Գահավիժող տնտեսություն, պարտքերի թռիչքաձև աճ՝ ադրբեջանական բենզինի բույրի ներքո
Ավարտվեց հերթական տնտեսական տարին։ Չնայած արտաքուստ թվացող բարձր աճերին, այն դարձյալ ոչինչ չտվեց երբեմնի «հպարտ» քաղաքացուն՝ ո՛չ աշխատավարձի, ո՛չ թոշակի, ու ո՛չ էլ նպաստի բարձրացում։
Ի տարբերություն իշխանության աթոռներին բազմած ՔՊ-ականների, նրանց հարազատ-բարեկամների ու շրջապատի, որոնց կարողությունները տասնապատիկներով են ավելանում, «Ապագա կա»-ն կրկին չեկավ բազմահազար հասարակ քաղաքացիների համար։ Նրանք շարունակեցին նույնքան կամ ավելի վատ ապրել, քան ապրում էին նախորդ տարի։ Կշարունակեն ավելի վատ ապրել նաև հաջորդ տարի, քան ապրում էին այս տարի, քանի որ Հայաստանի կառավարիչները, որոնք իրենց միլիոններով են պարգևատրում, բյուջեում կրկին միջոցներ չգտան՝ այս մարդկանց կյանքը եթե ոչ՝ բարելավելու, ապա գոնե՝ չվատացնելու համար։ Զավեշտն այն է, որ այս ամենը տեղի է ունենում վիճակագրական ու տնտեսական աճերի պայմաններում։
Տնտեսական աճն այս տարի էլ կփակվի ոչ պակաս բարձր ցուցանիշներով, բայց տնտեսությունը կշարունակի մնալ նույնքան կամ ավելի խոցելի, քան կար։ Այս տարի էլ տնտեսական աճի հիմնական խթանները երկուսն են՝ շինարարությունն ու ծառայությունները։ Չնայած այն բանին, որ Երևանում դադարել է գործել եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, այնուհանդերձ բնակարանային շինարարությունը, նախորդ շրջանի իներցիայով, դեռ շարունակում է աճել։
Ծառայությունների դեպքում էլ մեծ է հատկապես բանկային համակարգի ազդեցությունը։ Ավելանում են ֆինանսական միջնորդությունները, որոնք թվացյալ աճեր են ապահովում տնտեսության մեջ, բայց ոչ արդյունքներ տնտեսության ու քաղաքացիների համար։ Ավելին՝ դրանք շատ դեպքերում ի հաշիվ տնտեսության ու քաղաքացիների են։ Այնպես է ստացվել, որ տնտեսությունն ու քաղաքացիներն աշխատում են, որպեսզի բանկերը հարստանան։ Այս իրավիճակը բերել է տնտեսության կառուցվածքի խեղաթյուրման։ Տնտեսության ոչ արտադրական հատվածի դերը գնալով ավելանում է, արտադրականինը՝ պակասում։
Դրա համար էլ տնտեսությունն աճում է, իսկ տնտեսության արտահանելի հատվածի կարողությունները չեն ավելանում։ Խոր անկման մեջ է արտահանումը։
Արտահանման ծավալներն այս տարի կրճատվեցին գրեթե կիսով չափ։ Արտաքին գործոնները, որոնք դարձել էին նախորդ 1-2 տարիների «համաշխարհային» մակարդակի աճերի հիմքը, թուլացան՝ ցույց տալով Հայաստանի տնտեսության թշվառությունը։
Կտրուկ կրճատվեց առևտուրը՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ մեկ տարի առաջ Հայաստանի արտահանման առաջատարը դարձած՝ Արաբական Միացյալ Էմիությունների հետ։ Արտահանման դիվերսիֆիկացիայի վերաբերյալ Հայաստանի կառավարիչների ամպագոռգոռ հայտարարությունները ցույց տվեցին իրենց դատարկությունը։ Նստած լինելով գերազանցապես վերաարտահանումների վրա, դրանք նույնքան արագ փլվեցին։ Վերաարտահանումները կրճատվեցին, իսկ տնտեսության արտահանելի հատվածը չկարողացավ փոխարինել դրան։
Տասնյակ-միլիոնավոր դոլարի բյուջետային միջոցներ տվեցին դեպի ԵՄ շուկաներ հայկական ապրանքների արտահանումն իբր խթանելու համար, բայց գրեթե տեղաշարժ չկա։ Արտահանման ծավալները Եվրամիություն ոչ մի կերպ չեն հասնում անգամ 9-10 տարի առաջվա մակարդակին, երբ ԵՄ դռները դեռ այդքան լայն չէին բացվել Հայաստանի ու Հայաստանի իշխանությունների առաջ։
Պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի տնտեսությունը բան չունի առաջարկելու զարգացած երկրների սպառողներին, առաջարկածն էլ հիմնականում հումքն է ու հումքային ապրանքները։ Եվրոպական շուկաները չկարողացան նվաճել, փոխարենը՝ Հայաստանի շուկան բացեցին ադրբեջանական ապրանքների առաջ։ Խաղաղության հաստատման քողի տակ՝ սկսել են ադրբեջանական բենզին բերել ու ֆինանսավորել թշնամու տնտեսությունը։ Հիմա էլ Ադրբեջանի հետ են որոշել միակողմանի առևտրով տնտեսություն զարգացնել։ Սեփական տնտեսությունը թողած՝ ուրիշների տնտեսությունն են խթանում։
Ամբողջ տարվա ընթացքում արդյունաբերությունը գտնվեց անկման մեջ։
Տարեսկզբին անկումը երկնիշ էր, տարեվերջին որոշ չափով մեղմվեց, բայց ոչ իրական արտադրության ծավալների ավելացման արդյունքում։ Կրկին զգացնել տվեց «ոսկու տենդը»։ Տարեվերջին հիմնային մետաղների արտադրությունը վերստին սկսեց ռեկորդային աճեր գրանցել՝ ներմուծվող ոսկու հայկականացման շնորհիվ։ Բայց անգամ այդ պայմաններում արդյունաբերությունը չկարողացավ դուրս գալ անկումից, շարունակեց մնալ անկումային։ Փլվեցին ոչ միայն արտաքին առևտրի նախորդ 1-2 տարիների բարձր աճերը, այլև էապես դանդաղեց ներքին առևտրի շրջանառությունը՝ ցույց տալով հասարակության սոցիալական վիճակի բարելավման վերաբերյալ իշխանությունների հյուսած միֆերը։
Տարին առանձնահատուկ էր տնտեսության վրա կատարված աննախադեպ հարձակումներով ու մասնավոր սեփականության իրավունքի վրա չտեսնված բռնաճնշումներով։ Դրա անկյունաքարը դարձավ քաղաքական հաշվեհարդարի ճանապարհով երկրի ամենախոշոր ենթակառուցվածքներից մեկի՝ խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի բացահայտ բռնագրավումը, ինչը մեծագույն սպառնալիք է ստեղծել երկրի ներդրումային գրավչության համար։
Ներդրումների կարոտ Հայաստանի տնտեսությունը կանգնած է ընդհանրապես ներդրումները կորցնելու վտանգի առաջ։ Նիկոլ Փաշինյանի հիվանդագին երևակայությունը դարձել է չարիք տնտեսության և ոչ միայն տնտեսության համար։ Լրջագույն հարվածի տակ են դրել պետական բյուջեն։ Միլիոնավոր դոլարներ են վճարում, որպեսզի պաշտպանեն իրենց անհավասարակշիռ ու արկածախնդիր որոշումները։ Դեռ չհաշված, որ հարյուրավոր միլիոնների, եթե ոչ՝ միլիարդների վճարման ռիսկեր են ստեղծել երկրի համար։
Տնտեսությունը ճնշումների ու շանտաժի մեջ են պահում, բայց նույնիսկ այդ պայմաններում բյուջեի եկամուտները չեն կարողանում ապահովել։ Այս տարի էլ հարկային մուտքերի կատարողականը ռիսկի տակ է։ Ամենայն հավանականությամբ, կրկին կթերակատարեն։ Այնպես, ինչպես թերակատարեցին անցած տարի, երբ 200 մլրդ դրամի ճեղք գոյացրեցին բյուջեում։
Այս բոլոր անհաջողությունների մեջ, թերևս, միակ «լուսավոր» կետը շարունակում է մնալ պարտքի ավելացումը։ Կրկին ռեկորդային ծավալներով ավելացավ պետական պարտքը։ Պարտքի տարեկան ցուցանիշները դեռ չեն ամբողջացրել, բայց սպասվում է, որ մինչև տարեվերջ ևս 1.5 մլրդ դոլարով պարտքը կավելացնեն ու կհասցնեն 14.3 միլիարդի։ 11 ամսում արդեն շուրջ 1.4 միլիարդով կամ գրեթե 11 տոկոսով ավելացրել են։
Պարտքը շատ ավելի արագ է աճում, քան տնտեսությունը՝ գրեթե կրկնակի արագ, քան տնտեսությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
