Գրիգորյանի «կանտոռայի» զեկույցը, Փաշինյանի «գործակալների որսը» և Բրիտանիայի՝ պաշտպանական միասնական հակահետախուզություն ունենալու որոշումը

Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր այս օրերի գլխավոր թեմային՝ իբր Վեհափառն օտարերկրյա գործակալ է, կամ՝ նրա եղբայրը ԿԳԲ գործակալ է:

Հարցին, թե ինչո՞ւ դրան չեն հետևել քննչական գործողություններ, նա արձագանքել էր.

«Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ գործակալ է եղել՝ Խորհրդային Միության ժամանակ։ Այդ սկանդալն ինչո՞ւ չի պայթում, պարզե՞լ եք՝ ճի՞շտ է, թե՞ ճիշտ չի: Փաստաթղթեր են հրապարակվել: Հայտարարություններ են եղել հրապարակային հոգևոր ծառայողների կողմից Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին: Հետաքրքրվել եմ՝ մեր ծառայություններն էլ այդ տեղեկությունն ունեն, այո, ԱԱԾ-ն ունի այդ տեղեկությունը: ԿԳԲ գործակալ լինելու համար հնարավոր չէ վարույթ նախաձեռնել, որովհետև նրանք եղել են ԽՍՀՄ քաղաքացի։

Հիմա արդյո՞ք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա։ Ամեն ինչ չէ, որ քրեական վարույթների ռեժիմով է աշխատում, կա օպերատիվ աշխատանք, կա հակահետախուզական աշխատանք, հետախուզական, բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվում են: Հիմա սկանդալը կա՞, թե՞ չկա: Հիմա Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը ԿԳԲ-ի գործակալ է եղել: Դա սկանդա՞լ է, թե՞ սկանդալ չի, ինչ-որ սկանդալ չի: Գիտե՞ք ինչի սկանդալ չի, որովհետև սկանդալը կախված է նրանից, թե ով է ֆինանսավորում սկանդալը:

Կարդացեք նաև

Այսինքն, ձեզ համար նորությո՞ւն է, որ Կաթողիկոսը ղեկավարվում է դրսից: Չե՞ք տեսել փաստեր, ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք այդ փաստերը: Քրեական գո՞րծ է ձեզ պետք դա տեսնելու համար, ամեն ի՞նչ է, որ քրեական գործով է լինում: Իրավապահ պրոցեսն ունի բազմաթիվ նրբություններ, այդտեղ միջպետական հարաբերությունների հազար հարց կա: Հետաքննություն արեք՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին տեղեկությունը ճի՞շտ է, թե՞ ոչ, ինչի հարցում…»:

Այս հայտարարությունը մեզ հիշեցրել էր նույն տրամաբանության մեջ «իրավունքի ուժով» ոչ իրավական մղված և մղվող պայքարն ընդդեմ բանակի: Հիբրիդային պատերազմի համատեքստում առաջիկայում հստակ և փաստարկված դեռ կանդրադառնանք ՀՀ բանակի և զինվորականության դեմ կոնկրետ դրվագների, որոնց ականատեսն ենք եղել վերջին 7 տարում, և, թե ինչ հետևանքներ են ունեցել դրանք:

Իսկ Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարության մեջ մեր ուշադրությունը գրավել էր նաև լրատվամիջոցներին ուղղված և կրկնվող՝ «ինչո՞ւ սկանդալը չի պայթում», «ինչո՞ւ սկանդալ չկա» հարցադրումը:

Երբ պատերազմի ժամանակ հայտարարվում էր բանակում «5-րդ շարասյան» գոյության մասին, ձգտումը նույնն էր՝ «ես հիմա մի բան եմ ասելու, որը շատ մեծ աղմուկ է առաջացնելու»:

Որքանո՞վ դա աղմուկ բարձրացրեց, որը ցանկանում էր իշխանությունը, դատեք ինքներդ:

Ի դեպ, պարզվում է, որ նախքան Փաշինյանի տեղեկություն ճշտելու, հարցում ուղարկելու հորդորը, «Սիվիլնեթը» Փաշինյանին «հուզող» հարցով գրավոր դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու, թե արդյո՞ք կառույցը տիրապետում է տեղեկատվության Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ գործակալ լինելու վերաբերյալ: Բայց ԱԱԾ-ն մերժել էր տրամադրել որևէ տեղեկություն՝ հիշեցնելով պետական գաղտնիքի, գաղտնիության դրոշմագրերի մասին:

Ավելին, նշվել էր, որ «հայցվող տեղեկատվությունը վերաբերում է այլ անձի անձնական կյանքին և ենթակա չէ տրամադրման, քանի որ դրա հրապարակումը կարող է խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը»:

Բայց արի ու տես՝ դեկտեմբերի 19-ին իշխանական լրատվամիջոցը՝ civic.am-ը, ԱԱԾ անունից հայերեն լրացված «փաստաթուղթ» է հրապարակել, որ «Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ»: Ի՞նչ է փոխվել դե յուրե քաղաքական իրավիճակի կամ նպատակահարմարության առումով, գուցե իրավիճա՞կ է   փոխվել:

Փաստաթղթի «տեխնիկական» խնդիրներին մասնագետներն արդեն անդրադարձել են, ուստի չենք փորձի անել նույնը, հատկապես, երբ անտեսվել է նաև հանգամանքը, որ ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի համագործակցությունը չի կարող դիտվել հանցագործություն մի շարք պատճառներով: Իսկ իշխանությունները նույնիսկ չեն հանրայնացնում հոգևորականի «ստացած առաջադրանքները»:

Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել՝ «ԿԳԲ գործակալ լինելու համար հնարավոր չէ վարույթ նախաձեռնել, որովհետև նրանք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»:

Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին որոշեց, որ այսուհետ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը պիտի նշվի ոչ թե դեկտեմբերի 20-ին, քանի որ դա հայտնի է որպես «չեկիստի օր», այլ հունվարի 8-ին: Հիմա կարո՞ղ ենք ասել, որ դարձյալ սիմվոլիկայի հետևից է ընկել:

Ի դեպ, նույն ժամանակում՝ դեկտեմբերի 18-ին, Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Միացյալ Թագավորության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Բլեյզ Մետրևելիի հետ: Հիմա որոշ մարդիկ գուցե ասեն՝ սա ի՞նչ կապ ունի Փաշինյանի գործակալական պայքարի հետ, կամ մեզ կմեղադրեն դավադրության տեսությունների մեջ:

Բայց հիշենք, որ մենք Մեծ Բրիտանիայի հետ փորձում ենք ռազմավարական հարաբերություններ կառուցել: Եվ այդ տրամաբանության մեջ, թե դրանից դուրս, իշխանությունները որոշել են նաև ԱԱԾ-ից առանձնացնել արտաքին հետախուզական ծառայությունը, փոխարենը՝ ստեղծել արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։

Այս ամենը հաշվի առնելով, արդեն հասկանալի է, թե ինչու էր 2025 թվականի հունվարին ՀՀ արտաքին հետախուզության ծառայության առաջին հրապարակային զեկույցում, որը ՀՀ 2025թ. արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ ծառայության կանխատեսումն է, բավականին մեծ տեղ հատկացվել տեղեկատվական ռիսկերին, հիբրիդային ճնշմանը, ազդեցության օպերացիաներին, թեպետ այդ ժամանակ միջազգային շրջանակներից խոսում էին Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի ռիսկերի մասին:

«Հայաստանի Հանրապետության առջև ծառացած գլխավոր տեղեկատվական ռիսկերից մեկը որոշ արտաքին դերակատարների կողմից վնասակար ազդեցության օպերացիաների իրականացումն է, որոնք ավանդական լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և տարբեր բնույթի կայքերի օգտագործմամբ փորձում են խեղաթյուրել մեր քաղաքացիների ընկալումը երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող գործընթացների վերաբերյալ՝ այդպիսով ձգտելով կանխորոշել ժողովրդավարական հասարակարգի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կայացվող որոշումները:

Տեղեկատվական լցոնումները տեղի են ունենում ազդեցության գործակալների ակտիվացմանը զուգահեռ, որոնք ի թիվս տարբեր մարդկային ու տեղեկատվական ռեսուրսների, հոգևոր ու մշակութային ինստիտուցիոնալ կառույցների շահագործմամբ փորձում են հանրության որոշ շերտերին գիտակցաբար կամ անգիտակցաբար ծառայեցնել արտաքին դերակատարների շահերին»,– մասնավորապես, նշվում է զեկույցում:

Բնականաբար, այստեղ առաջին հերթին մեղադրական սլաքն ուղղված է Ռուսաստանին:

Այս համատեքստում վերադառնալով Մեծ Բրիտանիային, հավելենք, որ օրերս տեղեկություն շրջանառվեց արտասահմանյան ռեսուրսներում, որ Թագավորական ռազմածովային նավատորմի, ռազմաօդային ուժերի, տիեզերական և մշտական ​​​​միացյալ շտաբի հետախուզական ծառայությունները միավորվում են մեկ կազմակերպության մեջ՝ Ռազմական հետախուզական ծառայություններ (Military Intelligence Services, MIS), ինչը պայմանավորվում է ՌԴից եկող սպառնալիքով։

Մեծ Բրիտանիայում վստահ են, որ սա առավել արագ կդարձնի հետախուզական տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և փոխանցումն այն պայմաններում, երբ վերջին մեկ տարում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության նկատմամբ լրտեսության դեպքերը զգալի աճել են։

Ավելին, բացի միասնական ռազմական հետախուզությունից (MIS), բրիտանական պաշտպանական գերատեսչությունը որոշել է ստեղծել նաև միասնական պաշտպանական հակահետախուզություն (Defence Counter-Intelligence Unit, DCIU)։

Սրան զուգահեռ՝ Ռուսաստանը որոշել է լուծարել ռազմական համաձայնագրերը եվրոպական և ՆԱՏՕ անդամ մի շարք երկրների հետ դեռ 1992 թվականից կնքած։ Որոշումը վերաբերում է Բուլղարիային, Գերմանիային, Լեհաստանին, Ռումինիային, Դանիային, Նորվեգիային, Նիդերլանդներին, Խորվաթիային, Բելգիային, Չեխիային, Մեծ Բրիտանիային։

Տեսանյութեր

Լրահոս