Ի՞նչ է նշանակում՝ Ամերիկան կփրկի. նայե՛ք, ինչ արեցին թուրքերն ալևիներին, դրուզներին, քրդերին… «Շրեկի» 4-րդ սերիայում ենք՝ մի շանտաժիստ խաբեությամբ ղեկավարում է երկիրը. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Վաշինգտոնից որոշ լուրեր ենք ստանում, որ գոհ չեն՝ ինչ է անում Հայաստանում իշխող այս խմբի ղեկավարը Հայ Առաքելական եկեղեցու հետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, կարծում եմ, այստեղ կշոշափի նաև այդ հարցը, թեպետ նպատակն այստեղ գալու, թերևս, հենց TRIPP-ի հետ կապված գործընթացներն են։
  • Եթե մենք ունենայինք նորմալ, կոմպետենտ ղեկավարություն, TRIPP-ի 74%-ը չէինք տա Թրամփին և կունենայինք փոխադարձություն։ Մենք զիջեցինք մեր ամենակարևոր քարտը և փոխարենը ստացանք գաղութ դառնալու հեռանկար։ Սա սկիզբն է, հետո առաջ է գալու Սյունիքի հարցը։ Նույն իրավիճակն էր Սուեզի ջրանցքի պարագայում, երբ, ի վերջո, Անգլիան ստացավ Եգիպտոսը, իսկ Մարոկկոն զիջեց Ֆրանսիային, ու Աֆրիկան կիսեցին։ Նույնը տեղի ունեցավ Պանամայի ջրանցքի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ։ Սա գաղութացում է, հերթը հասել է մեզ, ու այս մարդիկ չեն ամաչում, խոսում են ինքնիշխանության մասին։ Սյունիքը կլինի ազատ տնտեսական գոտի, թուրքերն ու ադրբեջանցիները բիզնեսներ կդնեն ու մի քանի տարի հետո մեզ կհարցնեն՝ դուք այստեղ ի՞նչ գործ ունեք։

Կարդացեք նաև

  • Եթե ադրբեջանցիները չեն ուզում տեսնել մեր սահմանապահների երեսը, ինչո՞ւ ենք կարծում, որ կուզենան տեսնել մեր զինվորների երեսը։ Հիմա մի հիանալի հնարք գտան՝ ֆրոնտ օֆիս ու բեք օֆիս կոչվածները։ Մեր սահմանապահները կնստեն հետևի սենյակում, ու ադրբեջանցիները նրանց երեսը չեն տեսնի։
  • 1956թ., երբ Եգիպտոսը փորձեց հետ բերել իր տարածքը, Միացյալ Թագավորության արտգործնախարար Էնթոնի Իդենն ասաց՝ եգիպտացիներն ասում են՝ սա իրենց տարածքն է, բայց դա այդպես չէ, սա միջազգային տարածք է։ Նույնը լինելու է այստեղ։ 10-20 տարի հետո մեզ էլ են ասում՝ սա միջազգային կորիդոր է, դուք այստեղ ի՞նչ գործ ունեք։

Հիշեցնենք. երբ 1956 թվականին Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը հայտարարեց սեփական տարածքի՝ Սուեզի ջրանցքի ազգայնացման մասին, սակայն Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար, ապա՝ վարչապետ Էնթոնի Իդենը շատ կտրուկ մերժեց: Իդենը Սուեզի ջրանցքը համարում էր Բրիտանական կայսրության «կենսական զարկերակը» (lifeline)։ Նա հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան չի կարող թույլ տալ, որպեսզի ջրանցքը լինի մեկ մարդու կամ մեկ երկրի վերահսկողության ներքո։ Նա պնդում էր, որ Եգիպտոսի նախագահ Նասերը «մատը դրել է մեր կոկորդին» և ցանկացած պահի կարող է սեղմել այն։ Էնթոնի Իդենը Եգիպտոսի նախագահ Նասերին անվանում էր «մուսուլմանական Մուսոլինի» կամ «Նիլի Հիտլեր», հայտարարում էր, որ Եգիպտոսի նախագահի գործողությունն «ապօրինի բռնագրավում» է և միջազգային պայմանագրերի խախտում։ Նա հայտարարեց, որ եթե դիվանագիտությունը չօգնի, ապա Մեծ Բրիտանիան ուժ կկիրառի։ Նա գաղտնի համագործակցության մեջ մտավ Ֆրանսիայի և Իսրայելի հետ (Սևրի համաձայնագիր), ինչը հանգեցրեց ռազմական ներխուժմանը։ Ի դեպ, ըստ որոշ պատմական աղբյուրների՝ Իդենն այնքան էր տարված Նասերին տապալելու մտքով, որ նույնիսկ ուժեղ դեղամիջոցների ազդեցության տակ էր որոշումներ կայացնում։ Երբ ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը պահանջեց դադարեցնել կրակը, Իդենը ստիպված եղավ նահանջել։ Սա Բրիտանիայի համար դարձավ խայտառակ պարտություն և վերջ դրեց նրա՝ որպես գերտերության կարգավիճակին։

  • Թրամփի համար Գազան ու Գրենլանդիան անշարժ գույքի կտորներ են, ու իրենք են որոշում՝ ով որտեղ է ապրելու։ Մենք՝ հայերս, ինչո՞ւ ենք կարծում, որ Գազայից ավելի կարևոր ենք։ Մենք վաղը գիտե՞նք ինչ է անելու մեզ հետ ԱՄՆ-ը, երբ փաստացի դարձել ենք Թրամփի գույքը։ 
  • Երբ Արարատ Միրզոյանը պնդում է, որ առանց մեր համաձայնության ԱՄՆ կողմից բաժնեմաս չի վաճառվելու, ասենք, Թուրքիային, Ադրբեջանին կամ Իսրայելին, ապա թող գնա, Գրենլանդիայի վարչապետին հարցնի՝ իր կարծիքը հարցրե՞լ է Թրամփը նման գործողություններ կատարելիս, կամ Գազայի բնակիչներին հարցրե՞լ է Թրամփը՝ իրենք որտեղ են ուզում ապրել։ 
  • 74% բաժնեմաս ունեցողը քեզ չի հարցնելու՝ համաձա՞յն ես, թե՞ ոչ։
  • Թույլերին ու դավաճաններին ոչ մի տեղ չեն սիրում։ Աշխարհում չեն հարգում ծնկի եկողներին ու աղերսողներին։
  • Իրանը քանի՞ տարի է ասել, որ ամերիկացիներին ճանապարհ տալը հակաիրանական քայլ է։ Եթե այս խումբը` ՔՊ-ն, մի քիչ խելք ունենար, այնպես կանեին, որ նախ Հայաստանն ունենար 51% բաժնեմաս, հետո լիներ կոնսորցիում, ու այդտեղ բաժնեմաս ունենային տարբեր երկրներ, այդ թվում՝ Իրանը։ Բայց մենք դա հանձնեցինք Իրանի թշնամիներին։ Սա ռազմական օգնություն ստանալու մեր հիմնական սահմանն է։ Ինչպե՞ս ենք զենք բերելու, ամերիկացիները թո՞ւյլ են տալու։ Այս ճանապարհը մեր ամենամեծ դիվանագիտական քարտն էր, որը մենք չօգտագործեցինք։ Մենք դարձանք գաղութ։ Որևէ երկիր 21-րդ դարում այս պայմաններով իր տարածքը զիջե՞լ է։ Մի հատ ձեր շուրջ նայեք։ Վրացիներն այդ պայմաններով տարածք հանձնե՞լ են, երբ համաձայնել են, որ Բաքու-Ջեյհան գազատարն այդտեղով անցնի։
  • Միացյալ Նահանգներն Իրաքում ներդրել էին 61 միլիարդ դոլար, բայց հենց պարտվեցին, թողեցին ու դուրս եկան։ Այնպես որ, ամերիկյան ներդրումներն անվտանգության երաշխիք չեն։ 

Հիշեցնենք, որ Իրաքի (և նաև Աֆղանստանի) օրինակը ցույց է տալիս, որ ֆինանսական ներդրումները չեն կարող վերածվել անվտանգության երաշխիքների։ Իրաքում ԱՄՆ-ի կողմից ներդրված միլիարդները հիմնականում ռազմական ծախսեր էին և պետական համակարգի վերականգնման փորձեր, այլ ոչ թե մասնավոր բիզնես ներդրումներ։ Այնպես որ, անվտանգության իրական երաշխիքը ոչ թե ծախսված գումարն է, այլ այն, թե որքանով է տվյալ պահին տվյալ երկրի գոյությունը բխում ԱՄՆ-ի ազգային շահերից։ Իրաքում նպատակը ռեժիմի փոփոխությունն էր և տարածաշրջանային ազդեցությունը։ Երբ դա ԱՄՆ-ի համար դարձավ չափազանց թանկ և անարդյունավետ, նրանք դուրս եկան Իրաքից։ Իսրայելում կամ Հարավային Կորեայում ներդրումները շարունակվում են, որովհետև այնտեղ ԱՄՆ-ը ունի մշտական շահեր։ Եթե որևէ երկրում կան խոշոր ամերիկյան կորպորացիաների մասնավոր ներդրումներ, այդ ընկերությունները դառնում են լոբբիստներ Վաշինգտոնում, որպեսզի կառավարությունը պաշտպանի այդ տարածքը։ Իրաքի դեպքում ներդրումները պետական էին, այսինքն՝ դրանք հարկատուների փողերն էին, որոնց կորուստը քաղաքականապես ավելի հեշտ էր «մարսել», քան խոշոր բիզնեսի կորուստը։

  • Նայե՛ք, ինչ են անում թուրքերը․ նախ ջարդեցին ալևիներին, հետո՝ դրուզներին, իսկ հիմա անցել են քրդերին։ Իսկ Եվրոպայում նայում են դրան ու աչք փակում՝ ասելով՝ սերը սեր, բայց բիզնեսը բիզնես է, ու առհասարակ՝ դուք եք մեղավոր, որ ձեզ կոտորել են։ Սա ծա՛ղր է։

  • Թրամփը պրագմատիկ բիզնեսմեն է․նա ինքը գիտի, որ իր շահերն Ադրբեջանում են։ Հիշե՛ք՝ ինչպես վարվեց Թրամփն Ուկրաինայի հետ։ Բայց այդ մարդը՝ Փաշինյանը, Դավոս էր գնացել միայն լուսանկարվելու համար, որպեսզի հունիսին կայանալիք ընտրություններին օգտագործի։ Նա ոչ մի քաշ չունի այնտեղ։ Թրամփը փաստացի հռչակեց, որ ՄԱԿ-ն այլևս աշխարհում տեղ չունի, և ինքն է կառավարելու աշխարհը՝ որպես կորպորացիա՝ «Խաղաղության խորհրդի» միջոցով։ Մենք պետք է ուշադիր լինենք՝ ինչ է տեղի ունենում Գազայում, Գրենլանդիայում ու Ուկրաինայում։ Սա նախապատերազմական շրջան է, և եթե ճկուն չլինենք, փոքր պետությունները կարող են անհետանալ։
  • Մենք գնում ենք դեպի նոր աշխարհակարգ, որտեղ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, գուցե Եվրոպան, գուցե մի երկու այլ երկիր ևս կիսելու են աշխարհը։ Հարցն այն է՝ մենք որտեղ ենք լինելու, մեզ ինչպես են բաժանելու։
  • ՆԱՏՕ-ի ապագան շատ մշուշոտ է։ Տեսնում եք՝ Ֆրանսիայում քաղաքական գործիչներն ասում են՝ սա խելագարություն է։ Անգլիան, Ֆրանսիան ու Գերմանիան կառուցում են ռազմական գործարաններ, ռազմական բյուջեն են ավելացնում, իսկ մենք ոչ մի դաս չենք քաղում։ ՆԱՏՕ-ԱՄՆ հարաբերությունների ապագան դեռ պարզ չէ։ Թրամփը հավանաբար կպահանջի ավելացնել ներդրումները։ Թրամփին մնացել է 3 տարի․ ԱՄՆ-ում հսկայական դժգոհություն կա Թրամփից, ու նա չի վերընտրվելու։ 3 տարի հետո, կարծում եմ, իշխանության կգան դեմոկրատները, ու Թրամփի «Խաղաղության խորհուրդը» հօդս կցնդի։
  • Ի՞նչ է նշանակում՝ Ամերիկան կփրկի։ Մի հատ մտեք ինտերնետ, տեսե՛ք Ալ–Քաիդան ոնց է քրդերին մորթում, ու մորթում են այն մարդու՝ ահաբեկչի ձեռքով, ում համար ամերիկացիները փնտրելիս 10 միլիոն դոլար փրկագին էին խոստանում, հիմա երկրի ղեկավար են դարձրել։
  • Առանց ժողովրդի աջակցության՝ շատ դժվար է լինելու Փաշինյանին իշխանազրկելը։ Տեռորը շարունակվում է, կալանավորում են քաղաքական գործիչներին, շուտով երևի կանցնեն լրատվամիջոցներին։ Փաշինյանն Աստծո նվերն է Ադրբեջանին, ու նրանք, իհարկե, կօգնեն նրան։ Երբ թուրքերն են հայտարարում, որ աջակցում են Փաշինյանին, նորմալ է, բայց երբ Սոլովյովն է ինչ–որ բան ասում, ֆեյքերով հարձակվում են, երբ նա ընդամենը լրագրող է։
  • Երբ Ալիևն ասում է՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է, չեն նեղանում, չեն պատասխանում նրան, երբ փայլուն աչքերով, Փաշինյանն Էրդողանի գիրքը գրկած՝ կանգնում է նրա դիմաց, ով ասում է՝ ես եմ 5000 տղա սպանել, չի նեղանում, բայց ընդդիմադիրներից նեղանում են ու բռնում… սա՛ է Հայաստանի ներկայիս իշխանությունը:
  • Պետք է համախմբվել․ թող ընտրություններում լինի ընդդիմության մի քանի բևեռ։ Սամվել Կարապետյանն ուժեղ գաղափարական առաջնորդ է։ «Մեր ձևովը» լուրջ ուժ է, պետք է համախմբվել նրա շուրջ։ Փոքր կուսակցությունները, լավ կլինի, միավորվեն, որ ձայներ չփոշիացնեն։ Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի չծառայելու վերաբերյալ քրեական վարույթին: Ընդդիմության նկատմամբ Փաշինյանի գործողություններն ինձ հիշեցնում է հայտնի մուլտֆիլմի՝ «Շրեկի» 4-րդ սերիան, որում այդպիսի մի շանտաժիստ խաբելով ղեկավարում էր երկիրը, շանտաժով, կոմպրոմատներով փորձում է վախեցնել մարդկանց… հայտնի հերոսը նվագելով, պարացնելով՝ Շրեկին բանտ նետեց…

  • Ես եվրոբեսեդկագետներին կհարցնեի՝ այսքան տարի մեր ուղեղը լվանում էիք դեմոկրատական արժեքներով, բա չե՞ք տեսնում՝ երկրում ինչ է կատարվում, ինչո՞ւ չեք խոսում։
  • Կարծում եմ՝ Թրամփը ցույց տվեց, որ այստեղ ունի պարզապես պրագմատիկ տնտեսական շահեր, ռազմավարական շահեր չունի, և այս տարածաշրջանն իրար մեջ կկիսեն Թուրքիան ու Ռուսաստանը։ Լատինական Ամերիկան հանձնեցին Թրամփին, նախկին ԽՍՀՄ տարածքը կվերահսկի Ռուսաստանը։
  • Իրանի դեմ հարձակումը պատրաստվում էր, բայց վերջին րոպեին կանգնեցին, որովհետև նախ Իրանում բողոքի ալիքը ճնշեցին, և հետո հավանաբար ԱՄՆ-ը իր հաշվարկներն արեց։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Նեթանյահուն է խնդրել կանգնեցնել, որովհետև հարձակում կլիներ Իսրայելի վրա։ Բայց կարծում եմ՝ ԱՄՆ հարձակումն Իրանի վրա պարզապես հետաձգվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս