Ինչո՞ւ Թրամփը խուսափեց «ցեղասպանություն» տերմինից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամենամյա ուղերձով է հանդես եկել Հայոց ցեղասպանության 111-ամյա տարելիցի օրը՝ 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որակելով որպես Մեծ եղեռն:
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ եղեռնի ժամանակ:
Մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա՝ որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մեր հարգանքն ենք տածում այն խորը ուժի ու վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա, որը սահմանված է տևական բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք կանգնած ենք նրանց կողքին»,- նշված է Թրամփի ուղերձում:
Դոնալդ Թրամփն ուղերձում խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերություններից ու իր ստեղծած Խաղաղության խորհրդից, նշելով, որ ԱՄՆ-ը ու Հայաստանը միասին կշարունակեն աշխատանքը՝ ուղղված առավել անվտանգ և բարգավաճ աշխարհի կառուցմանը: «Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ հայ ժողովրդի համար զգալի հնարավորություններ ստեղծելով և խթանելով երկարատև կայունությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Եվ այժմ, ամերիկացիներն ու հայերը կողք կողքի կանգնած են Խաղաղության պատմական խորհրդում՝ միավորված մեր նպատակի շուրջ՝ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան ազդարարելու համար»,- նշել է Թրամփը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական նահանջն Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և հիշատակումից»:
Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, Թրամփը հերթական անգամ ամոթալիորեն տեղի է տվել թուրքական սպառնալիքներին՝ «շարունակելով, արդեն վեցերորդ անգամ, գործադրել Անկարայի լռեցման քաղաքականությունն Ամերիկայի կողմից այդ ոճրի ազնիվ հիշատակման դեմ՝ չնայած Սպիտակ տան, Կոնգրեսի, բոլոր հիսուն նահանգների և տասնյակից ավելի ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ճանաչմանը»:
«Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումներից հետո, հայկական տարածքների շարունակվող օկուպացիայի, հայ բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի և հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման ֆոնին, Միացյալ Նահանգները պարտավոր է ոչ միայն ճշմարտությունն ասել 1915 թվականի ցեղասպանության մասին, այլև դադարեցնել իր մեղսակցությունն այդ ցեղասպանությունն ավարտին հասցնելու պանթուրքիստական փորձերին»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ևս իր ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործել էր հիմնականում Մեծ եղեռն որակումը, ցեղասպանություն տերմինն իր անդրադարձում օգտագործելով ընդամենը մեկ անգամ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «ցեղասպանություն» եզրույթից խուսափելն ու «Մեծ եղեռն» արտահայտությունն օգտագործելը, բնականաբար, հեռու է լոկ լեզվական նրբանկատություն լինելուց: Խուսափելով միջազգային իրավունքի տիրույթում հստակ պատասխանատվություն ենթադրող ձևակերպումից՝ Վաշինգտոնը հայկական հարցը դուրս է մղում իրավական պահանջատիրության դաշտից և տեղափոխում լոկ էթնիկ ողբերգության հարթություն։ Սա թույլ է տալիս Թուրքիային խուսափել պատմական պատասխանատվությունից և շարունակել Հայաստանի նկատմամբ ներկայիս քաղաքականությունը՝ առանց միջազգային իրավական հետևանքների։
Ամերիկյան ներկայիս վարչակազմի «միջնորդական» ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականում ձևավորում են տարածաշրջանային անվտանգության ճարտարապետություն, որտեղ առաջնահերթ են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը:
Թրամփի մոտեցումը ենթադրում է «խաղաղություն»՝ հայկական կենսական շահերի հաշվին, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե՝ որպես ինքնիշխան սուբյեկտ, այլ՝ որպես խոչընդոտ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ տնտեսական գործարքների ճանապարհին, որն ամեն ինչ պետք է անի ինտեգրվելու համար շահերի այդ տիրույթ։ Նման քաղաքականությունը նպաստում է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի նախապայմանները և այլ պահանջները։
ԱՄՆ-ի կողմից թուրք-ադրբեջանական շահերի գերակայությունը ստորադասում է պատմական արդարությունը։ Օգտագործելով «Մեծ եղեռն» եզրույթը՝ Վաշինգտոնը քաղաքական «կանաչ լույս» է վառում Անկարայի համար՝ շարունակելու իր պանթուրքիստական ծրագրերը, որոնք ուղղակիորեն հակասում են Հայաստանի ինքնիշխան զարգացմանը։ Այս համատեքստում ամերիկյան միջնորդությունը վերածվում է գործիքի, որի շրջանակում Երևանը պետք է հրաժարվի իր ազգային իղձերից՝ հանուն Արևմուտքի համար շահավետ էներգետիկ և լոգիստիկ նախագծերի։
Վերջնարդյունքում նման քաղաքական գիծը հանգեցնում է Հայաստանի միջազգային սուբյեկտայնության փոշիացմանը։ Երբ գերտերությունը խուսափում է իրավական գնահատականներից և հարմարվում ագրեսորի օրակարգին, այն փաստացիորեն մեկուսացնում է Հայաստանին՝ թողնելով նրան առանց իրական դաշնակցային երաշխիքների։ Սա ոչ թե խաղաղության միջնորդություն է, այլ դիրքերի զիջման նախապատրաստում, որտեղ Հայաստանի Հանրապետության շահը զոհաբերվում է հանուն տարածաշրջանում թուրքական գերիշխանության ամրապնդման և ամերիկյան կարճաժամկետ պրագմատիկ շահերի։




