«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստացավ իշխանության մենաշնորհ, ողջ ընտրարշավն ու քվեարկությունն անցան ՀՀ իշխանությունների կողմից կոշտ բռնաճնշումների մթնոլորտում․ Զախարովայի հայտարարությունը

«Հունիսի 7-ին Հայաստանում՝ ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի կողմից միջամտության մթնոլորտում, անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ»,-քիչ առաջ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններին։

Զախարովայի խոսքով, ՀՀ ԿԸՀ-ի կողմից հայտարարված նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ իր հաղթանակի մասին հայտարարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ, ավելին, նախորդ ընտրական փուլի համեմատ նրա աջակցությունը զգալիորեն նվազել է։

«Հայ հասարակության մեջ ակնհայտ է ռուս-հայկական կապերի առաջընթաց զարգացման, եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հետագա մնալու լայն պահանջարկը, ինչը հայ ժողովրդին շոշափելի մեծ բարիքներ է բերում։

Ողջ ընտրարշավը և քվեարկության բուն գործընթացն անցել են հայկական իշխանությունների կողմից ընդդիմադիր կուսակցությունների ու շարժումների, նրանց ակտիվիստների և կողմնակիցների նկատմամբ կոշտ բռնաճնշումների մթնոլորտում։ Հետապնդումների թիրախում է հայտնվել նաև երկրում ավանդաբար խորապես մեծարվող Հայ Առաքելական Եկեղեցին։

Այս ամենը Երևանի կողմից ժողովրդավարական սկզբունքների և ազատ ընտրությունների անցկացման ընթացակարգերի կոպիտ խախտում է։ Հատկանշական է նաև այն, որ ներկայիս հայկական վարչակազմին բնորոշ ոճով հալածանքները թափվեցին բացառապես այն քաղաքական ուժերի վրա, որոնք հանդես են գալիս հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդման, եվրասիական ինտեգրմանը Հայաստանի հետագա մասնակցության օգտին՝ ներառյալ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, և հրաժարումը Եվրամիությանն անդամակցելու փակուղային կուրսից, որը թշնամական գիծ է վարում մեր երկրի դեմ»,-ասված է հայտարարությունում։

Զախարովայի հայտարարությունում նշվում է, որ Մոսկվայում միշտ շահագրգռված են եղել և կլինեն ուժեղ ու իսկապես ինքնիշխան Հայաստանով։ «Հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական է, մաղթում ենք նրան խաղաղություն և բարգավաճում։

Միևնույն ժամանակ, անցած ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ հայ հասարակությունը ծայրահեղ բևեռացված է։ Նման պայմաններում Հայաստանի զարգացման ուղիների մասին միակողմանի որոշումներ կայացնելը՝ առանց բնակչության բոլոր շերտերի կարծիքը հաշվի առնելու, նշանակում է երկիրը տանել դեպի հետագա պառակտում և սոցիալ-տնտեսական ցնցումներ։ Ակնկալում ենք, որ հայկական իշխանությունները կառաջնորդվեն ազգային շահերի վրա հիմնված մոտեցումներով։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ գործերում Մոսկվայի հետագա գծին, ապա մտադիր ենք մեր կուրսը կառուցել՝ հաշվի առնելով հայկական ղեկավարության իրական քայլերը»,-այսպիսի հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մինչ արևմտյան երկրների ներկայացուցիչներն անվերապահ շնորհավորում են Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930