Տեղի ունեցածը խայտառակություն է. գործադիրի ղեկավարի արածը ոչ միայն աբսուրդ է, այլև ամոթ. Բաբկեն Պիպոյան
Կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հրահանգեց փակել Երևանում գործող խանութներից մեկը։
«Էն օրը վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են՝ եթե կանխիկով կտաք փողը՝ ուրիշ գին է, եթե անկանխիկ՝ ուրիշ։ Այս կանխիկի հարցը պետք է լուծենք, ժողովո՛ւրդ, ինչների՞ս է պետք կանխիկ գումար, մի հատ կարա՞ք բացատրեք։ Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով, ասենք՝ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում, մարդու ծննդյանը փող նվեր տալը հնարավոր է՝ տեղում արագ հավելվածով փոխանցում ես։
Փակեք այդ խանութը, ձևը գտեք ու փակեք, ստուգելու եմ։ Այդ խանութում պետք ա առևտուր չլինի, ինձ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը չպետք է բացվի, անձամբ կզեկուցեք»,- խոսքն ուղղելով ՊԵԿ նախագահին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Թվում էր, թե հանրությունը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո պետք է զարմանար, քանի որ Կառավարության նիստը նվիրել էր խանութ բացել-չբացելուն ու դրա հետ կապված հրահանգներ էր տալիս, բայց ոչ ոք չզարմացավ, քանի որ համացանցում տարբեր գրառումներ հայտնվեցին, որ եթե Նիկոլ Փաշինյանը փորձում է միջամտել Առաքելական եկեղեցու ներքին կյանքին, իր բանն ու գործը թողած, ապա ամեն ինչ էլ կարող է անել։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանն այս ամենը բնութագրում է մեկ բառով՝ խայտառակություն։
«Եթե հարցը դիտարկում ենք սպառողի շահերի պաշտպանության տեսանկյունից, ապա ըստ էության որքան օրենք խախտող, սպառողի իրավունքները ոտնահարող տնտեսվարող կա, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Բայց այլ բան էլ կա՝ խուլիգանություն անող անձին պատասխանատվության ենթարկել պե՞տք է, այո, բայց եթե, օրինակ, փողոցում կռիվ լինի, միմյանց մարդիկ հայհոյեն, բոլորս էլ կուզենք, որ հայհոյողին պատասխանատվության ենթարկեն, բայց ոչ թե ցմահ ազատազրկման դատապարտեն։ Եթե ցմահ դատապարտեն, կասենք, չէ՞՝ սա հո բռնապետություն չէ՞, այս ի՞նչ եք անում։
Տեղի ունեցածը կարող եմ բնութագրել մեկ բառով՝ խայտառակություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Բաբկեն Պիպոյանը։
Մեր զրուցակիցը շեշտեց, որ բիզնեսի պաշտպանության շահերի տեսանկյունից չի ցանկանում խոսել, քանի որ ինստիտուցիոնալ սխալ է, երբ սպառողների պաշտպանության շահերով զբաղվողները պաշտպանում են բիզնեսի շահերը։
«Վատ բան է արել բիզնեսը, բայց այն, ինչ արել է գործադիրի ղեկավարը, ավելի վատ բան է։
Այս երկրում կա տեսչական մարմին, հարկային մարմին, մրցակցության պաշտպանության հանձնաժողով, այդ հարցերով իրենք պետք է զբաղվեն։ Երբ գործադիրի ղեկավարն ասում է՝ «Կառավարությունը ես եմ», կառավարության անդամներն էլ հերթով ասում են՝ «ինքն է», դե նա էլ ասում է՝ «բա ես եմ, մնացած բոլորը հանձնարարական կատարողներ են»։
Հանձնարարականը գալիս է երկրի ղեկավարից, հետևաբար՝ ո՞ւմ բողոքեն, հիմա եթե գործադիրի ղեկավարն աշխատում է ամեն ինչ՝ տեսչական մարմնի ղեկավար, ՊԵԿ նախագահ և այլն, ապա իրականում գործող պաշտոնյաներն իսկի տեղակալ էլ չեն։ Այսինքն՝ սա ոչ միայն աբսուրդ է, այլև ամոթ, տեղի ունեցածը պրոֆեսիոնալ հարթության մեջ քննարկելն էլ է ամոթ, տեղի ունեցածն առանց ցինիզմի մեկնաբանել չի լինում, այսպես ուղղակի չի կարելի։
Շատ ժամանակ ասում են՝ ինչ պետք է անի իշխանությունը, ես կասեի՝ ինչ պետք է չանի իշխանությունը, չպետք է անի նման բաներ»,- հավելեց Բ. Պիպոյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյանին ընդունի իր ղեկավարած հասարակական կառույցում աշխատանքի, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց՝ եթե ցանկանում է նման հարցերով զբաղվել, ապա մեծ սիրով։
«Իրականում, այդ հայտարարությունն ուղիղ իմաստով ասում է՝ դուք ո՞ւր եք նայում, ու սա ասում է պետական կառույցներին, որովհետև հասարակական հատվածին ասելու որևէ իրավունք չունի։ Եթե այս հայտարարությունը բխի սպառողների շահերից, ես միայն կուրախանամ, բայց այդպես չէ, որովհետև լավ տնտեսություն ունենալն էլ է սպառողի շահերից բխում»,- ընդգծեց Բաբկեն Պիպոյանը։
