Պապիկյանը բարձր է գնահատում Սու-երի դերը. Ո՞ւմ է հասնում դափնին՝ նախկիններից «ժառանգված» ռազմական ղեկավարությա՞նը, թե՞…

Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով պաշտպանական ծախսերի մասին, կարևոր համարեց 2025 թվականը համեմատել նախահեղափոխական տարվա՝ 2018 թվականի հետ:

Մասնավորապես այն, որ 2018 թվակաին պաշտպանության ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, իսկ 2025 թվականին՝ 664 մլրդ դրամ՝ 1 մլրդ 741 մլն 604.000 դոլար:

Այսինքն, ըստ նախարարի, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով:

«Շատ կարևոր եմ համարում 2025 թվականի գործունեությունը համեմատել սկզբնական, զրոյական, նախահեղափոխական տարվա հետ այն առումով, որ շատ են քննադատություններն այն մասին, որ պաշտպանական ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր: Այս թվերը խոսուն են՝ մեղմ ասած»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարը համեմատականներ անցկացրեց նախահեղափոխական տարվա և 2025 թվականի միջև, և, որ ժամանակ առ ժամանակ նախկին իշխանությունները հիշեցնում են իրենց օրոք մշակված ԶՈւ զարգացման ծրագրի մասին, 168.am-ը Սուրեն Պապիկյանից փորձեց պարզել՝  արդյո՞ք տիրապետում է նախկին իշխանությունների օրոք մշակված բանակի արդիականացման 2018-2024թթ. յոթնամյա ծրագրին, թե քանի անօդաչու թռչող սարք պիտի ձեռք բերվեր (նախկին իշխող ուժն ասում է՝ 2500 հատ), քանի՞ Տոռ-Մ2ԿՄ համակարգ և այլն:

Ի պատասխան՝ պաշտպանության նախարարն ասաց, որ պատասխանատու ինֆորմացիա կհնչեցնի իր պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ կապված:

«Ես կարող եմ միայն ասել, որ կա Սպառազինության և ռազմական տեխնիկայի 5-ամյա պլան, որն իմ նախարար եղած ժամանակաշրջանում ինքը փոփոխվող փաստաթուղթ է (նշանակվել է 2021թ. նոյեմբերի 15-ին։- Մ.Պ.): Այսինքն, Գլխավոր շտաբը ներկայացնում է ոչ թե կոնկրետ զինատեսակներ, այլ զինատեսակներ՝ ըստ հնարավորությունների, և երբ միջազգային շուկայում համապատասխան հնարավորություն է լինում, ըստ դրա, որոշում է կայացվում և ԳՇ պետի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարը ձեռնարկում է գնման գործընթաց: Կարող եմ ասել, որ այս տարի մենք նախաձեռնելու ենք 2026-2030 թվականների 5-ամյա նոր պլան, հաշվի առնելով, որ նոր կառավարություն է լինելու»,- մանրամասնեց Սուրեն Պապիկյանը:

168.amգրել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի իրականացրել Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց: Այն երկրի պաշտպանական համակարգի և դրա գործունեության ռազմավարության վերանայմանն ուղղված միջոցառումների ամբողջություն է, որի նպատակն է գնահատել ՀՀ պաշտպանական համակարգը առկա և երկարաժամկետ հեռանկարում ակնկալվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների տեսակետից, բացահայտելով այդ առումով համակարգի համապատասխանելիությունը /ոչ համապատասխանելիությունը/:

Տվյալ գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում պաշտպանության ոլորտի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակման, հետևաբար՝ պաշտպանական բարեփոխումների համար:

Մենք հայտնել ենք նաև, որ Բանակի կերպափոխման հայեցակարգը հիմնված է ոչ թե Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի, այլ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի վրա:

Իսկ հայեցակարգի գործողության ժամկետը 2024-2035 թվականներն են, և այդ ընթացքում, ինչպես նշեց Սուրեն Պապիկյանը, ԶՈւ զարգացման 5-ամյա նոր պլան է լինելու:

Ի դեպ, մենք անցած տարի Պաշտպանության նախարարությունից գրավոր հարցման միջոցով փորձել էինք պարզել՝ ՀՀ նախկին իշխանությունների օրոք մշակված ՀՀ զինված ուժերի զարգացման 7-ամյա ծրագրով և վերցրած վարկով քանի՞ «Տոռ-Մ2ԿՄ» համակարգ կամ քանի՞ խմբաքանակ էր նախատեսված ձեռք բերել և 2018 թվականի իշխանափոխությունից հետո քանի՞սն է գնվել և Հայաստան հասել, ե՞րբ կամ արդյո՞ք 2020 թվականին, գուցե նաև 44-օրյա պատերազմի ընթացքո՞ւմ:

Պաշտպանական գերատեսչությունը գտել էր, որ մեր հարցադրումների պատասխանները գաղտնիության տարրեր են պարունակում, ուստի չէր տրամադրել հայցվող տեղեկությունը: Իսկ այն, որ այսօր էլ Հնդկական և Ֆրանսիական սպառազինության կողքին ՀՀ ԶՈւ զինանոցում առկա է նաև «Տոռ-Մ2ԿՄ» համակարգը, դա հստակ է:

Այս համատեքստում հրավիրված ասուլիսին մենք ՀՀ պաշտպանության նախարարին նաև հարց ուղղեցինք՝ Սու-30ՍՄ-երը արդյո՞ք մի օր իրենց ողջ հզորությամբ կկարողանանք կիրառել, թեև իշխանությունները հայտարարում են, որ անգամ նոր սպառազինությունը ձեռք է բերվում այն չկիրառելու հույսով:

«Սու-30ՍՄ-երի համար ունենք բավարար որոշակի սպառազինություն, բայց ակնկալվում են նաև համալրումներ: Սու-30ՍՄ-երը բավականին լավ կործանիչներ են, ես շատ բարձր եմ գնահատում դրանց դերը: Եվ ես կարծում եմ, որ մեծ դեր կարող են ունենալ և՛ մեր երկրի հակաօդային պաշտպանության, և՛ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը՝ առաջարկելով զերծ մնալ տեղեկությունից՝ արդյո՞ք նշված կործանիչների թիվը կարող է ավելացվել, քանի որ դեռ տարիներ առաջ պայմանավորվածություն կար ձեռք բերելու 8-12 հատ:

Նշենք, որ Սու-30-երը ձեռք բերելու գաղափարը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանինն ու ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանինն է, որը ի սկզբանե չի ողջունել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իսկ 44-օրյայի ավարտից անմիջապես հետո էլ պատերազմին դրա կիրառության հետ կապված հարցեր էր առաջ քաշում, ինչի պատասխանները ստացավ Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցաքննության ժամանակ, որ դրանք մարտական որոշակի խնդիր լուծել են:

Եվ արդեն անցած տարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ կործանիչներին: Մասնավորապես, 2025 թվականի ապրիլի 15-ին ԱԺ-ում նա անդրադառնալով բանակում իրենց արած-չարածին և ընդդիմության քննադատություններին, մասնավորապես, հայտարարել էր. 

«… Կամ՝ էդ որ ասում եք՝ Սու-երը բերել եք, էդ կարո՞ղ է մենք տենց նստել ենք, մենյուն բացել-նայել, թե ինչ վերցնենք: Ձեր զինվորականներն են խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են՝ մեզ էս է պետք կամ էն է պետք»:

Այսինք, Սու-երով քաղաքական PR արած իշխանության առանցքային դեմքերից մեկը դրանց ձեռքբերման «մեղքը» փորձել էգցել զինվորականության վրա և նրանց ոչ յուրային համարել, երբ նրանք այս ժամանակ իրենց կառավարությունում են աշխատել:

Եվ հիմա, երբ իշխող ուժը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատում այդ կործանիչների դերը և նույնիսկ մտածում դրանց համար նախատեսված «հավելումների» մասին, ո՞ւմ պետք է շնորհակալ լինել՝ նախկինների ժամանակ աշխատած զինվորականների՞ն, թե՞ ռազմական գործից հեռու Նիկոլ Փաշինյանին:

Ի դեպ. 2018 թվականին Փաշինյանի ընտանեկան թերթը «Սու-30. քայլ դեպի «սանձահարման» դոկտրին» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Այս կործանիչի ամենակարևոր տարբերությունն իր նախորդներից նրանում է, որ այն կարող է օպերատիվ-մարտավարական խորությունում գտնվող վերգետնյա կարևոր թիրախներ խոցել: Տեխնիկական տվյալները թույլ են տալիս զինվել 100 կմ և ավելի հեռահարություն ունեցող հրթիռներով: Այսինքն, պայմանականորեն, գտնվելով ՀՀ օդային տարածքում՝ կործանիչն ի զորու է կարևոր թիրախներ խոցել Ադրբեջանի տարածքում»:

44-օրյա պատերազմի ժամանակ նշվածը տեղի չունեցավ, քանի որ բացակայում էին կարևոր «ատրիբուտներ», բայց նմանօրինակ խնդրի լուծման դեպքում այս կործանիչը սանձահարող դեր կարող է ունենալ:

Այլ հարց է, որ 2024 թվականին, ինչպես գրել է 168.am-ը, նախկինների օրոք մշակված «Սանձահարում/Զսպում» հայեցակարգից՝ հակառակորդից պաշտպանվելու հայեցակարգի ենք անցել, թեպետ պաշտպանություն ասվածն էլ ենթադրում է այնպիսի գործողություններ, որոնք չեն տեղավորվում Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգում: Ուստի մնում է հուսալ, որ Սու-երի հետ կապված հավելումների հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

Տեսանյութեր

Լրահոս