Հարավային Կովկասում ԵՄ-ՌԴ ավելի մեծ առճակատում կա, քան ՌԴ-ԱՄՆ․ ինչի՞ց է կախված TRIPP-ին ՌԴ մասնակցության հարցը
Նիկոլ Փաշինյանը TRIPP-ին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ հայաստանյան հասարակությանը պարզաբանումներ կամ դիրքորոշում չի ներկայացնում, սակայն ադրբեջանական կողմին արդեն վստահեցրել են՝ ՌԴ-ն չի մասնակցելու TRIPP-ի երկաթուղային հաղորդակցությանը։ Այս մասին Երևանն ու Բաքուն կարծես մոտ դիրքորոշումներ ունեն։
Նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի տարեկան ասուլիսի ընթացքում մի շարք ուշագրավ մեկնաբանություններ են հնչել։ Դրանցից մեկն այն է, որ Երևանը Բաքվին հայտնել է, որ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանին։ Նա մասնավորապես ասել է․ «Հնարավոր է, Հայաստանը ստանձնելով TRIPP-ի մասով պարտավորությունները, նաև հաշվի է առել երկաթուղու մասը»:
Ջեյհուն Բայրամովը նկատել է, որ երկաթուղու կառավարման պայմանագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է մինչև 2038 թվականը, բայց, ըստ նրա, հայկական կողմը Բաքվին բացատրել է իր դիրքորոշումը, ըստ այդմ՝ Սյունիքում կառուցվելիք երկաթուղու հատվածը Ռուսաստանին չի վերաբերում, քանի որ կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին այդ երկաթուղին պարզապես գոյություն չուներ:
«Հետևաբար հնարավոր չէ պայմանագրում ներառել այն, ինչ պարզապես չկա»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Այսպիսի մեկնաբանություն էր արել նաև օրերս Նիկոլ Փաշինյանն իր Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում՝ ասելով, թե այդ հատվածում չկա երկաթուղի, ուստի այն չի կարող լինել ՌԴ կառավարման ներքո։
Դեռևս նոյեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնել էին, թե Հայաստանի կառավարությունը լիազորված է ինքնուրույն որոշել՝ ինչպես շարունակել աշխատանքն ու հատկապես երկաթուղու կոնկրետ Մեղրիի հատվածն ինչպես շահագործել հետագայում։ «Թեև այն հանձնվել է Ռուսաստանի կոնցեսիոն կառավարմանը, սակայն պատկանում է ՀՀ-ին, ուստի, ըստ ընկերությունից ստացված պարզաբանման, հենց ՀՀ-ի ցանկությամբ երկաթուղային գույքի որոշ մասի կառավարումը կարող է վերադարձվել Հայաստանի կառավարմանը»,-նշել էին ընկերությունից։
Դեկտեմբերի կեսին էլ ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն անդրադարձել էր նախագծին և նշել, որ պատրաստ են ՀՀ հետ խորհրդակցել Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ։ Մոսկվայից նաև հայտարարել էին, թե առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին»: Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել էր՝ TRIPP-ին ՌԴ հնարավոր ներգրավման հետ կապված քննարկումներ չկան։
Իսկ այս հայտարարությունից օրեր անց Փաշինյանը նշել էր, թե TRIPP-ը Հայաստան-ԱՄՆ երկկողմ նախագիծ է և երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով։ Սակայն ուշագրավն այն է, որ պաշտոնական Երևանը այս հարցերը, այդ թվում ՌԴ հնարավոր մասնակցության հարցը TRIPP-ի երկաթուղուն, արդեն քննարկել է ադրբեջանական կողմի հետ։ Թե ինչ խողովակով է քննարկվել, ևս պարզ չէ, քանի որ չի եղել պաշտոնական որևէ հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP-ը։
Չի բացառվում, որ հարցը քննարկված լինի նոյեմբերի վերջին Գաբալայում կայացած Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև հանդիպմանը, սակայն հանդիպմանը հաջորդած հաղորդագրությունում չկային մանրամասներ դրա վերաբերյալ։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ TRIPP-ն, ինչպես Փաշինյանն է նշում, երկկողմ նախագիծ է, սակայն երևանը Բաքվին պարզաբանումներ է ներկայացրել ՌԴ մասնակցության վերաբերյալ։
Մի քանի օր առաջ Սանկտ-Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը ներկայումս շատ կառուցողական երկկողմ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ TRIPP երկաթուղու իրականացման և կառուցման վերաբերյալ, և դրանք իսկապես ներկայացնում են նշանակալի և իմաստալից փոփոխություններ մեր տարածաշրջանում։
«Եվ այստեղ կան բազմաթիվ նրբերանգներ Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերություններին առնչվող, և այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը գտնում է, որ հարավկովկասյան երկրներն ամենայն հավանականությամբ հակված են և աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի Ռուսաստանը որևէ մասնակցություն չունենա ռեգիոնով անցնող ենթակառուցվածքային ծրագրերին։ Սա, նրա խոսքով, հասկանալի է, հաշվի առնելով վերջին տարիների միտումները և այս պրոյեկտները նախաձեռնած կենտրոնների աշխարհաքաղաքական նպատակները, որոնք էլ Ռուսաստանն ու Չինաստանը շրջանցելն է։ Թեև այս ամենին զուգահեռ, նրա կարծիքով, թե Ռուսաստանը, թե Չինաստանը փորձում են ներգրավվել այս նախաձեռնություններում։
«Հաշվի առնելով այն դիստանցավորված քաղաքականությունը, որը վարում են Երևանն ու Բաքուն Ռուսաստանից, բնական է, որ ցանկանում են այս պրոյեկտներում համագործակցել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ, ում հետ էլ ակտիվ բանակցում են այս ամենի շուրջ։ Սակայն Ռուսաստանի հայտն էլ մի բան է, որը անտեսել չեն կարող, քանի որ Ռուսաստանը բացի կողմերի հետ բանակցությունները, նաև աշխարհաքաղաքական խաղացող է, ում քայլերը նաև պայմանավորված են այլ խաղացողների հետ բանակցություններով ու համակարգմամբ։
Ուստի, կարծում եմ, վաղ է վերջնական եզրակացություններ անել, քանի որ սա գործընթաց է։ Ռեգիոնում ակտիվորեն աշխատում են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, նաև Ռուսաստանը, որը արդեն Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ է հաստատել Հայաստանի հետ։ Կարծում եմ՝ ԱՄՆ դիրքորոշումը ևս այս հարցերում նշանակալի է լինելու։ Սակայն պետք է արձանագրել, որ Հարավային Կովկասում կա Եմ-ՌԴ ավելի մեծ առճակատում, քան ՌԴ-ԱՄՆ, սա ինչպես հնարավորություն է Ռուսաստանի համար, այնքան էլ դժվարություն, որից էլ կախված են հետագա զարգացումները, այդ թվում՝ ՌԴ հնարավոր մասնակցության հարցը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խրամչիխինը։
