ՊԱՏԵՐԱԶՄԸ ԳՆԱԼՈՎ ՄՈՏԵՆՈՒՄ Է… ԿԼԻՆԻ ՆՈՐ ԲԱԽՈՒՄ. ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ ԱՐՄԱԳԵԴՈՆԻՆ. ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարևան Իրանի դեմ պատերազմի հնարավոր հանգուցալուծումը կարող է փոխել աշխարհաքաղաքական ամբողջ պատկերը, ինչպես և ուժերի հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում և ընդհանուր եվրասիական տարածաշրջանում։ Մինչ այդ հետաքրքիր է հասկանալ, թե կրոնական ու գաղափարական ի՞նչ խորը, դարավոր արմատներ ունի Իրան-Իսրայել հակամարտությունն ընդհանրապես, և ինչո՞ւ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում կրոնական երանգներ հաղորդել ԱՄՆ-Իրան պատերազմին։ Թեմայի շուրջ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է կրոնագետ Վարդան Խաչատրյանը։

Կրոնագետը սրբապղծություն է համարում Թրամփի սոցցանցի էջում հրապարակված և որոշ ժամանակ անց ջնջված՝ արհեստական բանականությամբ մշակված այն նկարը, որում ԱՄՆ նախագահը ներկայանում էր Քրիստոսի կերպարով։
«Եթե դու ասում ես՝ «ես սանիտարի դեր եմ կատարում», բա էն ի՞նչ լույս է իր ձեռքին։ Հա, այ ախպեր, հասկացանք, էդ բանին կարող է հավատալ ամերիկյան հասարակության 3 տոկոսը, լավ՝ 10 տոկոսը, բայց մնացածը չեն կարող հավատալ այդ ամենին։ Հասկանալի է՝ Հիսուսը չէ, որովհետև եթե Հիսուսը մոտեցավ, ձեռքը դրեց՝ այդ մարդը պետք է վեր կենա, և վերջ։ Բայց մյուս ձեռքում եղած լույսն էլ խոսում է, որ աստվածայնություն է վերագրվում։ Թրամփին Հռոմի պապի շորերով տեսել ենք, վիկինգի շորերով տեսել ենք, հիմա մաքուր էդ է դարձել, էլ բանուգործ չկա, մեկ էլ էս AI-ով ստեղծած նկարները պիտի քննարկենք։ Ախր ո՞ւմ են պետք դրանք, ի՞նչ ենք սպասարկում, որ որևէ մեկը Հիսուսին փոխարինո՞ղն է Երկրիս երեսին, այդպիսի բան կարող է լինե՞լ։ Մենք Հիսուսին համարում ենք Աստված. Աստծուն փոխարինող կարո՞ղ է լինել մահկանացուների մեջ։ Ոչ թե չի կարող լինել՝ դա սրբապղծություն է։ Մենք ունենք մեր հավատը, մենք ունենք մեր դավանանքը և մենք սպասում ենք Փրկչին, որը պետք է գա՝ որպես Աստված, չպետք է գա՝ որպես մարդ, որ հայտարարի՝ «ես եկել եմ՝ փրկեմ բոլորիդ»։ Էդպիսի բան չկա աշխարհի երեսին։ Քրիստոնեությունը դա մերժում է»,- թեմայի առնչությամբ ասաց կրոնագետը։
Վարդան Խաչատրյանը թերահավատորեն է վերաբերվում Միացյալ Նահանգների և Իրանի միջև հայտարարված երկշաբաթյա հրադադարին ու բանակցային գործընթացին՝ կանխատեսելով ռազմական նոր բախումներ հակամարտող կողմերի միջև։
«Պարզ երևում է, որ կողմերը պատրաստվում են նոր բախման, այսինքն՝ անխուսափելիորեն կլինի նոր բախում»,- կարծում է կրոնագետը։
Վարդան Խաչատրյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Իրանին ստվերային աջակցություն ցուցաբերող Ռուսաստանը և Չինաստանը դուրս են գալիս ստվերից։
Զրուցակցի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները ոչ մի հաջողության չհասավ Իրանի դեմ պատերազմում և հիմա փորձում է «խաչակրաց արշավանք» կազմակերպել Իրանի դեմ։
Խաչատրյանի խոսքով՝ ամերիկյան բանակն արդարացի պատերազմ չի համարում այս պատերազմը։ Խոսելով իրանա-իսրայելյան հակամարտության կրոնական արմատների և ԱՄՆ նախագահի՝ Իրանի դեմ պատերազմին կրոնական երանգներ հաղորդելու փորձերի թեմայի շուրջ՝ կրոնագետը նշեց, որ աշխարհաքաղաքական ներկա զարգացումները և ատոմային պատերազմի վտանգը ցույց են տալիս, որ աշխարհը մոտենում է Արմագեդոնին։ Վարդան Խաչատրյանը միջուկային բախման իրական վտանգ է տեսնում։
«Այս պահին միակ բանը, որ կարող ենք արձանագրել, այն է, որ պատերազմը գնալով ավելի ու ավելի մոտենում է, որովհետև կողմերը հսկայական ռեսուրսներ են ծախսում մոտեցնելու համար պատերազմական գործողությունների գոտում զենք-զինամթերք, նոր ստորաբաժանումներ և այլն։ Դա չես թաքցնի. աշխարհով մեկ դա երևացող է։ Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Իսրայելը գնալով ավելի ու ավելի հակվում են նոր փուլին, այսինքն՝ այս հրադադարն ինչ-որ ժամանակ է՝ հաջորդ փուլին վերապատրաստվելու համար։ Մյուս կողմից երևում է, որ հնարավոր է՝ ձևավորվի ալյանս։ Պարզապես ես համարում եմ, որ եթե կոնվենցիոնալ զենքով է ընթանալու, կողմերի հյուծվածությունն այնպիսին է, որ ավելի երկար կտևի խաղաղությունը, քան սպասվում էր։ Բայց եթե ծայրահեղ դառնա իրավիճակը, իսկ ծայրահեղ դառնալու մեծ շանսեր կան, այդ դեպքում պատերազմը կարող է շատ ավելի արագ տեղի ունենալ՝ միանգամից էսկալացիոն շիկացման աստիճանը հասցնելով միջուկային բախման»,- հավելեց կրոնագետը։

Վարդան Խաչատրյանը նկատում է կողմերի հյուծվածությունն ավելի քան 40 օր տևած ռազմական գործողությունների հետևանքով։ Հատկապես նշում է Իսրայելի հյուծվածությունը, որը չի կարողանում դիմադրել նույնիսկ Լիբանանում գործող ընդդիմադիր ուժի հրթիռներին։
«Դա նշանակում է, որ կոնվենցիոնալ զենքով պատերազմն այլևս ձեռնտու չէ նրանց, ավելին՝ կոնվենցիոնալ զենքով պատերազմը շարունակելու դեպքում տուժելու են, որովհետև Իրանի հրթիռների քանակությունն անվիճելիորեն շատ ավելի երկար ժամանակ դեռ կհերիքի։ Այս պատերազմը ևս կարող է այդպիսի ընթացք ունենալ, բայց ինչպես ասում են՝ տա ոչ Աստված, որ այդ ամենը, որպես շիկացման աստիճան, բարձրանա մինչև միջուկային բախում»,- հավելեց Վարդան Խաչատրյանը։
Հարցին՝ ե՞րբ է լինելու Քրիստոսի երկրորդ գալուստը, և որքա՞ն է աշխարհը մոտեցել Արմագեդոնին, կրոնագետը պատասխանեց. «Բոլորը սպասում են Հիսուսի գալուստին։ Ե՞րբ կգա՝ երբ Աստված կծռի երկինքն ու կիջնի… Ելնելով այն ամենից, ինչից մենք խոսեցինք, երևի թե լավ էլ մոտեցել է, որովհետև միջուկային հսկայական սպառազինությունների պայմաններում ընթանում են անհասկանալի խաղեր, որոնք կարող են ամեն վայրկյան վերածվել կիրառական բախումների։ Հիմա ի՞նչ եք ուզում։ Բոլորը զինված են, անասելի զինված են…»։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ռազմական գործողություններ էին սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ի առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական ժամկետն էր սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության համար մինչև նույն օրվա ժամը 20։00-ն՝ սպառնալով ավերիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրացանցերին և տրանսպորտային ենթակառուցվածքներին և «ոչնչացնել Իրանի ամբողջ քաղաքակրթությունը», եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը և գործարք չկնքի Միացյալ Նահանգների հետ։ Սակայն «դեդլայնի» ավարտից ընդամենը մեկուկես ժամ առաջ՝ Վաշինգտոնի ժամանակով 18։32-ին, Թրամփը Truth Social սոցցանցի իր պաշտոնական էջում հայտարարեց, որ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի միջնորդությամբ Միացյալ Նահանգները համաձայնել է ԵՐԿՇԱԲԱԹՅԱ ԵՐԿԿՈՂՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ՝ ընդառաջելով գիշերը նախատեսված «ավերիչ գործողություններից» հետ կանգնելու նրանց խնդրանքին և այն պայմանով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնի Հորմուզի նեղուցի ամբողջական, անհապաղ և անվտանգ բացման։ Դոնալդ Թրամփը նաև նշել էր, որ ամերիկյան կողմն ընդունել է Իրանի 10 կետանոց առաջարկը՝ որպես բանակցությունների հիմք։

Ապրիլի 11-ին Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ տեղի էին ունեցել ամերիկյան և իրանական պատվիրակությունների բանակցություններն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ։ 21 ժամ տևած բանակցություններում Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչները համաձայնության չէին հասել։ Ապրիլի 14-ին «Ֆրանսպրես» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ Պակիստանն աշխատում է բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու ուղղությամբ։ Նախորդ օրը Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը երկուշաբթի օրը սկսել են Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ իր հերթին զգուշացրել է՝ եթե Միացյալ Նահանգները վերսկսի հարձակումները, ապա Իրանը կկիրառի այնպիսի կարողություններ, «որոնց մասին թշնամին պատկերացում անգամ չունի», և դրանց հակազդելու «շատ սահմանափակ կարողություն կունենա»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



