
#ՀԻՄԱ. ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈւՂԻՂ
Փետրվարի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գորիսում, մեկնարկել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործով դատական առաջին նիստը, որը դեռ դռնբաց է, իսկ դատական նիստին, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի հարցը:
Նախագահող դատավորն է Արթուր Ոսկանյանը:
Նշենք, որ 2025 թվականի հունվարի 3-ին Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Մասնավորապես, վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները։