Ընտրություններից հետո՝ թեկուզ ջրհեղեղ․ համատարած կաշառքներ՝ հարկատուների հաշվին

Չնայած առաջիկա ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, իշխանությունները սկսել են ակտիվորեն նախապատրաստվել դրան։ Պետության ու պետական բյուջեի հաշվին համատարած կաշառում են ընտրողներին։

Անխտիր բոլոր ոլորտներում հիմնավորապես տապալել են կառավարության գործունեության ծրագիրը, նախորդ ընտրություններում տված քաղաքական, տնտեսական ու սոցիալական խոստումները, բայց մտադիր չեն ընդունել իրենց ձախողումների պատասխանատվությունը։

Իշխանական լծակներն ու բյուջեի միջոցներն օգտագործելով՝ մի կողմից՝ փորձում են շահել ընտրողների ձայները, մյուս կողմից՝ ընդդիմախոսների վրա պողպատե մուրճ են թափահարում։ Որտեղից ու ում կողմից մի փոքր վտանգ են տեսնում իրենց աթոռների համար՝ բանտերն են լցնում, չեղած տեղից շինծու քրեական գործեր են հարուցում ու ամիսներով պահում փակի տակ։

Ոչ մեկն ապահովագրած չէ իշխանությունների կամայականություններից։ Ամեն մի անզգույշ ասված խոսք կարող է առիթ տալ քաղաքական հետապնդումների համար։ Ամեն ինչ անում են մարդկանց լռեցնելու համար։

Կարդացեք նաև

Հազարավոր կյանքեր զոհելուց, Արցախը հանձնելուց ու Հայաստանի դռները թշնամիների առաջ լայն բացելուց հետո, հպարտանում են, թե  խաղաղություն են բերել։

Նախորդ ընտրություններից առաջ հայտարարում էին, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, իսկ այսօր վախենում են Արցախի անունը տալուց։

Փորձում են այսքան կորուստներից հետո, ձեռք բերած ձևական խաղաղությունը ծախել քաղաքացիների վրա։ Բայց հասկանում են, որ չեղած խաղաղությամբ վերարտադրվելու շանսեր չունեն։ Ու դրա համար գործի են դրել իշխանության լծակները՝ աջ ու ձախ կաշառում են ընտրողներին՝ համատարած սուբսիդիաներ են տրամադրում, վարկերն են մարում, տույժ-տուգանքներից են ազատում, արտոնյալ վարկեր են տալիս, քեֆ-ուրախություններ, տոնական միջոցառումներ, համերգներ ու ֆեստիվառներ կազմակերպելով են փորձում գայթակղել։

Որոշեցին պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցել ավելի քան 218 հազարի՝ քաղաքացիների անհուսալի վարկերը։ Համաներում հայտարարեցին 5 հազար տաքսու վարորդների նկատմամբ և նրանց ազատեցին տարիներ առաջ լիցենզիայի համար սահմանված պետական տուրքերը ժամանակին չվճարելու պարտավորությունից։ Խոսքը 1.3 մլրդ դրամ պարտքերի ու 400 մլն դրամ տուգանքների մասին է։

Հիշեցին անգամ 2024թ. կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին. Երկու տարի ոչինչ չէին արել, ընտրությունների նախաշեմին փող են բաժանում։ Նախատեսում են շուրջ 2 մլրդ դրամ վճարել։ Այդքան գումար հատկացրեցին 2024-2025թթ. կարկուտից տուժածներին փոխհատուցելու համար։ Փոխհատուցումն էլ պատրաստվում են բաժանել այս տարվա սկզբին՝ ընտրություններից անմիջապես առաջ։

Ուսուցիչներին կաշառելու համար նրանց արտոնություններ տալու վերաբերյալ օրենք են ուզում ընդունել։

Կենսաթոշակի անցնելու պահին ժամանակին պատշաճ չգրանցված աշխատանքային ստաժի տարիներն են մտադիր վերականգնել։ Ու էլի նման բաներ։

Դրանցից մեկն էլ դարձավ առողջության ապահովագրությունը, ինչը, երկար չարչրկելուց հետո, հանպատրաստից որոշեցին ներդնել՝ հաշվի չառնելով անգամ հետագա հնարավոր հետևանքներն ու խնդիրները։ Առողջության ապահովագրությամբ են ուզում խաբել քաղաքացիներին, այն դեպքում, երբ բժշկական ծառայությունների 70 տոկոսը դուրս են թողել ապահովագրությունից։ Մնցած 30 տոկոսի մի մասի համար էլ համավճար են սահմանել։

Պետական միջոցների հաշվին՝ ընտրություններից առաջ քաղաքացիներին կաշառելու դեռ շատ առիթների առաջիկայում ականատես կլինենք։ Այդ նպատակով հատուկ կրճատեցին պաշտպանության ոլորտի այս տարվա ծախսերը, որպեսզի միջոցներ խնայեն՝ ընտրողներին կաշառելու համար։ Երբ ընդունվում էր 2025թ. պետական բյուջեն, հպարտանում էին, թե աննախադեպ ավելացրել են պաշտպանական ծախսերը։ Տպավորություն էին ստեղծում, թե մտածում են երկրի անվտանգության, պաշտպանության մասին, որ թոշակները, մյուս սոցիալական ծախսերը չեն ավելացնում, որպեսզի ռազմական ու անվտանգային խնդիրների լուծմանն ավելի շատ միջոցներ կարողանան հատկացնել։ Բայց խաբում էին։ Պաշտպանության ծախսերի ավելացումը բնավ էլ պաշտպանության ամրապնդման ու ռազմական կարողությունները մեծացնելու նպատակով չէին արվում։ Պաշտպանության ոլորտի գումարներն ավելացնում էին, որպեսզի փակեին պարտքերը։

Այս տարի որոշել են նվազեցնել նաև պաշտպանության ոլորտի ծախսերը։ Անվտանգության բոլոր խնդիրները լուծել են՝ այլևս պաշտպանության ծախսերն ավելացնելու անհրաժեշտություն չեն տեսնում, «խաղաղություն» են բերել։ Չգիտես ինչու, այդ խաղաղության պայմաններում Ադրբեջանն անընդհատ ավելացնում է պաշտպանության ծախսերը, իսկ Հայաստանի իշխանությունները դրա կարիքը չեն տեսնում։

Իզուր չեն այն պնդումները, որ սա էլ ադրբեջանական իշխանությունների պահանջների կատարման շրջանակներում է արվում։

Ընտրողներին սիրաշահելու ու վերարտադրվելու համար անգամ ծայրահեղ պոպուլիստական քայլի գնացին՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետները կրճատեցին։

Զինվորական ծառայության ժամկետը 2-ից դարձրեցին 1.5 տարի։ Ու դա արեցին ընտրությունների նախաշեմին՝ հաշվի առնելով, թե բանակում ծառայության թեման ինչ զգայուն խնդիր է բազմաթիվ ընտանիքների համար։

Կրճատեցին ծառայության ժամկետը՝ առանց դրա հետևանքները հաշվի առնելու։ Այսօր, երբ անգամ մշտապես հայտարարվող պահեստազորի հավաքների միջոցով չեն կարողանում լիարժեք փակել սահմանը, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է լինելու այն ժամանակ, երբ ծառայության ժամկետը 2-ից դառնա 1.5 տարի։ Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք, թե Նիկոլ Փաշինյանի ու իր շրջապատի համար ինչ արժեք ունեն նման խնդիրները։ Կեղծ խաղաղության լոզունգներով պատրաստ են զոհաբերել ամեն ինչ՝ վերարտադրվելու հույսով։

Որքան ընտրությունները մոտենան, այնքան կենացները քաղցրանալու են։ Դեռ ինչեր կարող են անել՝ ընտրողներին սիրաշահելու ու իրենց ազգակործան ծրագրերն ավարտին հասցնելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս