1 միլիարդ դոլարն ո՞ւմ հաշվին են վճարելու. Կառավարությունը գրավոր ընթացակարգով է հավանություն տվել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությանը

Օրերս Նիկոլ Փաշինյանը ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ, և «սիրով» ընդունել  այն: Ինչպես նշել էր Փաշինյանի խոսնակը՝ «վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»:

Ի դեպ, Խաղաղութան խորհրդի մշտական անդամություն ստանալու համար պետք է վճարել 1 միլիարդ դոլար: Սա, թերևս, ամենաթանկ անդամավճարն է մարդկության պատմության ընթացքում: Որևէ երկիր, որն ի զորու չէ մեկ միլիարդ վճարել՝ կստանա ժամանակավոր անդամի կարգավիճակ երեք տարի ժամկետով:

Նախօրեին տեղեկացանք, որ այդ վեհ առաքելության համար Փաշինյանը մեկնել է Դավոս՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը:

Երեկ արդեն Կառավարությունը գրավոր ընթացակարգով որոշում է ընդունել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին:

Կարդացեք նաև

«Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ կազմակերպել կանոնադրության ստորագրումը»,- ասվում է նախագծում:

Նախատեսվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր պետք է հաստատի նոր ստեղծվելիք միջազգային կառույցի՝ «Խաղաղության խորհրդի» լիազորությունները և կազմը:

Նախնական փուլում ենթադրելի էր, որ նպատակը Գազայի հակամարտության կարգավորումն էր, բայց հետագայում պարզ դարձավ, որ «Խաղաղության խորհուրդն» ուզում է ստանձնել համաշխարհային կարգավորող կառույցի դերը՝ փոխարինելով արդեն իսկ գործող իրավական, քաղաքական, անվտանգային միջազգային դերակատարներին:

Այսպիսով, շուրջ 6 տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, «Խաղաղության խորհրդին» միանալու հրավեր են ստացել:

Տեսանյութեր

Լրահոս