ՄԵՐ ԴԵՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ Է. ԷՐԴՈՂԱՆԻ «ՄԵՂՐԱԲԼԻԹԸ» ԹՈՒՆԱՎՈՐ Է. ՎԱՀՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը։

Ոչ մի առանձին պետություն Հայաստանին չի տալու անվտանգության երաշխիքներ, և հետևաբար՝ Հայաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը՝ աշխատելով անվտանգության տարբեր «մատակարարների», այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, ՀԱՊԿ-ի, Եվրամիության, Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հետ։ Այս մասին ընդգծում է միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը՝ խոսելով Հայաստանի անվտանգության սպառնալիքների և մերձավորարևելյան հակամարտությունների տարբեր ազդեցությունների մասին։

«Մեր անվտանգությունը մենք պետք է հավաքենք «puzzle»-ի նման՝ յուրաքանչյուրից վերցնելով այն, ինչ նա պատրաստ է տալ։ Ներկայիս աշխարհում ոչ ոք չի կարող տալ անվտանգության բացարձակ երաշխիք։ Դա պարզապես ռեալիզմ է։ Դու պիտի ներգրավվես այնպիսի նախագծերում, պիտի լինես այնպիսի գործոն, որ ձեռնտու չլինի քեզ անտեսելը։ Եթե պարզ ասեմ՝ Հյուսիս-Հարավ, Արևմուտք-Արևելք սխեմաների մեջ այնպես ներգրավվես, որ ոչ մի կողմի համար ձեռնտու չլինի, օրինակ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի կլանում։ Անչափ կարևոր է այս դիրքավորումը։ Դա բարդ խնդիր է, անլուծելի չէ իրականում»,- նշում է Վահրամ Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Միջազգայնագետը Մերձավոր Արևելքի շատ ուղիղ ազդեցություններ է տեսնում հարավկովկասյան տարածաշրջանի վրա՝ հիշեցնելով, որ «այն, ինչ փորձարկվեց Սիրիայում, տեղ գտավ Ղարաբաղում»։ Վահրամ Պետրոսյանը նկատի ունի Թուրքիայի ազդեցության նկատելի աճը Հարավային Կովկասում և այս պետության մասնակցությունն Ադրբեջանի 2020 թվականի ռազմական ագրեսիային Արցախի Հանրապետության դեմ։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասն արդեն դառնում է Մերձավոր կամ Միջին Արևելքի անբաժան մաս։

«Մեր ինքնության դաշտում մենք միշտ համարել ենք սա մեր պատմական հայրենիքի ծայրամաս։ Կովկասի ներառումը Մերձավոր (Միջին) Արևելքի մեջ վերջ կտա այդ երկփեղկվածությանը, որովհետև մենք տեսնում ենք, որ Կովկասն արդեն դառնում է Մերձավոր (Միջին) Արևելքի անբաժան մաս։ Այն իրողություները, որ կան Մերձավոր (Միջին) Արևելքում, անմիջականորեն ազդում են մեզ վրա։ Տեսեք՝ Սիրիա-Իրաքի իրողություններ։ Սիրիայում փորձարկվեց այն, ինչ տեղ գտավ Ղարաբաղում։ Սիրիայի հարցում Աստանայի գործընթաց եղավ, Իրանը, հատկապես Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն պայմանավորվեցին՝ ինչպես իրար հետ համագործակցել, այլև ազդեցության ոլորտների բաժանում եղավ, որոշակի «մոդուս վիվենդի» գտան այս դաշտում։ Փորձարկվեց այն, ինչ հետո պիտի փորձարկվեր նաև Կովկասում»,- մեկնաբանում է Վահրամ Պետրոսյանը։

Մասնագետի խոսքով՝ ազդեցություն է ունենում նաև քրդական գործոնը, և այս տարածաշրջանը, հատկապես՝ Սիրիան ու Իրաքը, դառնում է մի յուրահատուկ «պոլիգոն», որի փորձարկումներն անմիջականորեն կիրառվում են նաև Հարավային Կովկասում։

Ըստ նրա՝ այն, ինչ ժամանակին աներևակայելի էր, որ Թուրքիան կհայտնվի Կովկասում և կսկսի մեծ դեր խաղալ այս տարածաշրջանում, այժմ իրողություն է։ Սակայն մասնագետը չի կարծում, որ Ռուսաստանը հեռանում է Կովկասից։

Իսկ Թուրքիան և Ադրբեջանը, ըստ մասնագետի, փոխել են ոչ թե իրենց ռազմավարությունը, այլ մարտավարությունը.

«Ստրատեգիական անորոշություն» գաղափարը կա քաղաքագիտական վերլուծության մեջ, երբ չգիտես՝ քո ախոյանը, մրցակիցը կամ թշնամին ուր է գնում, իր ստրատեգիան որն է, բայց Թուրքիան և Ադրբեջանը ծայրահեղ ազնիվ են եղել մեր նկատմամբ, որովհետև միշտ նշել են, որ ուժային լուծումը չեն բացառում, միշտ են նշել, որ իրենք ուզում են թուրանական ճանապարհ, Մեղրիի միջանցք, հետո պիտի լիներ «Զանգեզուրի միջանցք», ինչպես են հասնում դրան։ Բայց իրենք ստրատեգիան երբևիցե չեն փոխել»:

Վահրամ Պետրոսյանի խոսքով՝ Էրդողանը մոդիֆիկացրել է նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտնի «Ռազմավարական խորք»-ի տեսությունը և փորձում է հասնել «զրո խնդիրների հարևանների հետ» ոչ միայն փափուկ, այլ կոշտ և խելացի ուժի կիրառմամբ։ Այլ խոսքով՝ Էրդողանը հարևանների հանդեպ վարում է «մտրակի ու մեղրաբլիթի» քաղաքականություն, միայն թե Հայաստանի դեպքում «մեղրաբլիթը» կարող է թունավոր լինել։

«Իհարկե, թունավոր «մեղրաբլիթ» կարող է լինել մեր դեպքում, որ քեզ տալիս է ենթակառուցվածքների մեջ ներառվելու, կոմունիկացիոն, լոգիստիկ համակարգում որոշակի ներգրավվելու հնարավորություն, սահմանի բացում, և այլն։ Թուրքիայի «մեղրաբլիթը» սահմանի բացումն է, որ «անվտանգություն կունենաս», «զարգացում կունենաս», «կներառվես ԹՐԻՓՓ-ում և որոշակի դիվիդենտներ կստանաս»»,- այսպես է Վահրամ Պետրոսյանը բացատրում Թուրքիայի քաղաքականությունը։

Ի դեպ, նա իրատեսական չի համարում Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը՝ նշելով, որ դրա համար Թուրքիայի 2026 թվականի բյուջեում պետք է կետ լիներ Հայաստանի հետ սահմանի բացման մասին, սակայն այդ կետը չկա։

Միջազգայնագետը Հայաստանի ամենամեծ սպառնալիքներից է գնահատում թուրք-ադրբեջանական խորացող միությունը՝ նկատելով, որ Թուրքիան և Ադրբեջանը «ծայրահեղ ազնիվ են եղել մեզ հետ» և պարզ ասել են իրենց ծրագրերը։

Մասնագետի խոսքով՝ հատկապես Շուշիի հռչակագրից հետո պետք է հաշվի նստենք նոր իրողության հետ, որ մեր դեմ ոչ թե պարզապես ադրբեջանական բանակն է, այլ թուրք-ադրբեջանական բանակը։

Ըստ Վահրամ Պետրոսյանի՝ Միացյալ Նահանգներն, օրինակ, ցանկանում է տեսնել «կայուն, Ռուսաստանը տարածաշրջանից հեռացնող» Հայաստան, իսկ Թուրքիան ցանկանում է տեսնել Հայաստանը՝ որպես թույլ պետականություն։ Պետրոսյանի խոսքով՝ գործ ունենք նոր Թուրքիայի հետ, բայց նրա ռազմավարությունն, անշուշտ, «թուրանական ճանապարհի» իրողությունն է։

«Մեր խաղը բավական բարդ է և երբևէ ռեգիոնալ դաշտում դյուրին խնդիր չի եղել, ասենք՝ «և-և»-ի կամ կոմպլեմենտարիզմի քաղաքականություն իրականացնելը, որին ձգտել ենք, բավական դժվար է եղել։ Կարևորը անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացումն է, քանզի ոչ մի առանձին պետություն քեզ չի տա անվտանգության երաշխիք։ Խնդիրն այն չէ, թե մենք մտնո՞ւմ ենք այս խաղի մեջ, թե՞ չենք մտնում։ Մենք արդեն իսկ խաղի մեջ ենք՝ այս ռեգիոնում լինելով, և անհրաժեշտ է, որ գիտակցենք, բայց նաև, որ խաղադրույքները բավական բարձր են և բավական ռիսկային խաղադրույքներ են, դա նույնպես փաստ է»,- ասում է Վահրամ Պետրոսյանը։

Մերձավորարևելյան հակամարտությունների ընդհանուր համատեքստում միջազգայնագետն առանձնահատուկ տեղ է հատկացնում Իսրայել-Իրան հակամարտությանը՝ խոսելով Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների վտանգի և դրանից բխող սպառնալիքների մասին։

Վահրամ Պետրոսյանն ընդգծում է՝ Իրանի ծայրահեղ թուլացումն անմիջականորեն ազդելու է Հայաստանի ազգային անվտանգության վրա։

Մասնագետը նկատում է՝ իրանական ոդիսականը շարունակվում է։ Նրա խոսքով՝ Իրանը մեծացրել է իր դիվանագիտության ճկունությունը, սակայն այսօր հյուծված է։ Ինչ վերաբերում է հարցին՝ հարված կհասցնե՞ն արդյոք Իրանին, թե՞ ոչ, Վահրամ Պետրոսյանը կարծում է, որ դերերի բաշխում է լինելու Միացյալ Նահանգների ու Իսրայելի միջև, և եթե հարվածելու խնդիր լինի, Միացյալ Նահանգները կհարվածի, ոչ թե Իսրայելը։ Իրանի իրադարձությունների առնչությամբ Վահրամ Պետրոսյանը նաև մանրամասնորեն անդրադարձավ Իրանում ապրող էթնիկ խմբերին։ Նրա ներկայացրած տվյալներով՝ Իրանում ապրում է 6-7 մլն քուրդ, իսկ ազարիների թիվը հասնում է 15-20 միլիոնի։

Փորձագետն անշնորհակալ գործ է համարում կանխատեսում անելը, բայց ընդգծում է՝ ամեն դեպքում Իրանում չի լինելու ո՛չ իրաքյան, ո՛չ սիրիական, ո՛չ վենեսուելական սցենար. լինելու է իրանական սցենար։

Պետրոսյանի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ի իրականացումն այս փուլում կախված է ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից, իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա Թեհրանում չեն ցանկանում, որ ԹՐԻՓՓ-ը վերածվի աշխարհաքաղաքական պատի Իրանի համար։

«Թուլացած Իրանն այս իրավիճակում նույնպես հետամուտ է լինելու իր շահերին։ Օրինակ՝ նույն ԹՐԻՓՓ-ը իր համար, չասեմ՝ կարմիր գիծ է, բայց իրողություն է, որին լուրջ մտահոգությամբ են վերաբերվում և չեն ցանկանում, որ այն վերածվի աշխարհաքաղաքական պատի Իրանի համար՝ Հյուսիս-Հարավ կապը կաշկանդող և իր շնչափողը խեղդող, և մեր խնդիրը պետք է լինի այնպիսի քայլերի ալգորիթմ որդեգրելը, որ չլինենք Արևմուտքի մանրադրամն ընդդեմ Իրանի և չլինենք նաև Իրանի ձեռքում Արևմուտքի դեմ գործոն»,- նշում է փորձագետը։

Միջազգայնագետի խոսքով՝ մեր հիմնական վերլուծական սխալներից մեկն այն է, որ մտածում ենք, թե մեր հակառակորդներն ու դաշնակիցներն էլ են մտածում այնպես, ինչպես մենք, մինչդեռ նրանց ընկալումները բոլորովին այլ են։ Վահրամ Պետրոսյանի կարծիքով՝ քաղաքական մտածողության դաշտում «ամենավտանգավորն իներցիոն մտածելակերպն» է։

Նա նաև ընդգծեց՝ Ադրբեջանի դեպքում մենք պետք է վատագույն սցենարով գնանք, և կարևոր չէ՝ նրանք ունե՞ն հարձակվելու մտադրություն, թե՞ ոչ։ Կարևորն այն է, որ ունեն ռեսուրսներ, որոնք կարող են փոխել մտադրությունը։

Ըստ մասնագետի՝ Բաքուն ձգտում է նրան, որ մոտակա 50 տարում Հայաստանը սպառնալիք չլինի Ադրբեջանի համար.

«Իսրայելում կա այսպիսի մի խոսք. «Կարևոր չէ, թե նրանք ինչ են ասում, կարևոր է այն, թե մենք ինչ ենք անում»։ Համաձայնեք, որ Ադրբեջանի խոսույթները հաշվի չառնել նույնպես չենք կարող։ Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում էր, որ ուժային լուծումը չի բացառվում, իսկ մենք բացառում էինք ուժային լուծումը, քանի որ կարծում էինք՝ նա, ով առաջինը կգնա պատերազմի, ամենից մեծ կորուստները նա է ունենալու»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս