Բաժիններ՝

Իրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադիին

Իրանցի իրավապաշտպան և 2023 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին ավելի քան յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել, գրում է The Guardian-ը՝ հղում անելով նրա կողմնակիցներին և փաստաբան Մոստաֆա Նիլիին։

Ըստ Նիլիի՝ դատավճիռը կայացվել է փետրվարի 7-ին Մաշհադ քաղաքի դատարանի կողմից։ «Նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ հավաքների և դավադրության համար, մեկուկես տարվա՝ քարոզչության համար, ինչպես նաև երկու տարով արգելվել է նրա ելքը երկրից», — գրել է նա։ Նիլին հավելել է, որ Մոհամմադին նաև դատապարտվել է ևս երկու տարվա ներքին աքսորի դեպի Խոսֆ քաղաք, որը գտնվում է Թեհրանից մոտ 740 կիլոմետր դեպի հարավ-արևելք։

Ըստ կողմնակիցների՝ Մոհամմադին, ով ձերբակալվել էր դեկտեմբերին՝ բողոքի ցույցի ժամանակ, փետրվարի 2-ից հացադուլ է անում։

Իրավապաշտպան գործունեության տարիների ընթացքում Նարգիզ Մոհամմադին ձերբակալվել է 13 անգամ և հինգ անգամ դատապարտվել ազատազրկման։ 2022 թվականի հունվարին Մոհամմադին դատապարտվել է ութ տարվա բանտարկության՝ «պետության դեմ քարոզչության» և Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսություն անելու համար։ 2023 թվականի օգոստոսին նրա պատժաչափն ավելացվել է ևս մեկ տարով։ Նույն տարում Մոհամմադին դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, որը նրան շնորհվել է Իրանում կանանց ճնշումների դեմ պայքարի, ինչպես նաև մարդու իրավունքների և բոլորի համար ազատությունների խթանման գործում մղվող պայքարի համար։ 2024 թվականի դեկտեմբերին Մոհամմադին բժշկական պատճառներով պատժի կրման ժամանակավոր ազատում է ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս