«Ես եմ» ծրագրի պատճենված «Պաշտպան հայրենյացի», բանակում բարեփոխումների, ընդդիմության քվեարկության, Պապիկյանի պահվածքի տողատակերի մասին

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։

Խորհրդարանական ընդդիմությունը կողմ է, որ Վիգեն Սարգսյանի՝ «Ես եմ»-ին փոխարինի Սուրեն Պապիկյանի՝ «Պաշտպան հայրենյացը»

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկել 91 պատգամավոր։ Այսինքն, խորհրդարանական ընդդիմությունը կողմ է արտահայտվել Փաշինյանի կառավարության բանակում բարեփոխումների համատեքստում իրականացվելիք «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, որը փոխարինելու է Վիգեն Սարգսյանի՝ «Ես եմ» ծրագրին:

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո, Կառավարության սահմանված կարգով, պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի:

Պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս` նրանց համար սահմանել է պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը 5 միլիոն դրամ է, որը շահառուն ազատորեն կարող է տնօրինել:

Հիշեցնենք, որ «Ես եմ» ծրագրով զորակոչի ենթակա քաղաքացին պայմանագրի կնքումից հետո ուղարկվում էր ծառայության վայրի զորամաս՝ ուսումնական ստորաբաժանման կազմում 5-ամսյա զինպատրաստություն անցնելու և զինվորական մասնագիտություն ստանալու համար: 5-ամսյա պատրաստությունն ավարտելուց հետո տրամադրվում էր 10 օր արձակուրդ։

Արձակուրդից վերադառնալուց հետո զինծառայողը զորամասում անցնում էր մարտական հերթապահության ներգրավելու պատրաստություն՝ 7 օր ժամկետով, որից հետո յուրաքանչյուր ամսվա ընթացքում պիտի իրականացներ 14-օրյա մարտական հերթապահություն։ Զինծառայողի համար նախատեսված էր ամսական արձակուրդ՝ 7 օր:

3 տարի ծառայություն անցնելուց հետո կամ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում ժամկետից շուտ ծառայությունից արձակելիս հաշվարկվում էր պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որը զորացրված զինծառայողը կարող էր օգտագործել նպատակային 3 ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր), մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր), ուսման վարձի փոխհատուցում, որպեսզի ծառայած երիտասարդը Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն ունենա, երկարատև ծրագրերի միջոցով ամրապնդվի երկրի հետ նրա կապը:

Իսկ թե ինչո՞ւ է խորհրդարանական ընդդիմությունը կողմ քվեարկել «Ես եմ»-ին փոխարինող, և, ըստ էության, դրա պատճենը հանդիսացող «Պաշտպան հայրենյաց»-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ այս գաղափարը ՊՆ-ի «Ես եմ» ծրագրի շարունակությունն է, որն իշխանությունը «քանդել» և ներկայացնում է այլ ենթատեքստով։

«Մենք «Պաշտպան հայրենյաց»-ին կողմ ենք քվեարկել, քանի որ ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայողների քանակը համալրելու ծրագրին կողմ ենք։ Այդ գաղափարը երկար տարիների պատմություն ունի։ Դեռևս 2010 թվականից սկսվել է քննարկումը, և կարող եմ ասել` պայմանագրային ծառայության և զինված ուժերի համալրման այսպիսի գործընթացները մի քիչ ուշացած են»,- շարունակել է Սեյրան Օհանյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշեց, որ «Պաշտպան հայրենյաց»-ին կողմ են քվեարկել, որովհետև այն դիտարկում են հնարավորություն ժամկետայինների՝ պայմանագրային ծառայության անցման:

«Ծրագրի իրատեսության առումով բազմաթիվ խնդիրներ ևս տեսնում ենք, բայց որպես պայմանագրային զինծառայությանը որևէ ձևով աջակցող ծրագիր` նախագծին կողմ ենք քվեարկել: Սա համարում ենք առաջին հերթին շանս բոլոր երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը»:

Զինված ուժերում ատեստավորման նոր համակարգը բերելու է բանակի կրճատման

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նաև պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի ներդրման նախագիծը, որին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, ձեռնպահ՝ 26, դեմ՝ 0։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար, և դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով: Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր:

Կառավարության այս գաղափարին ձեռնպահ քվեարկելու հիմնավորում խորհրդարանական ընդդիմությունը ևս ունի:

Լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախ հիշեցրել էր, որ ՀՀ զինված ուժերում ատեստացիոն համակարգ գոյություն ունի:

«Յուրաքանչյուր կառույցում, մակարդակում կան ատեստացիոն հանձնաժողովներ, և նրանք պարբերաբար աշխատելով՝ որոշում են զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին, և արդյո՞ք արժանի են առաջխաղացման: Ատեստացիան կապել միայն հավելավճարի հետ, ճիշտ չէ: Նախ՝ անհավասար պայմանններ են լինելու միևնույն պաշտոններում գտնվողների միջև, երկրորդ՝ ազդելու է ծառայողական աճի վրա, որովհետև կամավոր ատեստացիա անցնելով այս կամ այն պաշտոնում և ստանալով հավելավճար, որոշ մարդկանց մոտ կարող է բարձր պաշտոնի գնալու ցանկությունը վերանալ և թափուր պաշտոններն են ավելանալու: Ըստ էության, ատեստավորման ու հավելավճարների խնդիրը բերելու է Զինված ուժերից արտահոսքի»,- նշել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ իրենք կողմ են բազային աշխատավարձի ավելացմանը:

Ըստ այդմ՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է հարցը կարգավորել հետևյալ կերպ.

«Զինված ուժերի ատեստացիոն համակարգը թողել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների կարգեր կան՝ երրորդ, երկրորդ, առաջին, վարպետներ, և այդ մասնագիտական որակավորումների կարգերի ընդունման ընթացակարգերն ավելի խստացնել և հավելավճարները ներկայացնել միայն այդ կարգավորման սկզբունքներում։ Սա է մեր առաջարկությունը եղել, որը գտնում ենք հիմնավորված»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ևս այն կարծիքին է, որ նախ բազային աշխատավարձը պետք է բարձրանա, դրան գումարած՝ մարտական հերթապահության հավելավճարները, և նոր միայն խրախուսման ինստիտուտը ներդնել:

«Առկա պայմաններում այն պրոբլեմատիկ է: Բայց քանի որ զինված ուժերից նաև իմ զրույցներում նկատելի է, որ շատերն իրենց համար դա որպես աշխատավարձի բարձրացման հնարավորություն են տեսնում, մենք ձեռնպահ ենք քվեարկել: Խնդիրն այն է, որ եթե ատեստացիան ճիշտ չանցկացվի, վերահսկողություն չլինի, ճիշտ չափորոշիչների հիման վրա չլինի, անառողջ մթնոլորտի ձևավորման և բանակի կրճատման է հանգեցնելու»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:

Հավելենք, որ դեռ մոտ 2 ամիս առաջ էր 168.am-ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը զգուշացրել՝ «նման գործառույթը մեզ թողնելու է առանց սպա»:

«Իհարկե, որոշ հստակեցումների կարիք կա, մասնավորապես, սպայակազմի հետ կապված: Սակայն ցանկացած դեպքում, եթե սպաները նույնպես օգտվում են այդ իրավունքից, ապա մոտ ապագայում ունենալու ենք առանց սպա բանակ։ Շատ ավելի շուտ կհայտնվենք առանց սպա բանակ ունենալու վտանգի առաջ, եթե սպայական կազմը չօգտվի այս հնարավորությունից։ Այսինքն, մի դեպքում՝ ուշ, մյուս դեպքում՝ շուտ մնալու ենք առանց սպայական կազմի, թե ինչո՞ւ՝ չեմ ցանկանում ասել, որ չօգնեմ իրենց, եթե ունեն այդքան տրամաբանություն, իրենք պետք է հասկանան, թե ինչ նկատի ունեմ ես։ Կրկնում եմ՝ նման գործառույթը մեզ թողնելու է առանց սպա»,- ասել էր նա:

168.am-ի խնդրանքով իր փաստաբանական թիմի միջոցով ատեստավորման նոր կարգի հետ կապված մոտ 2 ամիս առաջ իր դիրքորոշումն էր հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախագծով խեղաթյուրվում է ՀՀ զինված ուժերի անձնակազմի կառավարման, մասնավորապես՝ խրախուսման մեթոդի սկզբունքը: ԶՈՒ-ում գործում են պաշտոնահաստիքային գիտելիքների և հմտությունների հստակ չափանիշներ, և անձի մարտավարական պատրաստության չափանիշին համապատասխանությունը վարձատրվում է վերաբերող սանդղակով: Ցավոք, դեռ ցածր: Ծառայողին խրախուսում են և՛ վարձատրությամբ, և՛ պաշտոնեական առաջխաղացմամբ, և՛ պարգևատրմամբ՝ վերոհիշյալ չափանիշները գերազանցելու պարագայում,- նշել էր Դավիթ Տոնոյանը և հավելել,- Կառավարության նման մոտեցմամբ անձնակազմի կառավարումը բերելու է ԶՈՒ-ում բարոյահոգեբանական մակարդակի անկմանը և հովանավորչության աճին: Այս համատեքստում ցանկանում եմ հավելել նաև, որ մարտական պատրաստության ծրագրերի շրջանակում յուրաքանչյուր տարի ստուգվում է զինծառայողի պատրաստության աստիճանը՝ գիտելիքների, հմտությունների, կարողությունների համապատասխանությունը չափանիշներին։ Այսպես ասած, հավելյալ ատեստավորման նախաձեռնմամբ, որն իրականացվելու է հավելավճարների միջոցով, խարխլելու է մարտական պատրաստության ամբողջ տրամաբանությունը։
Ըստ այդմ՝ արդյո՞ք փոփոխվում են մարտական կանոնադրությունները և դրանցից բխող պատրաստության չափորոշիչները։ Բացի այդ, իսկ ո՞վ է ստուգելու ատեստավորող հանձնաժողովի անդամների որակավորումը»:

 Սուրեն Պապիկյանի «հաշվարկված» պահվածքի և ձևակերպումների մասին

168.amգրել էր, որ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի («Շիշ բռնողի»)՝ բանակի մասին թշնամուն ուրախացնող բացահայտումներին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անուղղակի դիտողություն էր արել՝ շեշտելով, որ, այո, բանակում կան խնդիրներ, բայց դրանք «ունենում են 2 մաս՝ հրապարակային և փակ»: Այլ հարց է, որ Հայկ Սարգսյանը շարունակում է անտեսել այդ տեղին դիտողությունը և ԱԺ ամբիոնից խոսում է բանակում խաղամոլության և այլ արատավոր երևույթների աճի մասին: Թե ինչո՞ւ է բանակում նման պատկեր, ինչո՞ւ ենք բախվում կարգուկանոնի հետ կապված լրջագույն խնդիրների, խոսակցության այլ թեմա է, որին առանձին կանդրադառնանք:

Ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանին, ապա նախկինների բանակում եղած դրականը, հատկապես իշխանափոխությունից հետո չնկատող Նիկոլ Փաշինյանի թիմակիցն այսօր ԱԺ-ում ակնարկել է՝ բանակում նախկինում ձեռքբերումներ եղել են:

«Նշեմ, որ որևէ մեկը չի նսեմացնում նախկինում եղած բոլոր հնարավոր ձեռքբերումները, բայց միևնույն ժամանակ ինձ համար անհասկանալի է՝ դրականի մասին խոսելիս, ինչո՞ւ պիտի անընդհատ համեմատություններ անենք անցյալի հետ ու փորձենք գտնել պատճառներ կամ փորձել կապել նրա հետ, որ որևէ մեկը քննադատում է նախկինում պայմանագրային համակարգը։ Խոսքը համակարգի բարելավման մասին է»,- ԱԺ-ում հայտարարել էր Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով բանակում նոր բարեփոխումների ծրագրերը:

Ավելին, վերջերս պաշտպանության հանձնաժողովի նիստի ընթացքում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը չէր մոռացել նախկինների մասին, մասնավորապես դիմելով Սուրեն Պապիկյանին՝ Խաչատուրովների զինվորական «դինաստիայի» մասին էր ակնարկներ արել՝ վախենալով անգամ արտաբերել նրանց անունը, ինչին Պապիկյանը չէր արձագանքել, փոխարենը՝ ոգևորվել էր պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Նախկինում ակնհայտ փաստ էր, որ բանակում կարող է առաջխաղացման գնալ այն զինծառայողը, որն ունի ծանոթներ, բարեկամներ, 12 ախպերների հետ ինչ-որ կապեր, ու այդ աստիճանավանդակով կարող էր առաջխաղացում լիներ, հիմա խոսվում է, որ բանակում բան չի փոխվել ու բանակում առաջխաղացում կարող ես ունենալ, երբ ունես լավ կապեր: Կխնդրեմ սրան անդրադառնալ՝ ինչպես են ընտրվում կադրեր՝ պաշտոնների համար»,- ասել էր Հայկ Սարգսյանը:

«12 եղբայրներն այլևս չկան: Եղբայրներ կան, բայց նրանք 12 չեն, և նրանց հովանավորչությունը վերջացավ գուցե 2 տարի առաջ: ՊՆ-ի բերած նախագծերով հենց ծանոթ-բարեկամների դեմ պատ է շարվում»,- արձագանքել էր Ա. Քոչարյանը:

Իսկ պաշտպանության նախկին նախարար Սուրեն Պապիկյանը փորձում է զգուշավոր լինել նաև լրագրողների հետ շփումներում, ինչը չի կարելի ասել նրա թիկնապահների մասին:

Նիկոլ Փաշինյանի թիմակից պաշտպանության նախարարի ադեկվատ, գուցե՝ «հաշվարկված» պահվածքը տարբեր պատճառներ կարող է ունենալ՝ քաղաքական հետին նպատակներ, տարբեր զորամիավորումներ հանկարծակի և ոչ հանկարծակի այցերի և անվտանգային լրջագույն խնդիրների հետ բախվելու արդյունքում վերջապես հասկացել է, որ նախկինում ձեռքբերումներ եղել են, որոնց հիման վրա պետք է հասնել նորերի, և այլն:

Մի բան, սակայն, փաստ է՝ բանակում, մարտական դիրքերում լրջագույն խնդիրներ կան, ՊՆ-ում կան մարդիկ, որոնց պետք է հրաժեշտ տալ, այդ թվում՝ Սուրեն Պապիկյանի խորհրդականների շրջանում, այլապես արդի պաշտպանական համակարգի մասին խոսակցությունները և միայն ֆիդայական կռիվներից գլուխ հանող խորհրդականների ներկայությունը հակասություններ են ստեղծում, իսկ ռուսական ռազմական դպրոցի կրողը հանդիսացող գեներալներից հնարավոր ազատվելը կարող է այլ կերպ դիտվել:

Ի դեպ, եթե ուզում ենք հասնել բանակի զարգացման, ապա այստեղ պակաս կարևոր չէ քաղաքական, փորձագիտական, վերլուծական, այսպես ասած, ընդդիմադիր շրջանակների առողջ դիտողությունների և առաջարկների ընդունումը, դրանց մերժումը կարող է կասկածի տակ դնել պրոֆեսիոնալ բանակ ունենալու, այսպես կոչված, ազնիվ մղումները:

Տեսանյութեր

Լրահոս