Միլիոնավոր պարգևավճարներ և 40 տոկոս աղքատություն. ինչո՞ւ են ՔՊ-ականները վախենում իրական թվերից
Նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը Հայաստանում տրված չէ, բայց իշխանությունները վաղուց այն մեկնարկել են։ Բացի այն, որ կառավարության նիստերն է Նիկոլ Փաշինյանը վերածել քարոզչական հարթակի, հիմա էլ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունն է «անցել գրոհի»։ «Բերման են ենթարկում» նախարարներին ու այնպիսի պաթոսով են գովաբանում նրանց աշխատանքը, կարծես այլ մոլորակում ենք ապրում ու չենք տեսնում, թե ինչ է կատարվում Հայաստանում։
Վերջերս այդպիսի հանդիպումներից մեկին մասնակցում էր «մահվան նախարար» Արսեն Թորոսյանը, ով առողջապահության ոլորտն ու «Քովիդի» դեմ պայքարը բարեհաջող տապալելուց հետո, հիմա էլ «լծվել» է ժողովրդի սոցիալական խնդիրները լուծելու գործին։ Սակայն խնդիրները լուծելու փոխարեն՝ քաղաքական քարոզչությամբ է զբաղված ու սոցիալական խնդիրները թաքցնելով։
Անկախ նրանից՝ ինչ կասի Արսեն Թորոսյանը Հայաստանում սոցիալական իրավիճակի վերաբերյալ, բավարար է միայն նրան հիշեցնել, թե վերջին տարիներին ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել աղքատության առումով ու ՔՊ-ականների վայելքների պայմաններում՝ բնակչության քանի՞ տոկոսն է շարունակում ապրել աղքատության մեջ։
Հիշեցման կարգով ասենք, որ պաշտոնապես Հայաստանի բնակչության 21.7 տոկոսն աղքատ է, 0.6 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ։ Ըստ աղքատության վերին գծի էլ՝ աղքատության մեջ է ապրում բնակչության շուրջ 40 տոկոսը։
Այս թվերն ահազանգ են ու վկայում են, որ իշխանությունները տապալել են իրենց սոցիալական քաղաքականությունը։ Խոստացել էին աղքատությունը կիսով չափ կրճատել, իսկ ծայրահեղ աղքատությունն ընդհանրապես վերացնել։ Բայց ոչ ծայրահեղ աղքատությունն են վերացրել, ոչ էլ աղքատությունն են կիսով չափ կրճատել։ Որպեսզի աղքատությունը կիսով չափ կրճատելու վերաբերյալ խոստումը կատարեին, հիմա աղքատությունը Հայաստանում պիտի լիներ գրեթե 13 տոկոս, բայց հրապարակված վերջին տվյալներով՝ 21.7 տոկոս է։ Դա էլ՝ հերթական անգամ աղքատության գնահատման չափանիշները փոխելուց հետո։
Միայն այն, որ համադրություն ստեղծելու համար խուսափեցին նոր չափանիշներին համապատասխան վերագնահատել նաև նախկին ցուցանիշները, բավարար է եզրակացնելու, որ դա պարզապես ձեռնտու չէր իշխանություններին։ Այլապես՝ հաճույքով կանեին։
Ձախողել են նաև ծայրահեղ աղքատությունը վերացնելու խոստումը։ 2018թ. Հայաստանում ծայրահեղ աղքատ էր բնակչության 1 տոկոսը, 2024թ.՝ 0.6 տոկոսը։ Ծայրահեղ աղքատությունը կարողացել են կրճատել ընդամենը 0.4 տոկոսային կետով՝ չնայած դեռ 2018թ. էին խոստանում այն վերացնել։
Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստումը վերաթարմացրեցին, բայց, ինչպես տեսնում ենք, էլի ձախողեցին։ Հայաստանում այսօր էլ տասնյակ-հազարավոր քաղաքացիները շարունակում են մնալ ծայրահեղ աղքատության մեջ։ Բայց այդ ֆոնին՝ նախարարները կարող են ընդհուպ 7-8 մլն դրամի պարգևավճար ստանալ։ Ամեն նախարարի ստացած գումարով կարելի էր մի քանի տասնյակ ծայրահեղ աղքատի հանել այդ վիճակից։ Սակայն ժողովրդի սոցիալական խնդիրներով «տառապող» իշխանությունները նախընտրել են իրենց պարգևավճարները։
Աղքատության ցուցանիշները միայն բավական են ասելու, որ սոցապ նախարարն ու ընդհանրապես կառավարությունը ձախողել են իրենց սոցիալական քաղաքականությունը։ Հայաստանում հարյուր-հազարավոր քաղաքացիներ ապրում են աղքատության մեջ ու նրանց կյանքում վերջին տարիներին ոչինչ չի փոխվել։ Եթե նույնիսկ եկամուտներն ինչ-որ չափով ավելացել են, դրանք բավարար չեն եղել աղքատությունից դուրս գալու համար։ Եկամուտների աճն ավելի փոքր է եղել, քան թանկացումների ազդեցությունը։
Արսեն Թորոսյանը ձեռքբերում է համարում այն, որ վերջին 8 տարիներին շուրջ 44.000 ընտանիք դուրս է եկել սոցիալական ապահովության համակարգից։ Իբր նրանց եկամուտներն այնքան են ավելացել, որ այլևս սոցիալապես աղքատ չեն։ Այնինչ՝ իրականում այդ ընտանիքները ոչ թե դուրս են եկել, այլ նրանց պարզապես դուրս են թողել։ Ու դա արել են սոցիալական ապահովության գնահատման չափանիշները փոխելու միջոցով։
Այժմ էլ շարունակում են նույն մեթոդներով անապահովներին դուրս թողնել համակարգից։ Պիլոտային ծրագրի իրականացումից հետո, տարեսկզբից պիտի սկսեին դրա համատարած կիրառումը, բայց ընտրություններից առաջ, քաղաքացիների դժգոհություններից խուսափելու համար, որոշեցին դադար վերցնել։
Անապահովության գնահատման նոր չափանիշները կսկսեն գործել ընտրություններից անմիջապես հետո։ Դրա կիրառման արդյունքում ակնկալում են տասնյակ-հազարավոր քաղաքացիների զրկել անապահություն նպաստից։ Հետո էլ կասեն, թե ինքնակամ են դուրս եկել համակարգից, աշխատանք են գտել ու բարելավել իրենց սոցիալական վիճակը։
Աշխատատեղերն ու աշխատավարձերը շարունակում են մնալ իշխանությունների կողմից ամենաշահարկվող թեմաներից մեկը։ Ամենահաճախ շահարկողներից մեկն էլ սոցապ նախարարն է։ Ասում է՝ վերջին 8 տարիներին շուրջ 300.000 աշխատատեղ ենք ստեղծել։ Բացի այն, որ հայտարարվող աշխատատեղերի մեծ մասը նոր չեն ստեղծվել, անգամ պաշտոնական թվերով չեն հիմնավորվում իրենց ասածները։
Թե կոնկրետ քանի՞ նոր աշխատատեղ է ստեղծվել այս ընթացքում, իշխանություններն իրենք էլ չգիտեն։ Պաշտոնական վիճակագրություն չկա, բայց ամեն անգամ նույն սուտն են կրկնում։ Մի հարց այնուհանդերձ բաց է մնում. Եթե այդքան նոր աշխատատեղեր են ստեղծվել, ինչո՞ւ է գործազրկությունը Հայաստանում շարունակում մնալ այսքան բարձր։ Վերջին տվյալներով, 161 հազար քաղաքացի գործազուրկ է։ 2018թ., երբ զավթեցին իշխանությունը, գործազուրկ էր 202 հազար քաղաքացի։ Գործազուրկների քանակը կրճատվել է ընդամենը 41 հազարով։
41 հազար աշխատատեղերն այս մարդիկ զբաղեցրին, բա ի՞նչ եղան ձեր «ստեղծած» մնաց տասնյակ-հազարավոր աշխատատեղերը, հօդս ցնդեցի՞ն։
Իրականում դրանք բոլորովին էլ նոր ստեղծված աշխատատեղեր չեն եղել։ Նախկինում էլ եղել են, բայց չեն երևացել։ Այնպես, ինչպես աշխատավարձերը։ Դրա համար էլ երկրում աղքատության մակարդակն այսքան բարձր է։ Ու դա նշանակում է, որ իշխանությունների իրականացրած սոցիալական քաղաքականությունն արդարացված չի եղել, եկամուտների բաշխումը համաչափ չի եղել, ինչն էլ հանգեցրել է սոցիալական բևեռացման խորացման։
Իշխանությունների իրականացած սոցիալական քաղաքականության հետևանքները տեսնում ենք նաև ժողովրդագրական ցուցանիշներում։ Նախկինների օրոք, 2017թ. Հայաստանում ծնվել էր 37.699 երեխա, այսօրվա կառավարիչների օրոք, 2025թ. ծնվել է 32.042 երեխա՝ 5657-ով ավելի քիչ, քան 8 տարի առաջ։
Անցած տարի Հայաստանում 1551-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան 2024թ.։
Այս թվերի մասին, բնականաբար, խուսափում են խոսել։ Բայց դրանք այն արտաքին, տնտեսական ու սոցիալական քաղաքականության հետևանքն են, որն իրականացրել են ՔՊ-ականներն իրենց իշխանության տարիներին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



