Տիրան Խաչատրյանի գործը վկաների հարցաքննության փուլում է. նրանց թվում է Օնիկ Գասպարյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ դատարանում գտնվող և 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վկաների հարցաքննության փուլին է մոտեցել: Այս մասին 168.am-ին հայտնեց գեներալի փաստաբանական թիմի անդամ Արմեն Անդրիկյանը: Վկաների թիվը 23 է, որոնց թվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 168.am-ը՝ «Աշոտ Փաշինյանը, պատերազմի ժամանակ նրա հրամանատարը, Ալփաշա բարձունքից նահանջն ու Տիրան Խաչատրյանի գործը» վերտառությամբ հոդված էր հրապարակել։

Եվ քանի որ Արմեն Անդրիկյանը նաև «հրթիռների գործով» անցնող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբանն է, և այս գործի մասին վաղուց տեղեկություններ չկան, փորձեցինք տեղեկություն ստանալ նաև դրա վերաբերյալ:

«Այս գործով միջնորդությունների փուլում ենք, բավականին ծավալուն գործ է»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ հրթիռների փորձաքննության պահանջը շարունակում է մերժվել:

Կարդացեք նաև

Նշենք, որ «հրթիռների գործով» անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք:

Տեսանյութեր

Լրահոս