«Չզարմանաք, որ որոշ ապրանքներ Ամանորից հետո թանկանան, որովհետև այս պահին «ակցիաներ» են». Բաբկեն Պիպոյան
Քաղաքացիները, ովքեր այս շրջանում ամանորյա գնումներ են անում, արդեն սկսել են բողոքել ապրանքների գների բարձրացումից։ Չնայած թանկացումներ սպառողական շուկայում եղել են ամբողջ տարվա ընթացքում, սակայն վերջին մի քանի օրերին, այսինքն՝ Ամանորի նախաշեմին, գների բարձրացումն ավելի սուր է արտահայտված։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ այս պահին ապրանքների գների բարձրացման տեմպը դեռևս չի դադարել, երբ դադարի, այդ ժամանակ էլ կարող են ընդհանուր ուսումնասիրել և ամփոփել իրավիճակը։
«Այդուհանդերձ, պետք է ասենք, որ ամբողջ տարվա ընթացքում, հատկապես Ամանորին վաճառվող ապրանքները, բացառությամբ մսամթերքի, խոսքը թարմ մսի մասին է, էականորեն թանկացել են։ Ոչ միայն այս տարվա, այլև բոլոր տարիների վիճակագրությունը երբ նայում ենք, պատկերը հետևյալն է՝ երբ տարվա ընթացքում ապրանքները շատ են թանկանում, Ամանորի նախաշեմին այդ ապրանքների գներն էլ ավելի բարձրացնելու հնարավորությունը նվազում է։ Այս տարի ևս այդ իմաստով բացառություն չէ, այսինքն՝ ունենք գնաճ, բայց տոկոսային իմաստով շատ մեծ չէ, որովհետև տոկոսային առումով այդ ապրանքներն արդեն տարվա ընթացքում 8 կամ 10 տոկոսով թանկացել են»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Բաբկեն Պիպոյանը։
Ըստ Բաբկեն Պիպոյանի, տարվա ընթացքում պարենային ապրանքների այն խումբը, որը մարդիկ առօրյայում շատ են օգտագործում, և այս պահին դրանց վերաբերյալ գրանցվել է գնաճ, օրինակ՝ կանաչեղենի, պտուղ-բանջարեղենի որոշակի տեսականի և այլն, Ամանորից հետո դրանց գները կնվազեն։
Մեր զրուցակցի կանխատեսմամբ, առաջիկայում շատ ապրանքների մասով գնանկում չի լինելու, ավելին՝ հնարավոր է՝ որոշ ապրանքներ թանկանան։
«Չզարմանաք, որ այս ամենով հանդերձ՝ որոշ ապրանքներ Ամանորից հետո թանկանան, որովհետև այս պահին որոշ ապրանքների մասով «ակցիաներ» են գործում, ինչն Ամանորից հետո պարզապես կդադարի։ Այս ամենը բարդ սխեմա է, և միայն հարցազրույցով տեղի ունեցողը մեր հասարակությանը բացատրելը պարզապես շատ բարդ կլինի»,- հավելեց Բ. Պիպոյանը։
Նա Ամանորին ընդառաջ մարդկանց խորհուրդ տվեց՝ գնումները կատարել խելամիտ ձևով։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք այնքան լավ չենք ապրում, որպեսզի մեզ ավելորդ գնումներ թույլ տանք, հարկ է, որ գնումները կատարեն հստակ ցուցակով՝ հստակեցնելով, թե որ ապրանքից ինչքան է հարկավոր։ Պետք է մնալ այդ անհրաժեշտ գնումների շրջանակներում, որպեսզի օրեր անց չասեն՝ անիմաստ էր այս կամ այն ապրանքի գնումը»,- ընդգծեց Բաբկեն Պիպոյանը։
