
Այս պրոցեսը մի մարդու դեմ է. կամ հեռացնում ենք միասին, կամ նպաստում եք նրա իշխանության երկարաձգմանը. Հայկ Մամիջանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Այն, ինչ անում է Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) և Վեհափառ Հայրապետի հանդեպ, հերթական, դեռևս փոքր թվով մնացած ինստիտուտների քանդման գործընթաց է։ Հայ Առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի նման 1000 հոգու տեսել է դարերի ընթացքում, մի էդքան էլ դեռ կտեսնի։ Փաշինյանը հիմա փորձելու է քաղաքացիական բախումներ հրահրել, որովհետև նա և Աննա Հակոբյանը քաղաքականապես և էներգիայի առումով սնվում են ատելությունից։
- Այո, նախընտրական տարի է, և Փաշինյանը հասկացել է, որ նախկինների թեզն այլևս չի աշխատում, ինքը երբեք արժանապատիվ, չենք ասում՝ ռազմատենչ, պատասխան չի տալու արտաքին թշնամուն, հետևաբար՝ մնում է այս թիրախը՝ Եկեղեցին։ Անիմաստ է գոռալ, հակառակն ապացուցել փոքրամասնությանը։ Իրենք փոքրամասնություն են: Հետևաբար՝ մենք չպետք է թույլ տանք, որ հաչացող փոքրամասնությունն օրակարգ թելադրի։ Դու պետք է վերացնես թույնը տարածող սկզբնաղբյուրը․ դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Այն մարդկանց, այն ՔՊ-ականներին, ում վերաբերում էր Աննա Հակոբյանի գրառումներից մեկը, երբ ասում էր՝ ձեր կաբինետներում նստած՝ դատողություններ մի արեք, ասում ենք՝ ելք ունեք՝ միանալ իմպիչմենտի նախաձեռնությանը։
- Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մենք ինչ кошмар-ի մեջ ենք, որ Իրանի փոխարտգործնախարարն ասում է՝ Մհեր Գրիգորյանից հավաստիացում եմ ստացել, որ Միջանցքի հարցում հայկական կողմն անսասան է։
- Մենք 2 շաբաթ է՝ հայ-ադրբեջանական գործընթացի, Սյունիքում կրակոցների մասին չենք խոսում, փոխարենը հետևում ենք՝ ինչպես է дно-ն ծակվել… Փաշինյանին մասամբ գոնե հաջողվել է հանրային ուշադրությունը շեղել մեր երկրի սահմաններին առկա սպառնալիքների այդ օրակարգից։
- Այո՛, վարչապետի թեկնածուի առաջադրումն առաջին հերթին պատասխանատվության հարց է։ «Պատիվ ունեմն» ու ՀՀԿ-ն պատասխանատվությունից չեն խուսափում, և այդ համատեքստում, եթե առկա է գործիք, որով հնարավոր է առանց Փաշինյանի մասնակցության հեռացումը, այո՛, ստանձնում ենք քաղաքական պատասխանատվություն դա անելու։ Մեկ ամիս առաջ ասացինք, որ վարչապետի թեկնածու չունենք, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն։ Ասել էինք, որ կմիանանք իմպիչմենտի գործընթացում առաջադրվող վարչապետի թեկնածությանը։ Էդմոն Մարուքյանի մասով ասել էինք՝ Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյան-2-ով չենք փոխարինելու։
- Սա իշխանության հասնելու գործընթաց չէ, սա իշխանափոխության գործընթաց է։ Հիմա եթե այդ պատասխանատվությունը ոչ ոք պատրաստ չէ իր վրա վերցնել, մենք պարտավոր ենք ստանձնել այն։
- Երբ եղել են ընդդիմադիր շարժումներ (Հայրենիքի փրկության շարժումը, Դիմադրության շարժումը, Սրբազան շարժումը և այլն), մենք երբեք չենք ասել՝ գիտե՞ք՝ մենք կգանք, փողոց կփակենք, բայց 25 րոպեով։ Ի՞նչ ժամանակի մասին է խոսքը։ Մենք ամեն ինչ արել ենք, մեր բոլոր ռեսուրսները, ներուժը ներդրել ենք:
- 2026 թվականը սենց թե նենց գալու է։ Ունենք երկու ճանապարհ՝ նստել-սպասել այդ օրվա գալուն կամ օգտվել Սահմանադրությամբ տրված գործիքից՝ իմպիչմենտից։ Մինչև հիմա մեզ որևէ մեկը որևէ շարժման ժամանակ երաշխիք չի տվել, մենք մասնակցել ենք։ Նույնը վերաբերում է այս գործիքին․ սա նույնքան օգտակար գործիք է, ինչպես մնացած բոլորը։ Ո՞վ ասաց, որ անվստահության գործընթացը հակադրվում է հերթական կամ արտահերթ գործընթացներին։ Այս գործընթացն ուղղված է մի մարդու դեմ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանի։ Թե ով ինչ է մտածում, իրենց գործն է։
- Վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը երբեք չի կոտրվել, չի նահանջել։ Եթե նայեք Դավիթ Համբարձումյանի ու նրա ազգականների նկատմամբ հարուցված քրեական գործերի շքերթին, կտեսնեք, որ դրանք հարուցվել են քաղաքական գործընթացների ժամանակ։ Նրա հարազատների նկատմամբ քրեական գործեր հարուցելով՝ փորձում էին թույլ չտալ, որ նա մասնակցի ընտրություններին։ Մասնակցեց ու հաղթեց։ Լինելով Մասիսի գործող քաղաքապետ՝ երբեք ոչ մեկի ծաղիկներով չի դիմավորել, հետները չի զբոսնել… Կռվել է ու հաղթել։ Մի շարք գործոններ հաշվի առնելով՝ սա այս պահին լավագույն թեկնածությունն է։ Նա կարող է երկրում համերաշխություն ապահովել, ատելության այս մթնոլորտը վերացնել…
- 2018թ․ Դավիթ Համբարձումյանի անձը փորձում էին կապել «զանգվածային անկարգությունների» հետ․ այդ գործը կարճվել է։ Դավիթ Համբարձումյանի եղբայրը նույնպես արդարացվել է։ Կարող են կապել նաև նրա աներոջ՝ Արշակ Հակոբյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ, բայց Արշակ Հակոբյանը ևս դատարանով արդարացվել է։
- Դավիթ Համբարձումյանի քաղաքապետության օրոք Մասիս համայնքն անճանաչելիորեն փոխվել է, բացի դրանից, նա կարողանում է աղետներ կառավարել։ 20 000 արցախցու կազմակերպված ձևով համայնքում տեղավորնելն ու նրանց կեցության հարցերը լուծելը հեշտ բան չէ։ Կարծեմ՝ միայն Մասիս համայնքն է վերջին տարիներին հրաժարվել ամանորյան զարդարանքներից ու այդ գումարներն ուղղել արցախցիների կեցության հարցերը լուծելուն։
- Դավիթ Համբարձումյանը 3 ուղղությամբ պետք է գործի՝ ճգնաժամային կառավարում, հանրային համերաշխության վերահաստատում և 2026թ․ մրցակցային և արդար ընտրությունների կազմակերպում։
- Այս իշխանությունները և մերձիշխանական որոշ շրջանակներ փորձեցին տարածել, իբրև թե Դավիթ Համբարձումյանի ընտանեկան խնջույքներից մեկին մասնակցել են ՔՊ-ականներ։ Ես մասնակցել եմ այդ խնջույքին։ Սո՛ւտ է․ չի եղել նման բան, ես ինքս ներկա եմ եղել այդ խնջույքին։
- Կարծում եմ՝ ժողովրդի օգնությամբ կհաջողվի ստանալ պատգամավորների անհրաժեշտ ստորագրությունները։ Բայց երկար-բարակ վերլուծությունների տրամաբանություն չկա։ Կա՛մ ստորագրում ես ու մասնակցում գործընթացին, կա՛մ նպաստում ես Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգմանը։
- Խայտառակություն է այն մոտեցումը, որն ադրբեջանցիներն առաջ են մղում դրսում՝ «քանի դեռ Փաշինյանն է, ինքն ամեն ինչի տակ կստորագրի» տրամաբանության մեջ։ Վերջերս Ավստրիայում «Think thank» ֆորմատի մի հանդիպման էի, քննարկման, որից դուրս գալուց հետո ես վերստին համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանը նվեր է Ադրբեջանի իշխանությանը։ Ինձնից բացի, Հայաստանից նաև Էդմոն Մարուքյանն էր մասնակցում, բայց ես չեմ կարող ասել՝ ինչ է քննարկվել փակ ֆորմատի հանդիպմանը։ Իմ մասնակցության նպատակը հետևյալն էր՝ Ադրբեջանին ցույց տալ, որ այնպես, ինչպես խոսում են Փաշինյանի հետ, չեն կարող խոսել մեզ հետ։
- Եկե՛ք կպնենք ու հեռացնենք Փաշինյանին․մենք դա խոստացել ենք, օգնեք, որ մեր խոստումը կատարենք։
Մանրամասները՝ տեսանյութում։