«Շատ կասկածելի է՝ կյանքում նման փաստաթուղթ չեմ տեսել, 1986 թվականի ՊԱԿ փաստաթուղթը պետք է ռուսերենով լիներ». Ամատունի Վիրաբյան

Երեկ իշխանական լրատվամիջոցներից մեկը, այուհետև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իշխանական տարբեր պատգամավորներ, նախարարներ ու նախարարների օգնականներ, օգնականների բարեկամներ, մեկը մյուսի հետևից «Ֆեյբսուք» սոցիալական ցանցում տեղադրում էին ինչ-որ փաստաթուղթ, որն, ըստ նրանց, Վեհափառ հայրապետի եղբոր՝ Եզրաս սրբազանի «ՊԱԿ գործակալ լինելն է ապացուցում»:

Նրանց հրապարակված այդ թղթում ամբողջ գրագրությունը հայերենով էր, որտեղ նշվում է, որ իբր «Եզրաս սրբազանը 1986-1988թթ. եղել է ՊԱԿ գործակալ»։

Առաջինը բանը, որ զարմացրեց հանրությանը, այն էր, որ Խորհրդային Միության ՊԱԿ-ի գրագրությունը ոչ թե ռուսերենով է եղել, այլ հայերենով։ Ավելին՝ դեռևս հոկտեմբերին «Սիվիլնեթ» լրատվականը դիմել էր ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ հետաքրքրելով, արդյո՞ք տիրապետում է որևէ տեղեկատվության՝ Եզրաս սրբազանի «գործակալ» լինելու վերաբերյալ, սակայն կառույցը հրաժարվել էր տրամադրել որևէ տեղեկատվություն, հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին՝  ԱԱԾ-ից լրատվամիջոցին ասել էին.

«Պահանջվող տվյալները դասվում են պետական գաղտնիքի շարքին և ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր»։

Կարդացեք նաև

Իր պատասխանում ԱԱԾ-ն նշել էր, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում է այլ անձի անձնական կյանքին և ենթակա չէ տրամադրման, քանի որ դրա հրապարակումը կարող է խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը։

Բայց չգիտես՝ ինչու, այս ամենից մեկ ամիս անց, ԱԱԾ-ի «ռազմավարությունը» կտրուկ փոխվում է ու անմիջապես թուղթ է տրամադրում իշխանական լրատվամիջոցին։

Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը, որ երկար տարիներ գործ է ունեցել հազարավոր արխիվային փաստաթղթերի հետ, ԱԱԾ-ի այս թուղթն արժանահավատ չի համարում։

«Շատ կասկածելի է, որովհետև 1986 թվականին հայերեն լեզվով նման փաստաթուղթ հնարավոր չէր կազմել։ Եթե առհասարակ նման թուղթ գոյություն ունի, ապա այն պետք է լիներ ռուսերենով։

Երկրորդը՝ օրենքով այս փաստաթղթերը պետք է ոչնչացվեին, ոչ թե գաղտանզերծվեին, օրենքն այդպես է սահմանում։ Ամբողջ աշխարհում, բացի Մերձբալթյան երկրներից, որտեղ օրենք կա, որ այդ փաստաթղթերը պետք է բացահայտվեն, մյուս երկրներում նման  փաստաթղթերը չեն գաղտնազերծվում և ոչնչացվում են։ Հայաստանում ևս պետք է այդպես լիներ, որովհետև գործակալների գաղնազերծման մասին օրենք գոյություն չունի»,- 168.amի հետ զրույցում նշեց Ամատունի Վիրաբյանը։

Նա խորհուրդ տվեց, որպեսզի դիմենք ԱԱԾ-ին՝ նման երկրորդ փաստաթուղթ հրապարակելու խնդրանքով, ցանկացած ինչ-որ «գործակալի» վերաբերյալ, որը նույն 2021 թվականին գաղտնազերծվել է։

«Գործակալներ շատ են եղել, մեկ մարդ չի եղել գործակալ, որ նրա մասին տեղեկություններ գաղնազերծեն։ Աշխարհում որևէ երկրում հանցագործություններն առանց գործակալների չի բացահայտվում, բայց նրանք գաղտնի են, բայց նրանց մահից կամ բարձր պաշտոնի անցնելուց հետո նրանց վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ոչնչացվում են։

Ասում եմ՝ ես կյանքում նման փաստաթուղթ չեմ տեսել, երբեք, 1986 թվականի ՊԱԿ փաստաթուղթը պետք է ռուսերենով լիներ, որովհետև այն ժամանակ ԱԱԾ բոլոր փաստաթղթերը ռուսերեն էին»,- հավելեց Ամատունի Վիրաբյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, թե իբր Վեհափառ հայրապետը օտարերկրյա գործակալ է։

Տեսանյութեր

Լրահոս