Ի՞ՆՉ ՊԱՀԱՆՋ ԷՐ ԴՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՌՋԵՎ… ԱՌԱՆՑ ՓՈՂՈՑԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ՝ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ. ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Գիտե՞ք, երբ Հանրապետականին ինչ-որ մեկը փորձում է մեղադրել վախենալու մեջ, ուզում եմ հիշեցնել նաև այդպես մտածողներին, որ 2018 թ․ հաջորդած ժամանակահատվածներում, երբ շատերը կամ ճնշող մեծամասնությունը վախենում էին որևէ ձևով հակադրվել Նիկոլ Փաշինյանին՝ 2018 հայտնի իրադարձություններից հետո, շողոքորթում էին, նկարներով փորձում էին հիշեցնել, որ իրենք եղել են հրապարակներում և իրենք էլ են պահանջել Հանրապետականի հրաժարականը և այլն, Հանրապետականը միակ ուժն էր, որն ընդդիմություն էր։

Կարդացեք նաև

Հիշում եմ՝ 2018թ․ օգոստոսին առաջնագծում ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների բավականին մեծ կուտակումներ կային, ես Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականն էի, և դրա մասին պետք է խոսեինք։ Քննարկում էինք՝ ի՞նչ ֆորմատով ներկայացնենք թեման, որպեսզի ադրբեջանցիների համար նաև ակնհայտ դառնար, որ այդ հանկարծակության գործոնը չէր աշխատելու։

Բակո Սահակյանն առաջարկեց, որ ես այդ թեմայով հանրային խոսեմ․ պատկերացրեք՝ էյֆորիկ իրավիճակներ, 2018թ․ օգոստոս, որ բոլորն ասում են՝ վե՛րջ, Նիկոլն եկավ, խաղաղությունը և այլն, ու ես հարցազրույց եմ տալիս, ասում եմ, որ Ադրբեջանի կողմից կուտակումներ կան, բավականին մեծ սպառնալիք կա անկանխատեսելի գործողությունների։ Իմ այդ օրվա հարցազրույցը, երբ դրեցի էջում, հիշում եմ, թե ինչպիսի մարդիկ էին գրում անձնական նամակով, ինչպիսի մարդիկ էին մեկնաբանություններ անում, թե՝ հերի՛ք եղավ, բոլ եղավ, մեզ շանտաժի մի՛ ենթարկեք, պատերազմով մի՛ վախեցրեք, և այլն։

Նաև այսօրվա խաղացողներ․ չեմ ուզում անուններ տալ։ Ես իրենց ներել եմ, ես քրիստոնյա մարդ եմ, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ու որքան հնարավորություն է լինում մարդկանց ներել, ես ներում եմ։

  • ՀՀԿ որոշումը՝ նեղկուսակցականը, նեղթիմայինը մի կողմ դնելու, ստորադասելու և շատ ավելի մեծ նպատակի համար գնալու որոշում էր։

Ես կարծում եմ, որ Հանրապետականն այս փուլում օրինակելի քայլ է արել, որը շատ կարևոր է, որպեսզի մեր հանրությունը և հատկապես մեզ հավատացող քաղաքացիները դա չընդունեն որպես դադար, պայքարից հրաժարվել․ Հանրապետականն իր որոշման հետ միաժամանակ ներկայացրեց, թե որ ուղղությամբ է շարժվելու՝ սկսած ներկուսակցական վերափոխումներից, ավարտած՝ սատարումների այն փաթեթը, որը մենք առաջարկեցինք իրական ընդդիմադիր դաշտին։

Ես ունեմ համոզմունք առ այն, որ առանց փողոցը վերցնելու, առանց ներքաղաքական օրակարգին տիրապետելու, անհնար է ընտրությունների միջոցով գնալ փոփոխությունների։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր քաղաքացիները գնան ընտրության՝ քարոզչական մակարդակով, բայց նաև մեր խորհուրդն ու հորդորն է ընդդիմադիր ուժերին, որպեսզի ընտրական պրոցեսներին զուգահեռ՝ այդ 2 կարևորագույն հարցի նկատմամբ մոտենան համակ ուշադրությամբ։

Մենք պատրաստ ենք և հրապարակային հայտարարել ենք, որ պատրաստ ենք օրակարգը վերցնելու, հանրային քաղաքական օրակարգը, փողոցը ակտիվացնելու և փողոցում պրոցեսներ գեներացնելու մասով։ Հանրապետականը պատրաստ է դնել իր ողջ հնարավորություններն ու պոտենցիալը։ Թե ինչ ճանապարհով կգնան մեր ընդդիմադիր գործընկերները, արդեն ժամանակը ցույց կտա։

  • Կան ուժեր, որոնք առաջնորդվում են, առաջին պլան են բերում թեմաներ, որոնք, ըստ իրենց, թրենդային են և հասարակության հնարավորինս մեծ խմբերի այս պահին սպասումն են արտահայտում, բայց Հանրապետականը չի կարող այդպես շարժվել, որովհետև Հանրապետականի ծրագրային և գաղափարախոսության հիմքում դրված են մոտեցումներ, որոնք որևէ ձևով չեն կարող սակարկման առարկա դառնալ։ Այդ հարցերից մեկը վերաբերում է Արցախին։

Եթե նույնիսկ ամեն ինչ մի կողմ դնենք, ապա Սերժ Սարգսյանը, որն Արցախի անկախության առանցքային դերակատարներից է, ինքնապաշտպանության հիմնական կազմակերպիչներից է․․․, բնականաբար, Հանրապետականի այդպիսի առաջնորդի պարագայում չի էլ կարող հակառակը լինել, բայց այս մոտեցումը դրված է ոչ միայն լիդերների մակարդակով, այլև՝ գաղափարների մակարդակով։

Մեզ համար ակնհայտ է, որ այն մոտեցումը, որ այսօր արտահայտվում է իշխանության կողմից, դա աթոռին կպած լինելու, փողը՝ գերակայություն հռչակելու, հողը՝ երրորդական հայտարարելու մասին մոտեցում է։ Պարզապես չի՛ կարող մեր պետության, մեր նման երկրների պարագայում հատկապես այդպիսի սկզբունքներ առաջ քաշվի։

Երբ ասում են՝ գիտե՞ք, ով ասում է՝ Արցախյան շարժման մասին խոսելը պատերազմ է, պատերազմ է, իսկ հիմա Սյունիքի թեման ինչի՞ մասին է, երբ Ադրբեջանն այն համարում է «Արևմտյան Ադրբեջան»․․․ ոչ միայն Սյունիքը, Վայոց ձորը, Հայաստանի տարբեր մարզերի տարբեր հատվածները, բա դա՛ ինչի՞ մասին խոսույթ է։

  • Դավիթ Բաբայանի գերեվարումը շատերն ընդունեցին որպես ինքնակամ գերեվարվում, բայց իրականում այլ բան էր տեղի ունեցել ադրբեջանցիները պահանջ էին դրել Դավիթին՝ գալու և ներկայանալու, հակառակ դեպքում՝ սպառնալով, որ կփակեն հումանիտար միջանցքը և թույլ չեն տա արցախցիների ելքը Արցախից։

Շատ ավելի հեշտ կլիներ մեր գերիների վերադարձի թեմայի մասին խոսելը, եթե Հայաստանում լիներ իշխանություն, քաղաքական ուժ կամ քաղաքական ուժեր, որոնց համար դա օրակարգային հարց կլիներ, որովհետև մեկ այլ բան է, թե ինչ է անում պետությունը, լրիվ այլ բան է, թե ինչ են անում իրավապաշտպանները, հասարակական, քաղաքական տարբեր խմբերը և այլն։ Հիմա իշխանությունը, ինչպես Ադրբեջանի դեպքում է, թեման դարձրել է ներքաղաքական օրակարգի օգտագործման դրվագ։ Ադրբեջանը, օրինակ, գերիների, ռազմագերիների թեման փորձում էր ծախել մեկ՝ ամերիկացիների վրա, մեկ՝ ռուսների, մեկ՝ եվրոպական տարբեր երկրների վրա՝փորձելով նաև որոշակի համար իմիջային հարցեր լուծել։ Հայաստանի իշխանությունը դա ծառայեցնում է իր ներքաղաքական շահերին։

  • Այսօր հաղթում են այն պետությունները, որոնք գիտեն, թե ինչ պետք է անել առկա սպառնալիքների պարագայում հաղթանակ կամ հաջողություն ապահովելու համար։ Մոդելները, որոնք օգտագործվել են 5, 10, 15 կամ 20 տարի առաջ, դրանք, եթե ոչ ամբողջությամբ, ապա հիմնական գծերով դուրս են մնացել ընդհանուր խաղի կանոններից։ Հիմա պատերազմը նոր ձև ու մեթոդներ է ընտրել։ Այս պարագայում նախ ռազմաքաղաքական միտքը պետք է հստակ սահմանի, թե մենք ի՞նչ ենք ուզում, ի՞նչ նպատակ ենք դնում մեր առաջ, և ո՞րն է ճանապարհը հակառակորդին ժամանակից շուտ ծնկի բերելու և հաջողությունն ապահովելու համար։

Կոնցեպտուալ առումով բանաձևեր այս պահին ես չեմ տեսնում, իսկ իշխանության արածը, այն, ինչ արել են այս տարիների ընթացքում՝ բանակը ջախջախման տանելը, բարոյահոգեբանական մակարդակը պլենտուսի մակարդակի հասցնելն է եղել, և չեմ ուզում պատկերացնել, թե ի՞նչ կլինի մեր զինված ուժերի կամ անվտանգության համակարգերի հետ, եթե այս իշխանությունը հնարավորություն ունենա նաև առաջիկա ընտրություններում հաջողություն ապահովել։

  • Ըստ էության, Ռուսաստանը շատ ավելի հրապարակային սկսեց խոսել հետևանքների մասին, թե ինչ կլինի, եթե Հայաստանի իշխանությունը շատ ավելի շուտ որոշում չկայացնի, թե որ ուղղությամբ է շարժվելու: Ես չեմ ուզում ասել, թե սա լավ բան է եղել, ես չեմ ուզում ասել, թե այն ամենը, ինչ հնչել է, կոշտությունը, կոպտությունը ինձ դուր է եկել, որովհետև ես մի կողմ եմ դնում այսօրվա իշխանությանը, ով իր պատասխանը ստանալու է, բայց պետք է առաջին հերթին պատասխանը ստանա մեր հասարակությունից:

Ես տեսնում եմ վտանգավոր դինամիկա, որովհետև այն անկանխատեսելիությունը, այս իշխանությանը շատ հատուկ արկածախնդրությունը ոչ թե վնաս է բերելու իրենց, որովհետև իրենք իրենց հարցերը լուծել են, իրենք իրենց բարեկեցությունը ապահովել են և այլն, այլ պրոբլեմ է բերելու Հայաստանի Հանրապետությանը և նաև հայ ժողովրդին, ու սա նաև վերաբերում է սոցիալական, տնտեսական ասպեկտին։

  • Ինձ հատկապես մտահոգում և նաև վիրավորում է այն հանգամանքը, որ այսօր Զինված ուժերում ունենք սպաներ (հատկապես բարձրագույն սպայակազմին է սա վերաբերում), ովքեր անցել են Արցախյան պատերազմներով, բայց հանդուրժում են, երբ իրենց պահած, պաշտպանած, իրենց ընկերների արյան գնով պահած հայրենիքն այսօր Ադրբեջան է հայտարարվում։ Ես վիրավորվում եմ, երբ այդ մարդիկ անտեսում կամ չլսելու են տալիս այն դրոշի նկատմամբ ոտնձգությունները, որն իրենք են պահել և պաշտպանել։ Ինձ համար որևէ կերպ չի ընկալվում այն մարդկանց մոտեցումը, որոնք գիտակցում են, թե քաղաքական իշխանությունն ինչպիսի վնասներ է հասցնում Զինված ուժերին՝ դրա բարոյահոգեբանական վիճակին, մարտական պատրաստության վիճակին, և այլն, իսկ իրենք ոչ միայն լռում են, այլ շարունակում են պատիվ առնել կամ ձև տալ, որ որևէ բան տեղի չի ունեցել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930