«Զուգահեռաբար պետք է լինեն Գյումրի-Կարս բարձրավոլտ օդային գծի վերաթողարկման աշխատանքները». Արա Մարջանյան

Ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել ՀՀ արտաքին գերատեսչությունը։

Այս պահին որքանո՞վ է իրատեսական Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, երկաթգծի վերագործարկումից ի՞նչ է շահում Հայաստանը։

Էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման ամենադրականն կողմն այն է լինելու, որ իրական հեռանկար կբացվի Հայաստանի տարածքով Կարսը կապել Նախիջևանի հետ, այլ ոչ թե Կարս-Իգդիր-Սադարակ-Նախիջևանով։

«Սա չափազանց կարևոր է, քանի որ բազմիցս նշել եմ, որ Կարս-Իգդիր հատվածի երկաթուղու կառուցումով Հայաստանը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ։ Եթե վերաթողարկվի Կարս-Գյումրի երկաթուղին, այնուհետև Գյումրիից-Երևան և Նախիջևան հնարավոր կլինի երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել ՀՀ տարածքով։ Այս քայլով կկանխվեն Հայաստանի լիակատար շրջափակման քայլերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Մարջանյանը։

Կարդացեք նաև

Ըստ մեր զրուցակցի, Գյումրի-Կարս երկաթգծի վերաթողարկումից հետո Հայաստանը տարանցիկ մեծ հնարավորություններ կունենա բեռնափոխադրումներ իրականացնել բուն Հայաստանի տարածքով։

«Սրանից զատ, Հայաստանի տնտեսությունը հնարավորություն կունենա հասանելիություն ձեռք բերել թե՛ Սևծովյան, թե՛ Միջերկրական  ծովի նավահանգիստներ»,- հավելեց Ա. Մարջանյանը։

Փորձագետը նաև շեշտեց՝ ցավոք, այս պահին այս գործընթացն առաջ տանելու վերաբերյալ Թուրքիայի մասով փաստացի տվյալներ չկան, սակայն Կարսում հայ և թուրք պատվիրակների հանդիպումն ինքնին վկայում է, որ Թուրքիայում ինչ-որ գործընթացներ գնում են։

«Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա Գյումրի-Կարս երկաթուղու վերաթողարկումը տեղավորվում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գաղափարախոսության մեջ, կազմում է այդ ծրագրի անքակտելի մասը։ Կարծում եմ՝ սա, ի վերջո, շահեկան կլինի Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար։

Հայաստանին այս ծրագիրը կյանքի կոչելու համար, ըստ իս, անհրաժեշտ կլինի մի քանի տասնյակ միլիոն դոլար, ինչը դրա համար շատ ծախսատար չէ։

Մեկ կարևոր հանգամանք էլ ասեմ՝ շատ լավ կլինի, եթե զուգահեռաբար ընթանան Գյումրի-Կարս բարձրավոլտ օդային գծի վերաթողարկման աշխատանքները, որը մեծ հեռանկարներ կբացի, այս անգամ արդեն՝ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ փոխհոսքագծերի կազմակերպման տեսանկյունից»,- ընդգծեց Արա Մարջանյանը։

Հիշեցնենք, որ Կարսում հայ-թուրքական պատվիրակության հանդիպումից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ հանդիպումը որակելով պատմական առաջընթաց։

Հիշեցնենք, որ Գյումրի-Կարս երկաթգիծը փակվել է 1993 թվականին, երբ Արցախի առաջին պատերազմում հայկական կողմը հաջողություններ էր գրանցում՝ ազատագրելով հայկական տարածքները։ Թուրքիան դադարեցրեց երկաթգծի աշխատանքները՝ ի համերաշխություն Ադրբեջանի։

Տարիներ անց՝ 2005 թվականին, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը ստորագրեցին Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման մասին համաձայնագիր: 2017 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ  826 կմ ընդհանուր երկարությամբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930