Թրամփն Ալիևի անունն ավելի հաճախ է հիշատակել, քան Փաշինյանի, Վաշինգտոնի հետաքրքրությունը Բաքվի հետ փոխգործակցության հանդեպ ավելի մեծ է․ Մարկեդոնով

««Թրամփի խորհուրդը». հետխորհրդային չափում» վերտառությամբ գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնադրած «Խաղաղության խորհուրդ» միազգային կազմակերպության առաջին նիստին։

Ըստ Մարկեդոնովի, այդ ֆորումին մասնակցում էին ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ, և թեպետ պաշտոնապես Խորհրդի հիմնական թեման Գազայի հատվածի վերականգնումն ու պաղեստինա-իսրայելական կարգավորումն էր, միջոցառման նշանակությունը զգալիորեն դուրս էր գալիս Մերձավոր Արևելքի աշխարհագրական սահմաններից։

Նրա կարծիքով, Միացյալ Նահանգները փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր. առաջին՝ ցույց տալ աշխարհին, որ Վաշինգտոնին դեռ վաղ է դուրս գրել համաշխարհային առաջնորդների շարքից, երկրորդ՝ փորձ է արվում համաշխարհային ազդեցության ենթակառուցվածք ձևավորել ՄԱԿ-ի շրջանակներից դուրս և մի տեղ, որտեղ կարելի է հենվել ոչ թե ՄԱԿ-ի կանոնադրության «ձանձրալի» հոդվածների, այլ «սեփական բարոյականության» վրա։ Եվ երրորդ՝ ԱՄՆ-ի կոչին արձագանքում են նաև նրանք, ում ՌԴ-ում դասում են «համաշխարհային մեծամասնության» կամ «Գլոբալ Հարավի» շարքին։

«Նույնիսկ մեր երկրի գործընկերները ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում։ Ցավոք, նրանց համար ևս Վաշինգտոնի կարծիքը նշանակություն ունի»,- արձանագրել է նա։

Կարդացեք նաև

Մարկեդոնովը հիշեցրել է, որ Թրամփի Խորհրդին մասնակցեցին չորս հետխորհրդային պետությունների ղեկավարներ՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի։ «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով սկզբում ոգևորությամբ միացել էր ամերիկյան նախաձեռնությանը, վերջնարդյունքում Վաշինգտոն չմեկնեց։ Եվրոպական առաջատար ԶԼՄ-ների մեկնաբանները մտահոգություն էին հայտնում, թե «Բատկան» կարող է օգտագործել վաշինգտոնյան այցը՝ միջազգային լեգիտիմությունը բարձրացնելու համար (ո՞վ նրա փոխարեն չէր օգտագործի)։ Սակայն, ի վերջո, առաջացավ բելառուսական պատվիրակության վիզաների հարցը, որն էլ բավարար լուծում չստացավ։ Լուկաշենկոյի ընդդիմախոսները, իհարկե, խոսեցին «Մոսկվայի ձեռքի» մասին, սակայն նույնիսկ արևմտյան առաջատար մեդիա ռեսուրսները հաստատեցին վիզային վարկածը։ Կարևոր դաս, թեև նորություն չէ․ Միացյալ Նահանգները «նորմալացումը» մշտապես իրականացնում է «վերապահումներով», որպեսզի վճռական պահին ցույց տա՝ ով է վերահսկում խաղը»,- գրել է Մարկեդոնովը։

Ռուս վերլուծաբանը գտնում է, որ Խորհրդի նիստին բոլորից լավ պատրաստվել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ում հեղինակած հոդվածը՝ «Reliability Is the New Power» («Հուսալիությունը նոր ուժն է»), Ֆորումի նախօրեին հրապարակվեց The National Interest պարբերականում։

Ըստ քաղաքագետի՝ Տոկաևի տեքստը դարձավ պրագմատիզմի և բազմավեկտոր քաղաքականության յուրատեսակ հիմներգ։

«Հետաքրքիր է, որ Տոկաևի հոդվածում առկա էր նաև «ավանդական արժեքների» հղում, ինչը, նրա ընկալմամբ, չի հակասում Թրամփի ռազմավարությունների նկատմամբ դրական վերաբերմունքին։ Հոդվածում այդ գաղափարները գրեթե նույն շարքում էին ներկայացված»,- արձանագրում է Մարկեդոնովը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, Մարկեդոնովի խոսքով, ԱՄՆ նախագահը հյուրերին ցուցադրեց իր անձնական «ձեռքբերումը»․ նա սովորել է ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը, և այն այժմ իրեն «գեղեցիկ անվանում» է թվում։

«Սակայն, եթե առանց հեգնանքի, ապա ակնհայտ է, որ Վաշինգտոնի՝ անցյալ տարվա օգոստոսին որդեգրած կուրսը հետևողականորեն շարունակվում է։ ԱՄՆ-ը մտադիր է դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի բացառիկ մոդերատորը։

Այս ամենը, ինչպես և սպասելի էր, ուղեկցվում է հզոր PR-ով․ Ալիևի և Փաշինյանի ձեռքսեղմումը լուսարձակների ներքո, երկու երկրների ղեկավարների «ոտքի վրա» հանդիպումը, Բաքվի և Երևանի միջև «մեծ բարեկամության» հերթական հռչակումը (ափսոս, որ Վանո Մուրադելին չապրեց՝ ի՜նչ օպերա կգրեր)։

Սակայն առանց հեգնանքի՝ նույնիսկ պարզունակ բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ Թրամփն Ալիևի անունն ավելի հաճախ է հիշատակել, քան Փաշինյանի։ Վաշինգտոնի հետաքրքրությունը Բաքվի հետ փոխգործակցության հանդեպ ավելի մեծ է՝ պայմանավորված երկու կովկասյան պետությունների ռեսուրսային ներուժների տարբերությամբ»,- արձանագրում է Մարկեդոնովը՝ հեվելելով, որ ԱՄՆ նախագահի ընկալումներում բացակայում է տեղում տիրող իրականության ամբողջական զգացողությունը։

Նրա որակմամբ, փազլը կարելի է հավաքել տարբեր կերպ, սակայն խաղաղության համաձայնագիրը մինչ այժմ ստորագրված չէ։

Տեսանյութեր

Լրահոս