ԹՐԻՓՓ-ը մեռավ. Իրանը երկրորդ «Վիետնամ» է դառնալու ԱՄՆ-ի համար. Արմեն Հովասափյան

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը Հայաստան «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկելու մասին բացառապես հակառուսական հայտարարություն էր։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպես գնահատեց ՀՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը՝ խոսելով հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ «հիբրիդային սպառնալիքների» հարցի շահարկման և արտաքին միջամտությունների թեմայի շուրջ։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը «բերանի ծամոն» են դարձրել «հիբրիդային պատերազմի» վերջին մեկ տարվա ընթացքում, մինչդեռ իրականում, ինչպես Արմեն Հովասափյանն է կարծում, հենց իրենք են «հիբրիդային պատերազմ» վարում հայի և հայկականության դեմ։

«Իմ գնահատմամբ՝ Կալասի շուրթերով ինչ-որ տեղ խոսում է նաև Թուրքիան։ Հիշում եք, չէ՞, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը, որ իրենք ամեն կերպ աջակցում են Նիկոլ Փաշինյանին և կողջունեն, եթե նա վերընտրվի և շարունակի իր քաղաքականությունը հայ-թուրքական, հայ-ադրբեջանական գործընթացներում։ Դիվանագիտական լեզվից թարգմանած՝ դա նշանակում է, որ իրենք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում վերարտադրվի։ Չմոռանանք, որ Հաքան Ֆիդանը տևական ժամանակ եղել է Թուրքիայի հակահետախուզության ղեկավարը, և երբ Էրդողանը նշանակեց նրան արտաքին գործերի նախարար, դա հենց այնպես արված քայլ չէր, քանի որ հակահետախուզության պետը, դառնալով արտգործնախարար, արդեն հասկանում ենք, թե առաջիկայում ինչ մարտավարություն և ռազմավարություն է որդեգրելու՝ արտաքին քաղաքականություն վարելիս, և Ֆիդանի այս տեքստը նախօրեին Կալասի բերանով արտահայտվեց, քանի որ Արևմուտքի շահերի ներկայացուցիչը տարածաշրջանում Թուրքիան է»,- հավելեց Արմեն Հովասափյանը։

Կարդացեք նաև

Քաղաքագետի գնահատմամբ՝ Եվրամիության «հիբրիդային արձագանքման» առաքելությունն ինքնին բացահայտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին ու մասնավորապես՝ խորհրդարանական ընտրություններին։

Արմեն Հովասափյանի խոսքով՝ Կայա Կալասը «группа поддержки» է ուղարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաշինյանը և իր թիմը «բերանի ծամոն» են սարքել «հիբրիդային պատերազմի» կամ «հիբրիդային սպառնալիքների» թեման, բայց ամբողջովին, մինչև վերջ չեն ասում, այդ սողանցքները, մանևրելու տեղերը թողնում են, որ, օրինակ՝ Ալենը կամ մյուսը գնան Մատվիենկոյի, Լավրովի հետ հանդիպման՝ խուսանավելու տեղ ունենան, թե՝ «մենք Ռուսաստանին բան չենք ասել»։ Այսինքն՝ սա հերթական մանիպուլյացիան է, երբ ասում ես մի բան, ու բոլորն էլ գիտեն՝ ում նկատի ունես, բայց թվում է, թե ոչինչ չես ասել, սակայն գործից հասկացող մարդիկ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը։ Փաստացի Կայա Կալասը հայտարարում է. «Մենք լսեցինք Նիկոլ Փաշինյանի ձայնը, ականջալուր եղանք Եվրախորհրդարանում նրա աղերսանքին և մենք «группа поддержки» կուղարկենք, որպեսզի Հայաստանում ընտրություններին հիբրիդային պատերազմը կանխարգելվի»։

Այսինքն՝ Հայաստանի ընտրություններին, երբ առաջնային մանդատ պետք է ստանա քաղաքական ուժը, և Ազգային ժողով, Կառավարություն ձևավորվի, պրոցեսին ներգրավվելու է արտաքին ուժ։ Սա նշանակում է, որ Հայաստանի ներքին գործերին ուղղակիորեն լինելու է արևմտյան միջամտություն, որը փորձելու է ներկայացնելու իր քիմքին հաճո զեկույցներ, կարծիքներ և գնահատականներ ընտրությունների մասին»։

Խոսելով հարևան Իրանի դեմ Իսրայել-ԱՄՆ կոալիցիայի կողմից շարունակվող ռազմական գործողությունների և Հայաստանին սպառնացող վտանգների ու ազդեցությունների մասին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Իրանի դեմ պատերազմը ժամանակավրեպ է դարձնում ԹՐԻՓՓ նախագիծը։

«Թրամփի անունով գոյություն ունեցող ոչ մի ծրագիր Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ։ ԹՐԻՓՓ-ը մեռավ, և պատերազմը ոնց ուզում է՝ կարգավորվի։ Եթե Իրանում պահպանվում է գործող վարչակարգը, և Իրանի իշխանությունը կարողանում է շարունակել իր այս ամբողջ լայնածավալ պատերազմը և պահպանել իր քաղաքակրթական մոդելը և իր կրոնապետական համակարգը, որ այսօր կա, ԹՐԻՓՓ կոչված հանգույցը չի գործելու»,- մեկնաբանում է քաղաքագետը։

Արմեն Հովասափյանի գնահատմամբ՝ եթե Միացյալ Նահանգները ցամաքային գործողություններ ձեռնարկի Իրանի դեմ, ապա այդ դեպքում Իրանը ոչ թե երկրորդ «Իրաքը», այլ երկրորդ «Վիետնամն» է դառնալու Միացյալ Նահանգների համար։

Հիշեցնենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մարտի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Եվրամիությունը, հետևելով Հայաստանի խնդրանքին, հիբրիդային արագ արձագանքման խումբ կուղարկի՝ օգնելու հակազդել սպառնալիքներին ընտրություններին ընդառաջ»։ Կայա Կալասը նաև նշել է. «Հարևանության ժողովրդավարության դիմակայունությանն աջակցելը մնում է կարևոր։ Մենք չենք միայնակ չենք թողնի Հայաստանին արտաքին միջամտության դեմ հանդիման։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարական երկրները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս