Foley Hoag LLP-ն՝ Arnold & Porter-ի փոխարեն․ Ինչո՞ւ է Կառավարությունը ՀԷՑ արբիտրաժի գործով փոխել շահերի ներկայացուցչին
Այս ամսվա սկզբին 168․am-ը գրել էր, որ ՀԷՑ արբիտրաժի հարցով Կառավարությունը նոր գործընկեր ունի․ գնում չհանդիսացող ծախս ոչ մրցակցային ընթացակարգով 419 միլիոն 267,187.50 դրամ է հատկացվել Foley Hoag LLP-ին: 419 միլիոն 267,187.50 դրամով՝ 1.093.750 դոլարով վարչապետի աշխատակազմն այս ընկերությանը պատվիրակել է իրավական խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ։
Էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված պայմանագրից տեղեկանում էինք, որ ընկերությունը ներկայացնելու է ՀՀ շահերը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային գործով:
Գումարը հաշվարկված է, պայմանական ասված՝ առաջին ռաունդի համար, քանի որ ամբողջական գումարը, որը նշվում է պայմանագրում, 3 միլիոն 250 հազար դոլար է։
Սակայն այստեղ կար անհասկանալի դրվագ․ ոչ վաղ անցյալում՝ օգոստոսին, Հայաստանի կառավարությունը որոշել էր 3 մլն 250 հազար դոլար հատկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Arnold & Porter ընկերությանը՝ ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովման նպատակով: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում:
Այս առնչությամբ 168․am-ը մի քանի գրավոր հարցադրումներ է ուղարկել Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, մասնավորապես հետաքրքրվելով՝
Կառավարությունն այս գործի շրջանակում նոր գործընկե՞ր է վերցրել, թե՞ գուցե արբիտրաժում ՀԷՑ սեփականատերերի հաղթանակն է գործընկեր փոխելու որոշման պատճառ դարձել,
Եթե նախկին՝ Arnold & Porter գործընկերն այլևս չի զբաղվում այս հարցով, արդյո՞ք գործի համար ստացած գումարները վերադարձրել է, թե՞ ոչ։
Մեր գրավոր հարցման պատասխանը ստացանք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից՝ Արտյոմ Սուջյանից։
«ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1174-Ն որոշմամբ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով ՀՀ շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Arnold & Porter ընկերությանը։
Այնուհետև, նախքան Arnold & Porter ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելը և ծառայություններ մատուցելը (և նախքան դրան համապատասխան՝ ընկերությանը վճարում կատարելը)՝ Կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 04-ի թիվ 1274-Ն որոշմամբ 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել (որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ.), որի արդյունքում վերոհիշյալ արբիտրաժային գործով ՀՀ շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով Կառավարության կողմից որոշվել է ներգրավել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Foley Hoag LLP ընկերությունը՝ Arnold & Porter ընկերության փոխարեն։
Ըստ նախագծի հիմնավորման՝ «Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1174-ն որոշման կայացումից հետո երևան եկած նոր հանգամանքներով, որոնք, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում սույն արբիտրաժային գործով Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար՝ ելնելով ինչպես պետական անվտանգային, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ ընթացիկ այլ միջազգային իրավական վարույթների շրջանակներում ՀՀ շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից (․․․)» (նախագծի հիմնավորումը համապատասխան օրակարգային հարցի (թիվ 30) փաստաթղթերի շրջանակներում ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ.)։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանն ընդունել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացմանը միտված նախագիծ։ Մինչ այդ ՀԷՑ-ի պետականացման անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2025 թվականի հուլիսի 18-ին, հիմնվելով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի վրա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ էր նշանակել Ռոմանոս Պետրոսյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։
ՀԷՑ-ի սեփանակատերերը դիմել էին Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ վիճարկելով ՀՀ իշխանությունների՝ վերը նշված որոշումները։
