«Շուկայում տարվարի միսը 10 տոկոսով թանկացել է. գործադիրն ավելի շատ զբաղված է մեկը մյուսի գովքով, քան գործ անելով». Բաբկեն Պիպոյան
Հայաստանի սպառողական շուկայում տարբեր ապրանքների գծով նկատվում են թանկացումներ։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ շուկայում տավարի մեծածախ միսը թանկացել է ավելի քան 10 տոկոսով, ինչը, բնականաբար, ազդել է նաև մանրածախի վրա։ Եթե, օրինակ, նախորդ տարվա սեպտեմբերին 3100 -3150 դրամ էր՝ կախված մսի որակից, այսօր նույն միսը վաճառվում է 3400-3450 դրամով։
«Այս գնով մսավաճառներն են միսը ձեռք բերում։ Մենք պետությունով սիրում ենք ձևը՝ բովանդակության փոխարեն, քանի որ բոլորն էլ գիտեն, որ սպանդանոցային միս շուկայում չունենք, կա, բայց քիչ է։ Այս հարցում գործ ունենք ավելի շատ սպանդանոցային թղթի հետ, քանի որ մսավաճառներն ավելի շատ թուղթ են ձեռք բերում սպանդանոցներից՝ դրա համար վճարելով, սա էլ է դառնում մսի ինքնարժեք։ Սրան գումարում ենք նաև տարածքի վարձակալության գումարը, աշխատողի աշխատավարձը, դառնում է իրացման գինը։
Տավարի մսի գինն ավելի բարձր կլիներ, պարզապես հաշվի առնելով, որ հասարակությունը վճարունակության խնդիր ուներ, տնտեսվարողները հասկանում են, որ եթե մսի արժեքը մի քիչ էլ բարձրացնեն, այլևս մարդիկ չեն կարողանալու գնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը։
Մեր զրուցակիցը խորհուրդ տվեց մտնել գյուղեր ու տեսնել, թե քանի՞ մարդ է անասնապահությամբ զբաղվում։ Նա վստահեցնում է՝ հիմա շատ ավելի քիչ են զբաղվում, ինչն էլ չի կարող իր ազդեցությունը չունենալ մսի գնի վրա։
Ինչ վերաբերում է այս ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերին, Բաբկեն Պիպոյանն ասաց՝ գործադիրն ավելի շատ զբաղված է մեկը մյուսի գովքով, քան գործ անելով։
«Հիմա, երբ իրենք իրենց սազանդարներով ասում են, թե տավարաբուծության ծրագիր են անում, հարց է առաջանում՝ տավարաբուծության այդ ծրագիրը մսատվությա՞ն, թե՞ կաթնատվության հետ կապ ունի։ Օրինակ, եթե որևէ մեկը գնա ու մսատու սորտեր բերի, պետական այդ օժանդակությամբ կկարողանա՞ օգտվել։ Այսինքն՝ մենք նույնիսկ բալանսավորված գյուղատնտեսական քաղաքականություն չենք վարում։ Այնտեղ, որտեղ պետք է մասնագիտական մոտեցում, հետևողական աշխատանք, բայց չկա, ապա չի կարող ինչ-որ ժամանակ հետո այդ ամենն իր բացասական հետևանքը չունենալ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Իրավիճակն ավելի լավ նկարագրելու համար Բաբկեն Պիպոյանը մեկ օրինակ բերեց՝ եթե բնակարանի առաստաղից ջուր է կաթում, և այդ ջրի դիմացը չառնես, աստիճանաբար այն տարածվելու է ու տան վրա թողնելու է իր հետևանքները. մեկը կմնա տան փլատակներում, որից հետո բոլորը կասեն՝ այս ինչպե՞ս եղավ։
«Հիմա մեզ մոտ լրիվ այս վիճակն է՝ խնդրի լուծման համար իրական քայլեր չեն արվել, հետևաբար՝ ունենք այն, ինչ ունենք։
Մոտեցեք ցանկացած մսավաճառի ու տեսախցիկից դուրս խոսեցրեք, տեսեք՝ կարողանո՞ւմ է թեկուզ փողով գառի մսի սպանդանոցի թուղթ առնել։ Այսօր եթե լիազոր մարմինն աշխատի, ապա, որ խանութ մտնի, պետք է գառան միսն առգրավվի, մարդիկ սպանդանոցի գառան միս չունեն։ Երբ պետության ղեկավարներն անմտածված քայլեր են անում, այդ ամենն անհետևանք չի մնում։
Մշտապես ասել եմ՝ Ամանորին ընդառաջ են սկսում «ռեյդ» անել, ինչն ամենասխալ ժամանակն է, որովհետև այդ ժամանակահատվածում անասնագլխաքանակի մորթը շատանում է։ Եթե ունենայինք այնքան սպանդանոցներ, որը կբավարարեր սպանդանոցային մորթ իրականացնելու համար, ապա դա կնշանակեր հետևյալը՝ հունվարին այդ սպանդանոցների 2/3-ը պետք է փակվեր»,- շեշտեց մեր զրուցակիցը։



