
«ՀՀ իշխանությունները կարծեք շատ են հավատում այդ պայմանավորվածությունների ուժին ու հանրությանը չեն պատրաստում այլ սցենարների»․ Դավիթ Հարությունով

Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ արձանագրում են՝ հակառակ Հայաստանում առկա «խաղաղասիրական» քաղաքականությանը, Ադրբեջանը շարունակում է զինվել։
Ադրբեջանի կառավարությունը նախօրեին հրապարակել է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն՝ գալիք տարի երկրի ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը դարձյալ աճելու է՝ կազմելով 5 միլիարդ 120 միլիոն ամերիկյան դոլար։ Ի դեպ, Ադրբեջանն օրերս էլ տեխնիկայի կամ զինամթերքի հերթական խմբաքանակն է ստացել․ «Silk Way» ավիաընկերության թռիչքներն ու նախկինում կնքված ռազմական պայմանագրերն են այս մասին վկայում։
Նկատենք՝ սրանք զուգահեռ Հայաստանի իշխանություններին՝ ասում են, թե ռազմական բյուջեի շեշտակի ավելացում այլևս անհրաժեշտ չէ, քանի որ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով այս իրողությունների պայմաններում Հայաստանի իշխանությունների խաղաղության մասին հայտարարություններին ու դրան ուղղված գերջանքերին՝ նկատեց․ «Խաղաղության մասին հայտարարություններն այս պահին առանձնապես այլընտրանք չունեն, որովհետև, հակառակ դեպքում, պետք է պատրաստվել պատերազմին, իսկ դրան Հայաստանը հիմա պատրաստ չէ։ Այստեղ ուրիշ խնդիր կա․ այդ պրոցեսին մասնակցելու հետ միաժամանակ պետք է իրատեսական գնահատել հակառակ կողմի նպատակները՝ չբացառելով նաև հնարավոր ուժային ինչ-որ սցենարները։
Հայաստանի իշխանությունները կարծեք շատ են հավատում այդ պայմանավորվածությունների ուժին ու հանրությանը չեն պատրաստում այլ սցենարների։ Մինչդեռ հասարակությունն առնվազն պիտի իրատեսական իրավիճակին տեղյակ լինի, այսինքն՝ նրան, որ չի կարելի բացառել նոր կոնֆլիկտը»։
Ամեն դեպքում, Դավիթ Հարությունովի գնահատմամբ՝ Ադրբեջանը մեղմացրել է հռետորաբանությունը, սակայն չի դադարում ընկալել ուժային մեխանիզմը, բանակը՝ որպես հիմնական լծակ։
Քաղաքագետը սակայն նկատեց, որ Ադրբեջանի ռազմականացումը չպետք է դիտարկել միայն Հայաստանի հետ հիմնախնդրի համատեքստում։
«Իրենք, ինչպես տեսնում եք, հավակնում են, որ պիտի գերիշխեն մեր տարածաշրջանում, ինչը հակասություններ է առաջացնում նաև Իրանի, Ռուսաստանի հետ»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է վաշինգտոնյան համաձայնագրին, տեքստում առկա՝ խտրականությանը, ազգային ատելությանն առնչվող պայմանավորվածությունների կատարմանը, ապա, ըստ Դավիթ Հարությունովի, Հայաստանը չի ունենալու ռեսուրս, որ ստիպի Ադրբեջանին հրաժարվել ինչ-ինչ մոտեցումներից կամ հակահայկական քարոզչությունից, ինչն, ըստ նրա, բխում է Հայաստանի ոչ ուժեղ դիրքերից։ Հենց սրանով է նա պայմանավորում նաև ՀՀ իշխանության վարքը։
«Ընդհանրապես պարտադիր չէ, որ քարոզչությունը և պատերազմին պատրաստվելը նույն բանը լինի․ երկիրը կարող է ելնելով իր թուլությունից՝ գնալ քարոզչական ինչ-որ զիջումների, բայցև ռեալ պատրաստվի պոտենցիալ կոնֆլիկտի, ու դա զսպիչ դեր խաղա։ Ես չեմ կարծում, սակայն, որ մեր դեպքում դա է տեղի ունենում։ Ես չեմ կարող ասել՝ իրենք ընդհանրապես չեն պատրաստվում, սակայն այդ հարցով վճռականություն չեմ տեսնում։
Իրենց հայտարարություններից ավելի շատ զգացվում է, որ իրենք շատ են հավատում ու շատ են վստահում հնարավոր պայմանագրային երաշխիքներին, կամ ինչ-որ միջազգային միջամտությանը, և այլն։ Սա լուրջ խնդիր է, որովհետև բոլոր այդ տիպի երաշխիքները հիմա աշխարհում ճգնաժամի մեջ են։ Մենք տեսնում ենք, օրինակ՝ ուկրաինական կոնֆլիկտը, երբ երաշխիքներ գոյություն ունեին, բայց չգործեցին»,- ամփոփեց Դավիթ Հարությունովը՝ նկատելով, որ պետք է հասարակության հետ ավելի անկեղծ լինել։