Հանրապետությունից՝ փոքր մոդուլային պետություն

«Սևի ու սպիտակի» տարանջատումը, որ 2018 թվականից հետո դարձավ Հայաստանի պետականության թուլացման, Արցախի կորստի, հազարավոր մահերի պատճառներից մեկը, դարձել է հայկական իրականության ամենախորքային արատը՝ մարդկանց, խմբերի պարզունակ բաժանարար գծից տարածվելով հանրային-քաղաքական մտածողության, աշխարհայացքի վրա:

«Սև-սպիտակ» պայմանական հակադրությունը կիրառելի է հակադիր ու երկբևեռ մտածողության ցանկացած դրսևորման պարագային: Այն բացառում է միջանկյալ որևէ գույն, երանգ, կարևորը դրա մակերեսայնությունն է, որը կարող է արտահայտվել չարի ու բարու, փրկչության ու կործանման, պայծառացման ու խավարի, հայրենասիրության ու դավաճանության պարզունակ դրսևորումներով:

Մտածողության այս երկբևեռ դեֆորմացիան իր ողջ պերճանքով ի ցույց դրվեց նախօրեին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցելության առիթով: Հայկական քաղաքական դաշտը բաժանվել էր երկու խոշոր բևեռի՝ իշխանությունն իր արբանյակներով ավետում էր՝ փրկչական գալուստի, ընդդիմության մի մասը՝ գուժում վերահաս աղետի մասին:

Քաղաքացիներն էլ՝ սեփական քաղաքական նախասիրությունների հանգույն՝ Վենսի այցին վերաբերվում էին կամ որպես փրկության փարոսի, կամ որպես մահաբեր ահազանգի:

Երկբևեռ այս չափումը դեմ է, սակայն, ոչ միայն քաղաքականության, առավել ևս՝ աշխարհաքաղաքականության, այլ մարդկային կյանքի տրամաբանությանը: Ծայրահեղությունների արանքում, որպես կանոն, կյանք չկա, ինչպես որ չի կարող քաղաքականություն լինել երկու հակադիր բևեռների մեջտեղում:

Իրականությունն այն է, որ Վենսի այցը՝ դրան նախորդած ու հաջորդելիք բազմաթիվ զարգացումների բերումով, կարող է ունենալ քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ հետևանքներ, որոնք Հայաստանի համար պարունակում են՝ ինչպես հնարավորություններ, այնպես էլ՝ ռիսկեր: Եվ ո՛չ իշխանության քարոզչության հորթային հրճվանքը, ո՛չ էլ ընդդիմության որոշակի շերտերի ապոկալիպտիկ արձագանքներն իրականության հետ աղերս չունեն:

Նույն այս մոդելը կարող է գործել և գործում է նաև հակադիր պարագայում, երբ, ասենք, Հայաստան է գալիս որևէ ռուս բարձրաստիճան պաշտոնյա: Փրկչական հույսեր՝ ընդդիմության որոշ շրջանակներից, կործանման ահազանգեր՝ իշխանական քարոզիչներից: Երկբևեռ, հակադիր չափումների վրա կառուցված Հայաստանի քաղաքական համակարգի այս գերպարզունակությունը գործնականում բացառում է քաղաքական մտքի գոյությունը:

Դա չի նշանակում, թե Հայաստանում չկա քաղաքական միտք: Պարզապես քաղաքական մտքի, իրական քաղաքական մտքի քիչ արտահայտությունները սպանվում են ճոճանակի մեխանիզմով մի ծայրահեղությունից մյուսը տատանվող այս երկբևեռ մեխանիզմում: Իսկ առանց քաղաքական մտքի չի կարող կայանալ քաղաքական համակարգ, ինչն էլ տիրապետող երկբևեռ մտածողության պարզունակության պատճառով և վերջին օրերի մոդայիկ թրենդով երկիրը կարող է վերածել «փոքր մոդուլային պետության»՝ միևնույն ժամանակ վերածողներին թույլ տալով դա որպես վարդագույն ապագա վաճառել քաղաքացիներին՝ իրենց իշխանության պահպանման ֆինանսական ու քաղաքական պարտքերը քաղաքացիների հաշվին փակելու երաշխավորված սև հեռանկարով: 

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս