միացյալ Նահանգները, բայց մեզ վստահում են նաև իրանցիները։ Իհարկե, մենք միամիտ չենք՝ Իրանի հետ կապված, բայց նաև չենք պատերազմում նրանց հետ, ինչը ստեղծում է մի համատեքստ, որտեղ այս ամենը փոխկապակցվածության մեջ կարող է նշանակել, որ մենք կարող ենք ծառայություններ մատուցել դիվանագիտական, տնտեսական, ֆինանսական իմաստով, որպեսզի կարողանանք դյուրացնել Հորմուզի նեղուցի բացումը և բաց առևտուրը»,- նշել է Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ «ամենաթեժ թեման» Եվրոպայի համար Ուկրաինան է, և Եվրամիությունը պետք է աշխատի միասնաբար՝ ռազմավարական ինքնավարություն ձեռք բերելու համար։ Էմանուել Մակրոնը նաև «շատ տպավորված է» Հայաստանի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից։
«Նիկոլի տեսանկյունը շատ տպավորիչ է՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի հետ կապված։ Եկեք ազնիվ լինենք՝ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետև 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, և Նիկոլը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը, և այն որոշեց ապառիսկայնացնել երկիրը, և շահեց դրա արդյունքում, և այն որոշեց, որ խաղաղությունը և Եվրոպան առաջնային ձգտումն են, և այն դիմադրությունը, որ կա Ուկրաինայում, Հայաստանի ռազմավարությունը, այն, ինչ որ արվեց Մոլդովայում, ինչպես նաև շատ երկրներում, որոնք նստած են այս սեղանի շուրջ, ցույց է տալիս, որ իսկապես մենք՝ որպես եվրոպացիներ, անցյալ մի քանի տարիների ընթացքում որոշել ենք մի ահազանգ հնչեցնել միասնական զարթոնքի համար, և ռազմավարական ինքնավարությունը հենց այսպիսի մեծ ուժին է միտված»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Սա Մակրոնի հերթական ու էժանագին սուտն է. 2018-ից առաջ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը: Ավելին, 2017 թվականին Հայաստանի և Եվրամիության (ԵՄ) միջև ստորագրվեց համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA), որը վավերացրել են մի քանի տասնյակ եվրոպական երկրների խորհրդարաններ: Ավելին, 2009-ից ի վեր Հայաստանն օգտվում էր ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» («GSP+»), որի շրջանակում ԵՄ-ն Հայաստանի համար ավելի քան 6000 անուն ապրանքատեսակների մասով հանել էր մաքսատուրքերը, ապրանքների 40 տոկոսը ԵՄ էր արտահանվում զրոյական մաքսատուրքերով: Հայաստանի՝ REX գրանցված արտահանողների համակարգին միանալը բարենսպաստ ազդեցություն ունեցավ հատկապես ՓՄՁ-ների վրա, քանի որ համակարգը թույլ էր տալիս գործարարներին առանց ապրանքի ծագման վկայականի, մեկ անգամ գրանցվելով REX համակարգում, դուրս գալ ԵՄ շուկաներ եւ օգտվել GSP+ արտոնություններից:
Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ի հետ իշխանության գալով 2022-ի հունվարի 1-ից Հայաստանը դուրս դրեց Եվրոպական միության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմից։



