Իրանի կոշտացող դիրքորոշումն ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ․ ինչպե՞ս Իրանը կդիրքավորվի Հարավային Կովկասում

Օրերս հայտարարված ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարը, ԱՄՆ-Իրան Իսլամաբադում սպասվող բանակցությունները դեռևս չսկսված, կողմերի միջև լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել՝ կասկածի տակ դնելով հրադադարն ու հետագա հնարավոր պայմանավորվածությունները։ Եվ այս ամենն այն պատճառով, որ Իրան-ԱՄՆ հրադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումից անմիջապես հետո Իսրայելը սկսեց ուժեղ հարվածները Լիբանանին, հայտարարելով, թե Լիբանանը չի մտնում ԱՄՆ-Իրան պայմանավորվածությունների շրջանակ։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բանակցությունների մեկնարկից առաջ արդեն խախտել է Իրանի 10 կետանոց առաջարկի երեք հիմնական կետ, ներառյալ՝ Լիբանանում հրադադարի խախտումը, անօդաչու թռչող սարքով Իրանի օդային տարածք ներթափանցելը և Իրանին ուրան հարստացնելու իրավունքից զրկելը։

«Ինչպես ԱՄՆ նախագահը հստակ նշել է, Իրանի 10 կետանոց առաջարկը «բանակցությունների համար գործունակ հիմք» է և այդ բանակցությունների հիմնարար շրջանակը։ Սակայն մինչ օրս այս առաջարկի երեք կետ խախտվել է»,- գրել է Ղալիբաֆը Х սոցիալական ցանցում։

Ըստ նրա՝ խախտումների թվում են առաջարկի առաջին կետի չկատարումը, որը վերաբերում է Լիբանանում հրադադարին, Լար քաղաքում անօդաչու թռչող սարքով Իրանի օդային տարածք ներթափանցելը և Իրանին ուրան հարստացնելու իրավունքից զրկելը։ Ղալիբաֆը հավելել է, որ նման պայմաններում երկկողմանի հրադադարը կամ բանակցությունները նպատակահարմար չեն։ Ակնհայտորեն, որոշակի խառնաշփոթ կա Իրանի առաջարկների շուրջ, որոնց մի քանի տարբերակ է շրջանառվում, կողմերն էլ համապատասխանաբար տարբեր կերպ են մեկնաբանում դրանք: Իրանը պնդում է, որ հրադադարը տարածվում է նաև Լիբանանի, այսինքն՝ Իրանի դաշնակիցների վրա, պետք է վերացվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները, Թեհրանը պետք է պահպանի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, շարունակի հարստացնել ուրանը: Սակայն ԱՄՆ-ը պնդում է, որ հրադադարը Լիբանանին չի վերաբերում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե որևէ պայմանավորվածություն չկա, որ Իրանին թույլ կտրվի ուրան հարստացնել: Հորմուզի նեղուցն էլ պետք է բացվի և անվտանգ լինի երթևեկության համար: ԱՄՆ փոխնախագահը ևս հաստատել է՝ ԱՄՆ-ը չի համաձայնել Լիբանանում հրադադարին: «Մենք երբեք նման խոստում չենք տվել… մենք ասել ենք, որ հրադադարը կկենտրոնանա Իրանի և Ամերիկայի դաշնակիցների՝ թե՛ Իսրայելի, թե՛ Պարսից ծոցի արաբական պետությունների վրա»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Կարդացեք նաև

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իր պաշտոնական X սոցիալական ցանցի էջում հրապարակել է պակիստանյան հայտարարությունը, որում նշվում է, որ Լիբանանը պաշտոնապես ընդգրկվել է այն երկրների ցանկում, որտեղ պետք է անհապաղ կիրառվի հրադադար, ընդգծելով. «Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի պայմանները հստակ և պարզ են. Ամերիկան ​​պետք է ընտրի հրադադարի կամ Իսրայելի միջոցով պատերազմը շարունակելու միջև: Այս երկու գործոնների համադրությունը անհնար է: Աշխարհը Լիբանանում ականատես է լինում կոտորածների: Գնդակն այժմ Միացյալ Նահանգների դաշտում է, և համաշխարհային հասարակական կարծիքը հետևում է, թե արդյոք երկիրը կկատարի իր պարտավորությունները»:

Եվրոպական միության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա՝ հավելելով, որ Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը պետք է զինաթափվի։ «Իսրայելի գործողությունները լուրջ ճնշման տակ են դնում ԱՄՆ-Իրան հրադադարը։ Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ Իսրայելական հարվածների հետևանքով անցած գիշեր հարյուրավոր մարդիկ են զոհվել, ինչը դժվարացնում է պնդել, որ նման կոշտ գործողությունները կարելի է դիտարկել՝ որպես ինքնապաշտպանություն»,- գրել է Կալասը X սոցիալական ցանցում։

Այսօր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ պետք է մեկնեին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բանակցությունների նպատակով, սակայն դեռևս չկա հստակ տեղեկատվություն՝ կայանալո՞ւ են արդյոք Իրան-ԱՄՆ բանակցություններ Պակիստանում, թե՞ ոչ։ Ըստ մերձավորարևելյան մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրությունների, Պակիստանը մեծ ակտիվությամբ պատրաստվում է իր միջնորդական ջանքերին՝ պատրաստվելով պակիստանյան հարթակում հյուրընկալել ամերիկյան ու իրանական պատվիրակություններին գլոբալ բանակցությունների համար։

Եվ ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ, ըստ հեղինակավոր Financial Times պարբերականի, Թրամփի վարչակազմը շաբաթներ շարունակ գաղտնի կերպով պնդում էր, որպեսզի հրադադար հաստատվի, ձգտելով թեթևացնել Հորմուզի նեղուցի վրա Իրանի վերահսկողության հետևանքով առաջացած տնտեսական բեռը, Վաշինգտոնը հույս ուներ Պակիստանին որպես միջնորդ օգտագործել: Ավելին, ըստ պարբերականի, Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կապ էր պահպանում իրանցի պաշտոնյաների, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և անձամբ Թրամփի հետ՝ նույնիսկ այն բանից հետո, երբ նախագահը երեքշաբթի օրը սպառնաց ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը:

Դիվանագիտական ​​​​հաղորդակցություններին ծանոթ հինգ աղբյուրների համաձայն՝ Թրամփը հրադադար է խնդրել մարտի 21-ից, նույն օրվանից, երբ նա առաջին անգամ սպառնաց հարվածել իրանական էլեկտրակայաններին: Սակայն, միևնույն ժամանակ՝ հրապարակային դաշտում ԱՄՆ նախագահը հանդես էր գալիս այլ հռետորաբանությամբ, սպառնալով անընդհատ ռմբակոծություններով և ոչնչացնելու հեռանկարով։

«Նրանք են, որ խնդրում են համաձայնության համար, ոչ թե ես: Նրանք են, որ խնդրում են համաձայնության համար»,- ասում էր Թրամփը՝ հավելելով, թե իրանցիները համաձայնության համար են աղերսում։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-Իրան սպասվող բանակցությունները Պակիստանում կարծես մեծ արդյունքներ չեն խոստանում, դրանք տեղի են ունենալու բարդ և բազմաշերտ անվտանգային միջավայրում, որտեղ բազմաշերտ տարաձայնությունները սահմանափակում են դիվանագիտական հաջողության հնարավորությունը։ Իսրայելի կողմից Լիբանանում գործողությունների շարունակումը հրադադարի ֆորմալ պայմաններում ստեղծում է մի իրավիճակ, որտեղ Իրանը բանակցությունների սեղանին ներկայանում է ոչ թե զիջումների, այլ դիմադրության և զսպման տրամաբանությամբ՝ էլ ավելի կոշտացնելով դիրքորոշումը, որը նկատում ենք արդեն իսկ Թեհրանից հնչող հայտարարություններից։ Ձևավորվել է «կառավարվող լարվածության» դասական իրավիճակ, որտեղ կողմերը շահագրգռված են բանակցել, սակայն ոչ բավարար չափով՝ իրական փոխզիջումների հասնելու համար։

Այս ֆոնին Պակիստանի միջնորդական դերը, թեև կարևոր, ունի ավելի շատ տեխնիկական, քան ռազմավարական նշանակություն։ Իսլամաբադը կարող է ապահովել հաղորդակցության հարթակ, սակայն չի կարող ազդել հիմնական հակասությունների վրա, որոնք պայմանավորված են ոչ թե երկկողմ, այլ տարածաշրջանային և նույնիսկ գլոբալ մրցակցությամբ։

Հաջողության հավանականությունը վերուծաբանները գնահատում են սահմանափակ՝ առավելագույնը մասնակի արդյունքների մակարդակում։ Խոսքը կարող է լինել լարվածության ժամանակավոր նվազեցման, հաղորդակցության ուղիների պահպանման կամ հումանիտար բնույթի պայմանավորվածությունների մասին, սակայն ռազմավարական բեկում քչերն են կանխատեսում։

Իրանցի վերլուծաբանների, դիվանագետների խոսույթը ցույց է տալիս, որ Իրանի կոշտացող դիրքորոշումն անխուսափելիորեն անդրադառնալու է նաև Հարավային Կովկասի վրա։ Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմին ընդառաջ՝ Իրանը կոշտացրեց իր դիրքավորումն Ադրբեջանի նկատմամբ՝ Ադրբեջանին փոխանցելով բազմամակարդակ զգուշացումներ Իրանի թշնամիներին ադրբեջանական տարածքը տրամադրելու հետևանքների մասին։

Վերջին տարիներին Թեհրանն արդեն հստակ ազդակներ է տվել, որ տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական վերաձևում, որը կսահմանափակի իր կապը Հայաստանի հետ կամ կուժեղացնի թուրք-ադրբեջանական տանդեմը, դիտարկվելու է՝ որպես կարմիր գիծ։

Ներկայիս լարվածության խորացման պայմաններում այս դիրքորոշումը կարծես ավելի ընդգծված է դառնում։ Սակայն դեռ հասկանալի չէ, թե սա ինչպես է անդրադառնալու իրական իրանական քաղաքականության վրա Հարավային Կովկասում։ Կարելի է սպասել մի քանի միտումների սրացում։ Չի բացառվում, որ Իրանը կփորձի ավելի ակտիվորեն ամրապնդել իր տնտեսական և ենթակառուցվածքային ներկայությունը Հայաստանում՝ որպես հակակշիռ տարածաշրջանային այլ նախագծերի, չի բացառվում նաև անվտանգային համագործակցության խորացում, և երրորդ՝ Թեհրանը կարող է ավելի կոշտ արձագանքել ցանկացած նախաձեռնության, որը կվերաբերի ՀՀ-ում ԱՄՆ ներկայությանը և ԹՐԻՓՓ-ին, դիտարկելով այն իր ռազմավարական շահերի խաթարում։

Այս զարգացումները Հարավային Կովկասը վերածում են աշխարհաքաղաքական ավելի մեծ մրցակցության գոտու, որտեղ Իրանը, իր գլոբալ ճնշումների ֆոնին, կարող է գործել ավելի վճռական և երբեմն՝ ավելի ռիսկային։ Դա, իր հերթին, բարդացնում է նաև Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները։

Եզրափակելով՝ պետք է նշել, որ ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունները Պակիստանում տեղի են ունենալու ոչ նպաստավոր ռազմաքաղաքական պայմաններում, և դրանց հաջողությունը կախված է տարածաշրջանային էսկալացիաների դինամիկայից։ Իսկ Իրանի կոշտացող դիրքորոշումը կարտացոլվի նաև Հարավային Կովկասում՝ ավելացնելով լարվածության և մրցակցության մակարդակը տարածաշրջանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930