Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում 2025թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը դարձյալ անվտանգային վտանգավոր ձևակերպումներ է թույլ տվել, որոնցում, ըստ էության, և՛ ինքնախոստովանություն կար, որ պրոֆեսիոնալ բանակ ունենալը չի մտնում իր պլանների մեջ՝ լինի դա ՆԱՏՕ-ական, թե ոչ ՆԱՏՕ-ական չափանիշներով, բայցև անուղղակի զգուշացում՝ այն համակարգը, որն այսօր առկա է, դա էլ կարող է չլինել, և այլն: Սա՝ ընդհանրական, իսկ Փաշինյանի ելույթի համապատասխան հատվածը մենք բաժանել ենք մի քանի մասերի:
Փաշինյանը չստեղծեց ամենաինտելեկտուալ բանակը տարածաշրջանում, փոխարենը՝ կորցրեցինք նաև մարտունակ բանակի համբավը: Առանց փորձի փոխանակումների բանակը չի կարող ավելացնել իր ինտելեկտը: Սա երկար քննարկման թեմա է, որին դեռ առավել մանրամասն կանդրադառնանք:
Մի քանի օր է, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացի վերաբերյալ: Հրապարակված լուսանկարներից պարզվեց, որ դրան մասնակցում են Շիրակի և Արագածոտնի նախկին մարզպետները՝ Դավիթ Գևորգյանը և Նազելի Բաղդասարյանը, որոնք այսօր Նիկոլ Փաշինյանի օգնականներն են: