Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով
Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի՝ ավելի քան 1 տար տևած «դատավարությունն» այսօր ավարտվեց։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նախագահող դատավորն այսօր հայտարարել է դատական նիստի ավարտի մասին, դատական կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։
Բաքվի ռազմական դատարանում վերջին նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի պաշտպան Էմիլ Բաբիշովը հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ։ Նա հրաժարվել է պաշտպանական ելույթից՝ շեշտելով, որ ընդմիջման ժամանակ խոսել է իր պաշտպանյալի հետ, որը նման դիրքորոշում է հայտնել։
Ռուբեն Վարդանյանն այսօր եզրափակիչ ելույթ է ունեցել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ կարդացել է Ադրբեջանի քրեական օրենսգիրքը, ավելի քան երկու տարիների կալանքի ընթացքում նույնիսկ հասցրել է ադրբեջանական պոեզիային ծանոթանալ և այլն։ Նրա ելույթից որևէ կոնկրետ խոսք, ուղերձ կամ հայտարարություն ադրբեջանական ԶԼՄ-ները չեն մեջբերել։
Դեռ նախորդ տարի՝ դեկտեմբերին Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց էր ունեցել որդու՝ Դավիթի հետ և նշել, թե ինչ է պատրաստվում ասել իր եզրափակիչ ելույթում։
Նա ասել էր` ընդգծելու է, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չէ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Նաև հայտարարելու է, որ ոչնչի համար չի զղջում, իր բոլոր գործողությունները կատարել է գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Միակ բանը, որի համար ափսոսում է, այն է, որ չկարողացավ անել ավելին։ Եվս մեկ անգամ հայտարարելու է` Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից։



