Իրանում բացասական սցենարն ուղիղ անդրադառնալու է Հայաստանի ու ռեգիոնի վրա․ էական փոփոխություններ կլինեն․ վերլուծաբան
Դեկտեմբերի 28-ից Իրանի Իսլամական Հանրապետությունում բռնկված բողոքի մասշտաբային ակցիաները շարունակվում են։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի, ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների։
Այս օրերին Իրանի վրա է կենտրոնացել համաշխարհային ու հատկապես արևմտյան, թյուրքական մամուլի ուշադրությունը։ Իրանում իրավիճակը ներկայացվում է՝ որպես անդառնալի, կան հրապարակումներ, որ իբրև թե Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին պատրաստվում է փախուստի դիմել, իշխանությունը խուճապի մեջ է, ոստիկանությունը միանում է ցուցարարներին, և այլն։
Որոշ աղբյուրների համաձայն, ցուցարարները մի շարք քաղաքներ են վերցրել։ Սակայն Իրանից ստացվող տեղեկատվության համաձայն՝ բողոքի հսկայական ալիքը մեղմվել է, մթնոլորտն ավելի հանգիստ է, թեև, ըստ նույն աղբյուրների, ցուցարարների շարքում բազմաթիվ են սադրիչները, որոնք փորձում են սրել մթնոլորտն ու անկարգություններ հրահրել։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, սադրիչների արևմտյան հովանավորները տեղեկատվական լուրջ աջակցություն են ցուցաբերում, իրավիճակն ավելի սուր է ներկայացվում, ինչպես նաև տարածվում են բազմաթիվ կեղծված տեսանյութեր։ Սակայն Իրանում չեն հերքում, երկրում կա խնդիր, տնտեսական ճգնաժամ արևմտյան խիստ պատժամիջոցների պատճառով, տնտեսական խնդիրներն ընդունում են նաև իշխանությունները, փորձում են ելքեր գտնել, այս օրերին բազմաթիվ արագ որոշումներ են կայացրել հասարակության արդարացի բողոքը թուլացնելու, տնտեսական իրավիճակը կարգավորելու նպատակով։
Անհնար է չնկատել էյֆորիկ կարծիքներ ու տրամադրություններ ադրբեջանական մամուլում, որոնք այս հարցում գործում են Իսրայելի, Արևմուտքի, ԱՄՆ-ի դաշտում, արձանագրելով, որ Իրանում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և ԻԻՀ ղեկավարության ազդեցությունից դուրս եկած քաղաքներն իբրև թե դիմել են ԱՄՆ նախագահին, որն օրերս սպառնացել էր Իրանին միջամտությամբ։
Գլոբալ պատերազմի այս ժամանակաշրջանում բարդ է հստակեցնել, թե րոպե առ րոպե տարածվող լուրերի, տեսանյութերի որ մասն է համապատասխան իրականությանը, իսկ որը՝ ոչ, սակայն իրավիճակը հանրությունից պահանջում է մեդիագրագիտության էլ ավելի բարձր աստիճան, քանի որ նման իրավիճակներում տեղեկատվական պատերազմի գործիքներն են գործի դրվում։ Եվ Արևմուտքը, որը տարբեր երկրներում, այսպես կոչված, «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի հանձնառություն է ստանձնել, այս դեպքում կարծես ինքն է ակտիվորեն գործածում տեղեկատվական նման գործիքներ։
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Իրանը տնտեսական հողի վրա բարձրացած նման բազմաթիվ բողոքի ալիքներ է հաղթահարել։ Այս դեպքում էլ, ըստ նրա, ամենայն հավանականությամբ իրավիճակը կհաղթահարվի։ Սակայն, նրա կարծիքով, պետք է խորքային գնահատական տալ ստեղծված իրավիճակին, իսկ դա այն է, որ տնտեսական խնդիրներն իրականում ունեն աշխարհաքաղաքական պատճառներ։
«Արևմուտքի հետ սրված հարաբերություններ, պատժամիջոցներ, ապա 12-օրյա պատերազմ, որը երկրում խորացրեց խնդիրները մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Որևէ մեկը չի հերքում, որ այդ խնդիրները կան, ուստի նման դրսևորումներից խուսափելու համար պետք է կենտրոնանալ այդ խնդիրները լուծելու համար, քանի որ այդ պատժամիջոցներն իրենց բնույթով միայն պատժամիջոց չեն, այլ գործիք են՝ խաթարելու համար ներքին իրավիճակը։
Բնականաբար, շահագրգիռ կողմերը ցանկանում են ներքին խնդիրներից, բողոքից օգտվել։ Իրանին պատժելու հրապարակային հայտարարություններ են հնչում մի շարք գործիչների կողմից, ուստի որևէ տարօրինակ բան չկա նրանում, որ Իրանի ներքին իրավիճակից ցանկանում են օգտվել։ Դրականն այն է, որ Իրանի իշխանությունները ձգտում են երկխոսության, սակայն իրավիճակը բարդ է, այն կարող է ծավալում ունենալ, հատկապես, երբ Արևմուտքից աջակցության կոչեր են հնչում»,- նման կարծիք հայտնեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Անդրադառնալով Թրամփի սպառնալիքներին՝ նա նշեց, որ ոչինչ պետք չէ բացառել։ «Ի վերջո, մենք տեսնում ենք, որ աշխարհում տեղի են ունենում այնպիսի երևույթներ, որոնք դժվար էր կանխատեսել։ ԱՄՆ նախագահը Վենեսուելայի գործողությունից հետո խոսում է Գրենլանդիայից, ապա հայտարարում է, որ ԱՄՆ-ը լքում է մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններ, որոնց վրա ԱՄՆ-ը ծախսում է, սակայն չի տեսնում իր ուղիղ շահը։ Սա իրենից ենթադրում է շատ մեծ փոփոխություններ, այստեղ ևս դժվար է կանխատեսել, թե ԱՄՆ այս որոշումից հետո այս կազմակերպություններից քանիսը կշարունակեն իրենց գործունեությունը։ Ուստի ոչինչ չենք կարող բացառել։ Միանշանակ է, որ Իրանի համար բարդ է թե ներքին, թե արտաքին առումով, սակայն 12-օրյա պատերազմն Իրանին նախապատրաստել էր նման սցենարների»,- ասաց քաղաքագետը։
Իրանում դրամատիկ իրադարձությունների զարգացումը, նրա կարծիքով, կարող է էական հետևանքներ ունենալ՝ հատկապես հարավկովկասյան ռեգիոնի համար։
«Միայն թվում է, որ Իրանը թուլացել է և չունի ազդեցություն, ռեգիոնում որևէ դերակատարություն չունի։ Դա այդպես չէ, Իրանը շարունակում է դերակատար մնալ, Իրանում իրադարձությունների բացասական ընթացքը խախտելու է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը ոչ ի օգուտ Հայաստանի, քանի որ Իրանն առաջ էր մղում առավելապես ՀՀ շահերը, հայ-իրանական շահերը համարելով նույնական։ Ուստի պետք է լավ հասկանալ, որ նման ընթացքն էլ ավելի է ամրապնդելու Արևմուտքին, Թուրքիային, իսկ Իրանը ռեգիոնում որոշակի դիմադրության օջախ է»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
