ԵԹԵ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՍՈՒՄ Է՝ ԵՍ ՉԼԻՆԵՄ, ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ, ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ԷԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱ. ՉԽԱԲՎԵ՛Ք, ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈԱՐԵՎՄՏՅԱՆ ՉԷ՛. ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ցավում եմ, որ իշխող ուժի պատկերացմամբ՝ մեր հանրության մեջ կան մարդիկ, ովքեր կարող են Փաշինյանի հայտարարությունից իրենց համար իմաստներ վերցնել: Եթե պետության ղեկավարն ասում է՝ ես չլինեմ, պատերազմ կլինի, դա նշանակում է՝ էդ պետությունը չկա: Եթե անգամ ընդունենք, որ նա ճիշտ է ասում և իրականում նման բան կա, ուրեմն Փաշինյանը պետությունը բերել-հասցրել է ավարտին: Նույն այդ մարդն օգոստոսի 8-ին Թրամփի՝ որպես վկա լինելը, բերել այստեղ, ամիսներով PR էր անում, թե բա՝ խաղաղությունը երաշխավորված է: Եթե դու դրանից առաջ ասում ես՝ երաշխավորները, միջնորդները խաղաղություն չեն երաշխավորում, բա ո՞նց ես PR-ում Թրամփի մասնակցությունը, որը, ինչպես հետագայում բացահայտեց ընդդիմությունը, ընդամենը որպես վկա էր մասնակցում:
Նույն այդ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարում էր՝ Թուրքիան եկել է, որ ավարտին հասցնի Հայոց ցեղասպանությունը: Հիմա ի՞նչ է եղել, Թուրքիան իրեն խոստացե՞լ է, երդվե՞լ է, որ էլ պատերազմ չի լինի, կամ ասում էր՝ արդեն խաղաղություն է, բա ի՞նչ պատերազմի մասին է խոսքը:
Մենք հիմա գործ ունենք մի իշխանության, մի քաղաքական ուժի հետ, ով 2018-ին եկել է իշխանության, 2020-ին ունեցել ենք պատերազմ, 2021-ին վերընտրվել է, 23-ին եղել է Արցախի էթնիկ զտումը, ռազմական տարբեր գործողություններ, կրկին զոհեր, Հայաստանի տարածքներ ներխուժումներ, հիմա նորից եկել-ասում է՝ ընտրվեմ, որ պատերազմ չլինի: Սա սեփական ժողովրդի նկատմամբ ամենանվաստացուցիչ վերաբերմունքն է, որ կարելի է պատկերացնել: Սա մարդկանց էշի տեղ դնել է: ի՞նչ ծրագրով է եկել իշխանության, ու հիմա ի՞նչ է անում. դրանք իրար հետ հատում ունե՞ն. չունե՛ն: Մարդկանց վրա փորձեր է անում ու ասում՝ սովորում եմ: Քո սովորելու արդյունքում մարդիկ են զոհվում, աղետներ են լինում, տարածքային կորուստներ ենք ունենում… Եթե սենց բան ուրիշ երկրների մասին կարդանք, չենք հավատա…
- 2023թ. բռնի տեղահանման դեպքերից հետո Ադրբեջանը շատ թափանցիկ արտահոսք արեց այն մասին, որ Հայաստանի իշխանությունները տեղեկացված են եղել տեղի ունեցածի մասին: Դա մինչև օրս չի հերքվել:
- Դու հանրությանն ասում ես՝ խաղաղություն է, չկա պատերազմի առարկա: Քիչ անց նույն այդ հանրությանն ասում ես՝ ես չլինեմ, պատերազմ կինի: Էդ ո՞նց, Ալիևի հետ եք որոշե՞լ, իրար հե՞տ եք դա որոշել:

- Հայաստանում մենք ունենք իրավիճակ, երբ արտաքին ուժերը խառնված են մեր ներքին օրակարգի մեջ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տեսքով: Եվրոպական համայնքն ընտրություններից անմիջապես առաջ Երևանում գագաթնաժողով է անում, չե՞ն հասկանում՝ ինչ են անում: Սա ոչ այլ ինչ է, քան միջամտություն այլ պետության ներքին գործերին: Բայց օրնիբուն խոսում են հիբրիդային հարձակումներից: Դուք ո՜ւր, ժողովրդավարություն ո՜ւր: Հայաստանը սարքել եք քաոս, եսիմ ինչ կարգի շուկա: Սրանք փաստեր են, և հանրությունը պետք է փորձի սրա հետ առնչվել:
- Կա հիստերիայի որոշակի չափաբաժին, որը վախի ծնունդ է: Բարդույթներ չունեն ո՛չ ինքը, ո՛չ Ալիևը: Ասում են՝ ինչ ուզում են… Բարդույթ չունենալը հասցրել է կարմիր գծերի՝ վաղուց հատման: Այսինքն՝ կարելի է հազարավոր մարդկանց արյան վրա պրոցես ունենալ, հետո ասել՝ սխալվել եմ: Մարդն ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հիմա ասում է՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»: Որտեղի՞ց կարող է լինել համոզմունք, որ վաղն էլ չի ասելու՝ «Հայաստանի այսքան մասը Հայաստան է, այնքանը՝ Ադրբեջան»:
- Եվրոպան այսօր՝ որպես քաղաքական միավորումների համախումբ, բավականին լուրջ վայրիվերումների մեջ է, կարող է առհասարակ մասնատվել: ԱՄՆ-Եվրոպա անվտանգային խզումները բավականին լուրջ ճգնաժամեր են առաջացրել Եվրոպայում: Բացի դրանից, որոշումների կայացման մակարդակում ԵՄ-ն կատաստրոֆիկ դանդաղ մարմին է: Եվրոպական քաղաքական էլիտաների մեջ ծայրահեղ հակառուսներ կան, և ցանկացած մեկը, ով մտնի իրենց այդ գծի մեջ, դառնում է իր աչքի լույսը: Բայց կա նաև հատված, որը կատաստրոֆիկ հոգնած է զելենսկիներից, և ցանկացած մեկը, ով կարող է ստեղծել վիճակ, որը ստեղծեց Զելենսկին, դառնում է իրենց աչքի փուշը: Ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ Եվրոպայում կա հարգանքի նշույլ, իհարկե չկա, որովհետև բացի այսօրվա իրողություններից՝ Եվրոպայում գոյություն ունի ինստիտուցիոնալ հիշողություն ասվածը: Եվրոպայում հաստատ չեն մոռացել այն, որ Փաշինյանը բողոքում էր եվրոպացիների տված ֆինանսական աջակցության չափից, ասում էր՝ «էդ ի՞նչ փող է, մի օլիգարխիս գրպանը թափ տամ, այդքան փող կթափվի»: Ունենք եվրոպական հանրություն, որը շոկի մեջ է, որովհետև այն, ինչ անում են եվրոպական էլիտաները, խփում է իրենց գրպանին, իսկ սա իր հետ բերում է բավականին լուրջ հակազդեցություն դեպի իրենց երկրների իշխանություններ: Պայմանական ասած՝ Եվրոպայում ազգային գաղափարախոսություն կրող աջ ուժերի համար ընտրությունների ժամանակ սա լավ հնարավորություններ է ստեղծում:
- Եթե մեր հանրության ինչ-որ հատվածի թվում է, որ միջնաժամկետ կտրվածքով եվրոպական թևը մեր իշխանության նկատմամբ հարգանքի նշույլ ունի, չարաչար սխալվում է: Եվրոպայում վաղ թե ուշ գալու է ընկալումը, որովհետև սա նոր գլխացավանքի օջախ է: Երբ եվրոպացիներն իրենց խոնարհած գլուխը բարձրացնեն, լրիվ այլ բան կտեսնեն:
- Երբ դու քայքայում ես քո ֆունդամենտը, դա անհետևանք չի անցնում: Եվրոպան քանդել է իր ֆունդամենտը՝ հրաժարվելով ազգայինից ու իրական արժեքներից՝ հօգուտ քաղաքական շահերի: Քաղաքականի ներքո գլուխդ կարող են շոյել, բայց քաղաքականը քաղաքակրթականի հետ շատ լուրջ հակասության մեջ է, և սրա հետ պետք է հաշվի նստել:
- ԱՄՆ-ը մեր տարածաշրջան մտավ TRIPP-ով: Նույն Թրամփն իր հարցազրույցներից մեկում մեր տարածաշրջանի մասին ասում է՝ սա Պուտինի տարածք է: Սա տեսնելով՝ եվրոպացին ի՞նչ պետք է մտածի, այն եվրոպացին, ում համար մենք նույն տարածքում ենք գտնվում: Սա նրա համար հակամարտության ևս մեկ օջախ է դառնում, ինչն իրենց առհասարակ պետք չէ: Այսրոպեական քաղաքական օրակարգերը դղրդում են, ճգնաժամ են ապրում:
- Արհեստականորեն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի այս իշխանությունը պրոարևմտյան է, որ իբր եկել է՝ ռուսական լծից մեզ ազատի ու տանի դեպի պայծառ ապագա: Ժողովուրդ ջան, էդ ինչի՞ եք այդպես մտածում: Հայտարարություններից դուրս չէ՞ որ այլ իրականություն է՝ ՀԱՊԿ-ում մնացել ենք, ԵԱՏՄ-ում մնացել ենք, ռուսական ռազմաբազան Հայաստանում նստած է: Բա ի՞նչ գործ ունի այստեղ այդ բազան, եթե դու վախենում ես հիբրիդային հարձակումներից: TRIPP-ի մասին ես խոսում, պայմանագիրդ ո՞ւր է: Փաստորեն, դա PR ակցիա էր, որին լրջություն տալուն պետք էր բարձրաստիճան անձանց մասնակցություն: Այսինքն՝ իր հակառուսական խոսույթն ու իրականությունը տարբեր հարթության վրա են: Բայց սա չի նշանակում, որ սրանք պրոռուսական են, իրենք պրոաթոռական են:

- TRIPP-ը քննարկվում է Ադրբեջանի հետ, դրա մասին Ադրբեջանում ավելի շատ են խոսում, քան այդտեղ դա մեկնաբանվում կամ բացատրվում է, բայց միևնույն ժամանակ չկա իրավաբանական ուժ ունեցող որևէ փաստաթուղթ:
- ԱՄՆ փոխնախագահ Վենսն այստեղ ասում է՝ ավարտել ենք Հայաստանի հետ միջուկային մոդուլային ռեակտորների հետ կապված բանակցությունները, անցնում է մի 3-4 օր, ՀՀ կառավարության անդամներից մեկն ասում է՝ չենք որոշել, թե որ երկրի հետ ենք մոդուլային ռեակտորներն անելու: Սա կարո՞ղ էր բավարար հիմքերից մեկը լինել, որ հետո փաստաթուղթ չստորագրվեր: Կարո՞ղ էր ԱՄՆ-ը ասել՝ մեզ էլ ե՞ք գժի տեղ դնում, փոխնախագահ եմ ուղարկել, փաստաթուղթ եք ստորագրել, որ հետո ասեք՝ չգիտե՞նք՝ ում հետ ենք մոդուլայինի պրոյեկտն անելու:
- Եվրոպական բյուրոկրատիան կարող է իրեն թույլ տալ Եվրոպական գագաթնաժողովի ժամանակ կամ դրանից հետո ընտրություններում Նիկոլ Փաշինյանին օգնելու նպատակով հայտարարել՝ ազատականացնում ենք վիզային ռեժիմը, հետո ընտրություններից հետո չեղարկել դա որևէ պատրվակով: Մեր հասարակությունը պետք է դա նկատի ունենա:
- Եվրոպական համայնքն իր ներսում դղրդում է, և թե ոնց դուրս կգա այս իրավիճակից, դժվար է ասել: Եվրոպայում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը լուրջ դիմադրողներ, ծայրահեղ հակառակորդներ կան, որովհետև եվրոպական հանրությունների մեջ դեռ առկա են այն վախերը, որ ԵՄ անդամ դառնալով՝ Թուրքիան Եվրոպայում կտարածի իր քաղաքականությունը, իր նիստուկացն ու մշակույթն ավելի մեծ տարածքների վրա, և ոչ թե Թուրքիան է եվրոպականանալու, այլ Եվրոպան է թուրքանալու: Նույն վախերն ունեն նաև ռուսներից: Այսօրվա Եվրոպան լուրջ քայլ անելու պատրաստ չէ:
- Այս իշխանության պահվածքն ադեկվատ չէ ոչ մի հարցում, հետևաբար՝ ակնկալիք չէր կարող լինել, որ Իրանի հարցում կարող են ադեկվատ լինել: Մենք անմիջապես Իրանի հարևանությամբ ենք գտնվում, և Աստված մի արասցե, եթե ցամաքային գործողություն սկսվի, ի՞նչ կարող է լինել մեզ հետ:
- Ադրբեջանի իշխանությունները հիմա փորձում են Իրանի վերաբերյալ ավելորդ հայտարարություններ չանել, սպասել, և դա ճիշտ որոշում է, այլապես հետևանքները կարող են աղետալի լինել:

- Կա ընդդիմադիր քաղաքական ուժերից ակնկալիք, որ նախ՝ կարողանալու են սեփական քվեն հայցել ու ստանալ ու իրար այդ ընթացքում չվնասել: Եվ հույս ունենանք, որ այս իշխանությունը մինչև ընտրություններ մնացած 2 ամսվա ընթացքում հերթական անդառնալի հանգրվանին չի հասցնելու Հայաստանը:
- Այս իշխանությունն իրեն պահել ու պահում է այնպես, որ կարելի է հույս ունենալ մաքուր ու արդար ընտրական գործընթացների վրա՞: Կա 2021թ. ընտրությունների փորձը, երբ նույն թակարդն ընդդիմությունն ընկել է:
- Մենք վերջին տարիներին ստացել ենք հանրություն, որին հեշտ է այս կարգի մոլորեցնել: Պետք է սեփական պետության հանդեպ այնքան հոգատարություն ունենալ, որ բոլորին մինչև վերջ փորձել տեղ հասցնել իրականությունը: Պետք է փորձել մարդկանց բացատրել իրականությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։



